Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Արարատյան Հայրապետական թեմի կայքում նշվում է, որ Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը:
«Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:
Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին:
Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:
Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է», - նշվում է Արարատյան Հայրապետական թեմի կայքում: