կարևոր
3670 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-14 18:38
Հասարակություն

Միտում կա շարժման առաջնորդներին մեկուսացնելու հող նախապատրաստելու և «զանգվածային անկարգությունների կազմակերպչի» հոդվածով հետապնդում իրականացնելու․ փաստաբան

Միտում կա շարժման առաջնորդներին մեկուսացնելու հող նախապատրաստելու և «զանգվածային անկարգությունների կազմակերպչի» հոդվածով հետապնդում իրականացնելու․ փաստաբան

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ոստիկանության հետ բախումների ընթացքում այս պահին ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 27 անձանց դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Նրանք գտնվում են չորս ՁՊՎ-ներում՝ Մասիսի, Աշտարակ, Երևան, Աբովյան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի մոտ, բախումներ են տեղի ունեցել, որի ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ, ասել է թե՝ բռնություն է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, ինչի հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ քաղաքացիներից մեկը կիրառված հատուկ միջոցների հետևանքով կորցրել է դաստակը։ Տուժել են նաև շուրջ մեկ տասնյակ լրագրողներ և օպերատորներ, վնասվել է ԶԼՄ-ներին պատկանող գույքը։

Կատարված բռնություններն անմիջապես պաշտպանել է Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ իրավապահ մարմինները ուժ կիրառելու իրավունք ունեն եւ նրանք դրա համար չեն կարող պատասխանատվության ենթարկվել, թեեւ ՀՀ օրենսդրության մեջ չկա որեւէ ձեւակերպում, որը թույլ տալիս ոստիկանին բռնություն կիրառել ու 20-30 հոգով ծեծել անձին, հայհոյել։ Ինչեւ, Փաշինյանի՝ օրենքից չբխող մեկնաբանությունից հետո, ՀՀ քննչական կոմիտեն շտապեց հաղորդագրություն տարածել՝ տեղի ունեցած բախումների մեջ, փաստացի, մեղադրելով քաղաքացիներին։

«2024թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և նրանց ուղղությամբ տարբեր առարկաներ նետելով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Հաղորդագրության մեջ իրավիճակի լարման պատճառը ներկայացված էր մեղադրական կոնտեքստով՝ ուղղված հավաքի մասնակիցներին, որևէ խոսք չկար ոստիկանական ուժերի պահվածքի մասին, չնայած նաև նշված էր, որ ուսումնասիրվում են դեպքի վայրում իրականացվող տեսանկարահանումների տեսագրությունները»։

Նկատենք, որ նույն տեսագրություններում բազմաթիվ կադրեր կան, երբ ոստիկանները խուլիգանների նման ծեծում են քաղաքացիներին՝ ոտքերով հարվածելով նրանց ընկած վիճակում։

Քրեական վարույթի շրջանակներում ի սկզբանե ձերբակալվել էր 30 անձ, այժմ՝ ձերբակալվածները 27-ն են՝ 72-ժամյա ռեժիմով։ Սերգեյ Հարությունյանը, սակայն, նոր «տենդենց» է նկատում, մասնավորապես, ՔԿ-ն նոր մարտավարություն է ձեռք բերել՝ 72-ժամյա ձերբակալման համար նախատեսված ժամանակահատվածը դարձնելով 96 ժամ։ Մասնավորապես, 72-ժամյա ձերբակալման դեպքում 60 ժամը նախատեսված է անձին մեղադրանք ներկայացնելու և կալանքի միջնորդություն ներկայացնելու համար, 12 ժամն էլ դատարանում միջնորդության քննության և որոշման հրապարակման համար է, եթե 60 ժամվա ընթացքում միջնորդություն չի ներկայացվում, ապա անձը 72 ժամը լրանալուց հետո ազատ է արձակվում, սակայն նոր «տենդենցներով» այժմ դա չի իրականացվում, 72 ժամը լրանալուց հետո անձն ազատ է արձակվում, ինչից հետո կրկին 24-ժամյա ռեժիմով են ձերբակալում՝ դատարան ներկայացնելու համար։
«Ստացվում է՝ 72 ժամը դառնում է 96 ժամ։ Նպատակը՝ ժամը երկարացնելն է, ֆիզիկապես չհասցնելը։ Եղել է նաև դեպք, որ անձը 72 ժամը լրանալուց հետո դուրս է եկել, անմիջապես հրավիրել են ներս և ձերբակալել 24-ժամյա ռեժիմով՝ բոլորովին այլ քրեական գործով»,- ասաց փաստաբանը։

