կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-03 19:47
Իրավական

Նոր մանրամասներ՝ հուլիսի 29-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով քրգործից

Նոր մանրամասներ՝ հուլիսի 29-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով քրգործից

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով հուլիսի 29-ին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել քաղաքացի Վ.Ղումաշյանը և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, ով հրաժարվել է ցուցմունք տալ։ Նախնական տվյալների հիման վրա՝ 2016թ. օգոստոսի 1-ին նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և առաջարկվել ցուցմունք տալ, հայտնել իր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է։

Քրեական գործով շարունակվել են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու համար, և նախաքննության ընթացքում Վ.Ղումաշյանը  ցանկություն է հայտնել ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի շուրջ։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել մեղադրանքի հիմքում դրված  հանգամանքների վերաբերյալ,  ներկայացրել իրեն վերագրվող հանցանքի մեջ իր մասնակցությունը բացառող, այլուրեքությունը հաստատող հանգամանքներ։

Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ ստուգելու Վ.Ղումաշյանի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները, հարցաքննել նաև նրա  կողմից վկայակոչված անձանց, ովքեր հաստատել են նրա ցուցմունքներում նշված տվյալները։

Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: