կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 15:26
Տարածաշրջան

Թուրքիան Եվրոպայից հետ է ընդունել 801 անօրինական փախստականի

Թուրքիան Եվրոպայից հետ է ընդունել 801 անօրինական փախստականի

2016թ. ապրիլի 4-ից ուժի մեջ էր մտել փախստականների անօրինական ներհոսքի կանխարգելման նպատակով Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև կնքված պայմանագիրը: Թուրքական Hürriyet լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայմանագրի շրջանակներում մինչ օրս Թուրքիան հետ է ընդունել 801 անօրինական փախստականի, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան էին անցել 2016թ. մարտի 20-ից հետո:

Ըստ Ermenihaber-ի՝ դրա դիմաց ԵՄ երկրներն իրենց հերթին օրինական ճանապարհով Թուրքիայից ընդունել են 2672 սիրիացի գաղթականի: Ընդ որում` մասնավորապես Գերմանիան ընդունել է 1.060, Ֆրանսիան՝ 438, Նիդերլանդները՝ 409 փախստականի:

Նշենք, որ վերոնշյալ պայմանագրով Թուրքիան պարտավորվել է հետ ընդունել 2016թ. մարտի 20-ից հետո իր տարածքով Եվրոպա մուտք գործած բոլոր անօրինական գաղթականներին: Իսկ ԵՄ երկրները պարտավորվել են օրինական ճանապարհով ընդունել ճիշտ նույնքան փախստականների, որքան անօրինական փախստականներ կարտահանձնվեն Թուրքիային: Նրանց թիվը, սակայն, սկզբնական շրջանում չպետք է գերազանցի 72.000-ը: Ընդ որում` արտահանձնվող փախստականների ճանապարհային բոլոր ծախսերը պետք է հոգա Եվրամիությունը: