կարևոր
3364 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-07 17:22
Հասարակություն

Դիարբեքիրի (Տիգրանակերտ) 509-ամյա հայկական եկեղեցի Սուրբ Սարգիսը փրկելու կոչ

Գաֆուր Թուրքայ անունը դատարանի որոշմամբ փոխած և Օհաննես Օհանյան անունը կրող Դիարբեքիրի (Տիգրանակերտ-Ակունքի խմբ․) Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի փոխնախագահ Օհանյանի հետ զրուցեցինք Դիարբեքիրի հայերի անցյալ և ներկա խնդիրների, նրանց եկեղեցիների և հայրենի քաղաքի մասին։

Ֆարուք Բալըքչը

 

Ուշագրավ մեկնաբանություններով հանդես եկած Օհանյանը հայտնեց, որ առաջին սերնդի հայերը չեն հետաքրքրվել իրենց արմատներով, երկրորդ սերնդինը՝ շատ քիչ են հետաքրքրվել, իսկ իրապես հետաքրքրվածները եղել են երրորդ և չորրորդ սերունդները։ Ստորև ներկայացնում ենք Օհանյանին ուղղված մեր հարցերն ու նրա պատասխանները

-Աբդուլգաֆուր Թուրքայն ինչպե՞ս է Օհանյան դարձել։

-Ես մուսուլման եղած ժամանակ էլ գիտեի, որ հայ եմ։ Նախ մկրտվեցի։ Ապա անունս փոխեցի։ Ընդհանրապես Թուրքիայում ապրող բոլոր հայերը իսլամացված են, սակայն իրենց մկրտության անուններն էլ ունեն։ Թուրքիայում ներկա պահին 60-80 հազար հայ (քրիստոնյա հայերին նկատի ունի-Ակունքի խմբ․) է ապրում։ 5 տարի առաջ, երբ ինքնությանս վկայականում անունս Աբդուլգաֆուր Թուրքայ էր, դիմեցի դատարան և դատական որոշմամբ դարձա Օհաննես Գաֆուր Օհանյան։ Մենք ընտանյոք հանդերձ գիտեինք, որ հայ ենք։ Մեր գերդաստանից ոմանք ձուլման գործընթացում ավելի շատ էին իսլամացվել։ 1915 թ․ փրկված հայ երեխաներին նախ մեդրեսեի (իսլամական ուսումնական հաստատություն-Ակունքի խմբ․) կրթություն են մատուցել։ Դա հատուկ քաղաքականություն էր։ Ոմանք էլ ամաչում են ասել, որ հայ են։ Սակայն բոլորը տեղյակ են, թե ով ինչ ազգություն ունի։ Ընտանիքս երեք սերունդ առաջ էր իսլամացվել։

ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ 13 ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ 4-Ն ԵՆ ՄՆԱՑԵԼ

 -Քանի՞ հայկական եկեղեցի կա Դիարբեքիրում։

-1915 թ․ հետո Դիարբեքիրում 13 հայկական եկեղեցի կար։ Ներկա պահին 4-ն են մնացել։ Այստեղի Հայ բողոքական և Հայ կաթոլիկ եկեղեցիների սեփականության վկայականը պատկանում է Հիմնադրամների ընդհանուր տնօրինությանը։ Հայ բողոքական եկեղեցին օգտագործվում է որպես արհեստանոց, իսկ Հայ կաթոլիկը վարձված է համալսարանի կողմից․ այն օգտագործվում է որպես գրադարան։ Նրանք չեն գործում որպես եկեղեցիներ։ Սակայն կան Սուրբ Կիրակոս և Սուրբ Սարգիս եկեղեցիները, որոնք պատկանում են հայկական հիմնադրամին։ Սուրբ Կիրակոսը 2 անգամ վերանորոգվել է։ Նրա առաջին վերանորոգումն սկսվել է 2008 թ․, որն ավարտվել է 2012 թ․։ 2012 թ․ կատարեցինք նրա վերաբացումը՝ 5 հազար հոգու մասնակցությամբ։ 2015 թ․ Սուրում սկսված բախումների ժամանակ եկեղեցին վնաս էր կրել և 7 տարի փակ էր։ Այն վերստին նորոգեցինք Շրջակա միջավայրի և քաղաքաշինության վարչության հատկացրած գումարներով։ Սուրբ Կիրակոսը վերաբացվեց 2022 թ․։ 1936 թ․ հռչակագրով նմանատիպ գույքերը խլվել էին փոքրամասնությունների հիմնադրամներից։ Միայն նրանց սեփականության վկայականներն էին մնացել։