Քաղաքացիները, ինչպես արդեն նշվեց, ձերբակալված են «զանգվածային անկարգություններ»-ի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում, ինչը փաստաբան Սերգեյ Հարությունյանն աբսուրդային է գնահատում՝ ընդգծելով, որ որևէ զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել սադրանք, ինչի հետևանքով լարված մթնոլորտ, այնուհետև, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում, նմանատիպ ակցիայի հետ անհամատեղելի հատուկ միջոցների կիրառում։

«Ընդ որում, դա այն դեպքում, երբ այդտեղ կային փոքրահասակ երեխաներ, կանայք, մեծահասակներ, սայլակավոր հաշմանդամներ։ Ընդհանրապես արդարացված չէր հատուկ միջոցները։ Այն դեպքում նաև, որ մի թեթև այդ լարվածությունը, եթե դեպի այգի մոտ մտնող հատվածում էր, ընդ որում, տպավորությունն այն էր, թե այդտեղ բախում է, բայց տեսանյութերը նայելիս տեսնում ենք, որ ընդամենը կարմիրբերետավորները գողանում են քաղաքացիներին՝ հեռացնելով վահաններից այն կողմ, որտեղ սկսում էին բռնություն գործադրել նրանց նկատմամբ, նմանատիպ դեպք է եղել նաև Աբրահամ Գասպարյանի և այլ անձանց հետ, բայց հատուկ միջոցները կիրառում էին ոչ թե այդ հատվածում, այլ՝ լրագրողների մոտակայքում, հավաքվածների միջնամասում, Դեմիրճյանի մյուս կողմում, որտեղ ընդամենը դիտորդի կարգավիճակում կանգնած են մեծահասակներ և կանայք»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ հատուկ միջոցները կիրառվել են կանոնների խախտմամբ․ «Պատճառաբանում են, որ ձեռքը կտրված քաղաքացին ինքն է վերցրել, դրա համար է պայթել, բայց նույն տրամաբանությամբ դա կարող էր ընկնել երեխայի սայլակի մեջ, որևէ քաղաքացու գլխին և պայթեր»։
Նշենք, որ սույն վարույթով ՔԿ կողմից հրապարակվել է տեսանյութ, համաձայն որի՝ 40 անձ արդեն նույնականացվել է, սակայն «օղակներով» առանձնացվել էր Բագրատ Սրբազանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը։ Հարցին՝ արդյո՞ք սա միտում չունի՝ շարժման լիդերներին մեկուսացնելու նպատակով հող նախապատրաստելու, Սերգեյ Հարությունյանն արձագանքեց՝ նշելով․ «Միանշանակ միտում է։ Իրենք դա առաջին անգամ փորձեցին անել ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցած դեպքերի օրը՝ զանգվածային անկարգություններ հոդվածով վարույթ նախաձեռնելով, որ բերեն անկարգությունների կազմակերպիչի հոդվածով հետապնդում իրականացնեն շարժման առաջնորդի նկատմամբ՝ Սրբազանի դեմ գործ հարուցվի»։ Փաստաբանի դիտարկմամբ՝ նախորդ անգամ չստացվեց, այս անգամ էլ փորձում են այդ տեսանյութով հող նախապատրաստել։