 «ԱԽՈՌ Է ԴԱՐՁԵԼ, ՔԱՐԵՐՈՎ ՏՈՒՆ ԵՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՄԶԿԻԹԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ»

 -Նշեցիք, որ 1915 թ հայերը 13 եկեղեցիներ ունեին։ Այսօր միայն 4-ն են պահպանվել։ Ի՞նչ է պատահել մնացած 9 եկեղեցուն։

 -1915 թ․ Թուրքիայում շուրջ 2 հազար հայկական եկեղեցիներ կային։ Նրանք բոլորն էլ ավիրվեցին։ Մզկիթի վերածվեցին։ Որպես ախոռ օգտագործվեցին։ Նրանց քարերով տներ կառուցեցին։ 110 տարի է, որ ավիրում են, դեռ չի ավարտվել։ 1915 թ․ մարդահամարի տվյալների համաձայն՝ Դիարբեքիրի բնակչության 60 տոկոսը քրիստոնյա էր, իսկ 40-ը՝ մուսուլման։ 60 տոկոս քրիստոնյաների 97 տոկոսն էլ հայ էր։ Հետևաբար՝ այդ թվականին հայերը Դիարբեքիրում մեծ թիվ էին կազմում։ Սուրբ Կիրակոս եկեղեցու հսկայական լինելու պատճառն էլ էր դա՝ մեծաթիվ հայ ազգաբնակչությունը։ Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցու կառուցման իմաստը պայմանավորված էր այստեղի հայության հոծ թվաքանակով։ Սուրբ Կիրակոսը 800-ամյա եկեղեցի է։ 3 հազար մարդ միաժամանակ կարող է այստեղի պատարագին մասնակցել։ Նախքան 1915 թ․ տեղ պահելու համար մարդիկ գիշերվա ժամը 02։00-03։00-ին էին եկեղեցի գալիս և հերթ կանգնում։ Դիարբեքիրը մ․թ․ա․ 17 թ․ հայերի մայրաքաղաքն էր։ Անունն էլ Տիգրանակերտ էր։ Համայն աշխարհի հայությունը Դիարբեքիրը Տիգրանակերտ է անվանում։

 «50-60 ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅ ԵՆՔ ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ»

-Դիարբեքիրում այսօր քանի՞ հայ է ապրում։

-50-60 հոգի ենք։ Սակայն ամբողջ Թուրքիայում ընդհանուր 5 միլիոնի չափ մուսուլման դարձած կամ իսլամացված հայ կա։ Այսօր 50-60 հոգի ենք մնացել։ Դժբախտաբար, հայերի տեղահանությունից (Հայոց ցեղասպանությունից-Ակունքի խմբփրկված հայերն իսլամացվում են։ Թուրքիայում 5 միլիոնի չափ իսլամացված հայ կա։ Հետևաբար՝ Դիարբեքիրում ևս շատ կրոնափոխ հայեր կան։ Նրանք պետք է իրենց թաքցնեն։ Արդեն իսկ 110 տարի թաքցրել են, իսկ դա լուրջ գործընթաց է եղել։ Սակայն շրջապատում բոլորը գիտեն, թե ով է հայազգի։ Երեխաներս չորրորդ սերունդն են։ Այս սերունդն սկսել է հետաքրքրվել իր արմատներով։

-Հայերը երրորդ սերնդից հետո՞ սկսեցին իրենց ինքնությանը վերադառնալ։

-Առաջին սերունդը չհասկացավ, երկրորդ սերունդն առանձնապես չգիտակցեց։ Երրորդ սերունդն սկսեց հետաքրքրվել։ Իսկ չորրորդ սերունդն ավելի շատ սկսեց հետաքրքրվել։

Ես այսպես եմ մեկնաբանում․ առաջին սերունդը չհասկացավ, փրկվածներն էլ իսլամացվեցին։ Նրանք չհետաքրքրվեցին այդ հարցով։ Երկրորդ սերունդը շատ քիչ հետաքրքրվեց։ Սակայն իրական հետաքրքրությունը առաջացավ երրորդ և չորրորդ սերունդների մոտ․ ովքեր հարցրեցին՝ ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք։ Քուրդ չենք, արաբ չենք։ Դա ոչ թե քաղաքական, այլ՝ անմեղ հետաքրքրություն է։ «Ես ո՞վ եմ»,-ասում է նա և հետաքրքրություն ցուցաբերելով՝ ճանաչում իր հայկական ինքնությունը։ Իրավացի և անմեղ հետաքրքրություն է։ 4 երեխա ունեմ։ 90-ականներին ցանկացա նրանց հայկական անուններ դնել, սակայն պետական մարմինները թույլ չտվեցին։ Իմ բոլոր երեխաները թե՛ մուսուլման են և թե՛ մկրտության անուններ ունեն։ Մեր Օհանյան ազգանունն արդեն 150 տարեկան է։ 3 զավակներս Թուրքայ ազգանունն են կրում, բայց բոլոր թոռներիս անունները հայկական են։ 18 տարեկանից հետո սեփական ցանկությամբ կարող են իրենց ազգանունը փոխել։

«ԿՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԳԱԼԻՍ Է ԴԻԱՐԲԵՔԻՐ»

-Որպես հիմնադրամ՝ նոր նախագծեր ունե՞ք։

-Ավերակ դարձած Սուրբ Սարգիս եկեղեցին կարոտ է վերանորոգման։ Նվիրատվություններ ենք հավաքելու։ Հունիսի 26-ին Կ․Պոլսո Հայոց պատրիարքի օրհնությամբ սկսելու ենք վերանորոգումը։ Մեր Սուրբ Սարգիս եկեղեցին քանդվում է։ Արդեն մի քանի տարի է, որ աշխատանքներ ենք անում այդ ուղղությամբ։ Նախկին նահանգապետից կարողացանք Հուշարձանների խորհրդի նախագիծը կորզել։ Ներկա պահին ֆինանսական աշխատանքներ ենք կատարում։ 25 օր առաջ դիմեցինք Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը։ 5 միլիոնի չափով գումար հատկացվեց։ Հունիսի 26-ին Կ․Պոլսո Հայոց պատրիարքը կգա, և նրա օրհնությամբ կսկսենք վերականգնումը։ Կոչ եմ ուղղում այս քաղաքը սիրող յուրաքանչյուր մարդու՝ գործարարից մինչև հասարակ քաղաքացի․ նախատեսվում է Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգումը։ Նախագծի գումարը կազմում է 60-70 միլիոն թուրքական լիրա։ Ներկա պահին նախարարությունը հատկացրել է 5 միլիոնը։ Մենք եկեղեցին վերականգնելու ենք Թուրքիայի բնակչությունից և համայն հայությունից հավաքված նվիրատվությունների գումարներով։ Ակնկալում ենք ձեր բոլորի ներդրումը։ Մամուլի միջոցով կհրապարակենք նաև մեր հաշվեհամարը։ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին ևս նման աջակցությամբ վերականգնեցինք։ Այն ժամանակ 5 թուրքական լիրայից մինչև 100 հազար դոլար նվիրատվություններ գրանցվեցին։ Այժմ Սուրբ Կիրակոս են այցելում օրեկան 1500-2000 հոգի։ Այն ճանաչված եկեղեցի է։ Կարիք էլ չունի, որ պետությունը այն ներկայացնի։ Հետևաբար՝ հարկ է, որ Սուրբ Սարգսի վերականգնմանը ևս տեր կանգնեն բոլոր նրանք, ովքեր ասում են՝ դիարբեքիրցի եմ։ Այն դեպքում, երբ 2007 թ․ անգամ շրջապատի մարդիկ չէին մտնում Սուրբ Կիրակոս եկեղեցի, 2012 թ․ վերականգնվելուց հետո այս եկեղեցին մեծ նպաստ է բերել զբոսաշրջության զարգացմանը։ Միայն հայերը չէ, որ պետք է ստանձնեն այս գործը։ Մենք տնտեսապես էլ ի վիճակի չենք դա անելու։ Եկեղեցու վերանորոգման հարցում ձեր բոլորից ենք աջակցություն ակնկալում։ Օգնություն հավաքելով՝ իրականացնելու ենք այս նախագիծը։  

https://www.guneydoguekspres.com/diyarbakirda-509-yillik-kiliseyi-kurtarma-seferberligi?s=08&fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR2fSgJ-no5dV2URRdbhuelR3eUfS96v8Yfb_vfNdcZMHRvm1njqYLT_O5I_aem_AQhCE7PdWF0NDc7pnXaujBftkq8L9wuppVI5TqcjtxhczkFje60tigOvqXvNV2hV8R_5thcaYTXgmnVd0vZOqWd6

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net