«Գիտեք, այս դարում միայն մասնագետը, փորձագետը ուշադիր կնայի տեսանյութը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, բայց այդ ինֆորմացիայով ազդեցություն են գործում, հող են նախապատրաստում՝ սովորական քաղաքացիների համար, որոնք ուղղակի կնայեն, կտեսնեն օղակներ, բայց որ նայում ես այդ օղակներում՝ ոչինչ չկա։ Օրինակ, +35 աստիճան շոգ է, մարդկանց ձեռքերում ջրի շիշ է, բայց իրենք օղակով ֆիքսում են, որ անձի ձեռքին շիշ կա կամ որևէ մեկը դիմացը կանգնած քաղաքացուն մի փոքր առաջ է հրում, որ նեղվածքը հաղթահարի, բայց ներկայացվում է այնպես, որ հրում են, որ դիմացինն էլ ոստիկանին հրի։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, ապա այնտեղ պարզ է, որ ոչինչ չկա։ Սա զանգվածային անկարգություն չէ։ «Զանգվածային անկարգություն»-ը ենթադրում է՝ շենքեր մուտք գործել, ջարդել, ավիրել, մեքենա կոտրել, այրել։ Այստեղ նման բան չկա, այստեղ կա՝ ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց և ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում և հատուկ միջոցների օգտագործում, որի իրավունքը չունեին այդ պահին, ընդ որում, օգտագործել են այնպիսի հատուկ միջոցներ, որոնք պրակտիկայում կիրառվում են ահաբեկիչներին վնասազերծելու, ոչ թե՝ խաղաղ բնակիչներին ցրելու համար»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ եթե նպատակը լիներ բնակչությանը ցրելը, ապա շատ ավելի ընդունելի կլիներ ջրցան մեքենան կամ ոստիկանական ուժի՝ վահաններով քայլ առ քայլ առաջ գալը, քան՝ այնպիսի հատուկ միջոցի կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են տուժել։ Մասնավորապես, 101 անձ է դիմել բուժհաստատություն, 16 անձ միայն դեպքի վայրից է հոսպիտալացվել, մի շարք քաղաքացիներ պարզապես չեն ցանկացել դիմել բուժհաստատություն՝ շարունակելով պայքարը։

«Մենք այդ օրը զոհ չունենք՝ բարեբախտաբար, պարզապես՝ պատահականությամբ, որովհետև այդ ձեռքը պոկվելու հատվածում,եթե մոտակայքում կանգնած լիներ, դեմքին էր կպնելու, ապա պարզ է, թե դեմքին կպնելու դեպքում այդ պայթյունի ալիքից ինչ վնասվածքներ կլիներ՝ աչքի կամ գլխի, եթե ձեռք է պոկվել։ Ես կանգնած եմ եղել այդ պահին մեջտեղում՝ բեմի մոտ, մեր մոտակայքում հատուկ միջոց էր պայթել, այդտեղ եղել են կանայք, մի փոքր այն կողմ՝ սայլակավոր հաշմանդամ էր, կարո՞ղ էր, չէ՞ այդ հատուկ միջոցն ընկնել սայլակավոր հաշմանդամություն ունեցող անձի վրա»,- նշեց նա։

Դիտարկմանը, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ, երբ իրապես զանգվածային անկարգություններ էին՝ այս դեպքերի հետ անհամեմատ մասշտաբներով, սակայն տուժել է գրեթե նույնքան տուժած, բարեբախտաբար՝ այս անգամ զոհեր չեն եղել, սակայն այն ժամանակ ևս հատուկ միջոցները կիրառվել են՝ անմիջապես քաղաքացիների ուղղությամբ, Հարությունյանը նշեց՝ խնդիրը շատ ավելի խորն է, քանի որ «Մարտի 1»-ին կար այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ցուցում, վերջինս հայտարարում էր, թե ինչպես է իր հոգին փառավորվում, հորդորում է քաղաքացիներին զինվել ինքնապաշտպանության համար երկաթներով, ձողերով, նման առարկաներով, մինչդեռ, այս դեպքում որևէ նման բան չի եղել։

«Ցավը հենց դրանում է, որ 16 տարի այս մարդիկ «Մարտի 1» ասելով եկան իշխանության և այն մարդիկ, որոնք իբր թե դատապարտում էին, այսօր հրաման են տալիս, որ ժողովրդի նկատմամբ կիրառեն հատուկ միջոց։ Ընդ որում, եթե մարտի 1-ի ժամանակահատվածում եղել են մարդիկ, որոնց դեպքում կարելի էր կիրառել նմանատիպ հատուկ միջոց, որովհետև տեսել ենք կադրեր, որ 50-ից ավել անձ հարձակվում են ոստիկանի վրա ու դանակահարում են, այդ դեպքում ոստիկանությունը կարող էր հատուկ միջոց կիրառել, ընդհուպ՝ զենք կիրառել, բայց չի կիրառվել։ Այ դա է զանգվածային անկարգությունը, երբ վառվում էին մեքենաներ, թալանում էին խանութներ, վառվող նյութեր էին շպրտում ոստիկանների ուղղությամբ։ Այդ դեպքում արդարացված էր, բայց այս դեպքում երբ խաղաղ բնակչությունը կանգնած է միջնամասում, ծայրամասում է միջոցառման, բայց կիրառվում է հատուկ միջոց, դա արդարացված չէ»,- ասաց Հարությունյանը։

Աղբյուր` Փաստինֆո