Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է․
«Այսօր Բագրատ Սրբազանը հանդիպման է հրավիրել քաղաքական կուսակցություններին:
Այնպես չի, որ այդ հանդիպումը հարթ է անցնելու:
Հիմա, երբ Բագրատ Սրբազանին հաջողվել է հասարակության լայն շերտերի համախմբում առաջացնել իր շուրջը, քաղաքական տարբեր կուսակցություններ ու խմբավորումներ փորձելու են շարժմանը միանալու համար իրենց նախապայմանները ներկայացնել:
Օրինակ Էդմոն Մարուքյանն արդեն պայման է դրել, որ Բագրատ Սրբազանը պիտի հայտարարի, որ բացառվում է նախկին որևէ պաշտոնատարի վերադարձը:
Դա ի դեպ, նույնն էր ինչ շարունակ հայտարարել է նաև ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր Պետրոսյանը:
Դոկ (Վարդան Ղուկասյան) կոչեցյալն էլ այս օրերին դժբախտաբար քաղաքական գործոն է դարձել ու իր պայմաններն է ներկայացնում (թե ովքեր են Դոկին ու նրա կուսակցության համար լայքեր ու դիտումներ հավաքում դժվար չէ հասկանալ նկատի առնելով նրա լայվերը լայքողների քաղաքական անցյալն ու ներկա կախվածությունը):
Այս ամենի ֆոնին մի քանի օր առաջ հրապարակվեց «Գելլափ»-ի հերթական սոցհարցումը, որը թեև առաջին հայացքից կարող է հերթական պարզ սոցհարցում համարվել, բայց զեկույցի մասնագիտական ուսումնասիրությունը մեզ այլ տեղ է տանում ու լուրջ կասկածներ է առաջացնում սոցհարցման արդյունքների ճշգրտության մասին:
Հիշյալ սոցհարցման արդյունքներն ինչո՞ւ են կարևոր: Պատասխանը շատ պարզ է: Քանի որ դրանք կարող են քաղաքական կուսակցությունների կողմից ինչ-որ նախապայմանների թելադրման հիմք հանդիսանալ:
Առայժմ հեռու մնալով սոցհարցման բուն նպատակների մասին գնահատականներից կբավարարվեմ մի քանի պարզ հարցադրումներով ու դիտարկումներով:
Իմ ուշադրության կենտրոնում են գտնվում հատկապես երկու հարցումները. «Ո՞ւմ եք տեսնում անցումային կառավարության ղեկավար-ՀՀ վարչապետ» և «Եթե հաջորդ կիրակի լինեն ընտրություններ ո՞ր կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին կտաք ձեր ձայնը»:
Առաջին հարցման կապակցությամբ ինձ համար շարունակում է հարց մնալ ի՞նչ հիմունքով է Վարդան Ղուկասյան (Դոկ) անունը խցկվել վարչապետի թեկնածուների ցուցակում: Բագրատ Սրբազանի նման Դոկն էլ վարչապետության համար սահմանադրական արգելք ունի (վերջին չորս տարիների մշտական բնակություն Հայաստանում), սակայն ի տարբերություն Բագրատ Սրբազանի ով շարժման առաջնորդն է եղել ու գուցե հնարավոր լինի նրա համար ժողովրդի պահանջով բացառություն անել, Դոկի պարագային նման հնարավորություն ընդհանրապես գոյություն չունի: Եթե ցուցանիշը վերջին ընտրություններում Երևանում հավաքած ձայներն են, ապա նրանից առաջ կանգնած են Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը, որոնցից առանվազն առաջինը նման հավակնություններ հաստատ ունի: Օրինակ ինչո՞ւ այս ցուցակում չկա Արմեն Աշոտյանի անունը, որի թեկնածության շուրջ միշտ էլ խոսակցություններ եղել են: Դոկի անվան հայտնվելն այս ցուցակում կարող է միայն մեկ նպատակ ունենալ: Բագրատ Սրբազանից ու Ռոբերտ Քոչարյանից հետո նրա համար ապահովել երրորդ հորիզոնականը (2,2 տոկոս) ինչը նրան սակարկության ու պայմաններ թելադրելու բացառիկ հնարավորություն է տալիս: Իսկ նկատի առնելով վերջինիս լկտիությունը դժվար թե այդ առիթը բաց թողնի:
Անցնենք երկրորդ հարցմանը, որն իր կառույցով շատ ավելի կասկածելի է թվում:
Ի՞նչ հիմունքով են ընտրվել հարցվողների առջև դրված ընտրության տարբերակները: Ինչո՞ւ «Հայաստան դաշինք»-ն ու ՀՅԴ-ն ներկայացվել են առանձնապես, ինչը նրանց տոկոսների բաշխման պատճառ է դարձել, բայց օրինակ «Պատիվ ունեմ»-ի և ՀՀԿ-ի կամ Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի դեպքում դա տեղի չի ունեցել: Ի՞նչ հիմունքով է այդ ցուցակում մտցվել ԴՕԿ կուսակցությունը (կրկին Վարդան Ղուկասյան): Եթե հիմնավորումը եղել է Երևանի ավագանու ընտրություններում Դոկ-ի կուսակցության շահած ձայները, ապա ինչո՞ւ ներկայացված չեն Դոկի կուսակցությունից ավելի շատ ձայներ շահած «Ազգային առաջընթաց»-ն ու «Մայր Հայաստան» դաշինքը: Իսկ եթե հիմքը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ապա այդ ընտրությունների ժամանակ Դոկն ընդհանրապես քաղաքական դաշտում ներկայացված չի եղել: Փոխարենը եղել են հինգերորդ տեղը զբաղեցրած Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ն, Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը, որոնց անունները չկան ժողովրդի ընտրության տարբերակների ցուցակում: Կամ չգիտես որտեղից ցուցակում հայտնվել է Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, բայց օրինակ անտեսվել է Հայ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը:
«Գելլափ»-ի նման աճպարարության արդյունքում ՔՊ-ն ստացել է 12,8 տոկոս, իսկ Բագրատ Սրբազանի շուրջ հնարավոր դաշինքին բաժին է հասել 3,9 տոկոս, «Հայաստան» դաշինքին 3,5 տոկոս, իսկ կրկին ԴՕԿ-ին (Վարդան Ղուկասկան) 2,1 տոկոս: Սա ի տես այն բանի, որ եթե հառաջիկա կիրակի օրը տեղի ունենան ընտրություններ «Հայաստան» դաշինքը, ՀՅԴ-ն ու Սուրեն Պետրոսյանի կուսակցությունը հաստատ կանգնելու են Բագրատ Սրբազանի կողքին ու այդ դեպքում Սրբազանի շուրջ դաշինքի ձայնը կլինի ոչ թե 3,9, այլ առնվազն 8,3 (չհաշված ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու Արման Թաթոյանի հնարավոր ձայները):
Երկու հարցումների դեպքում էլ ընտրության տարբերակների վարպետորեն մշակման արդյունքում ԴՕԿ-ը (Վարդան Ղուկասյան) ստացել է սակարկության համար բավարար ձայներ, միևնույն ժամանակ Բագրատ Սրբազանի տոկոսները իջեցվելով բաժին են հասել նրա անվան հետ զուգահեռաբար բերված անձանց ու քաղաքական կուսակցություններին ու դաշինքներին: Արդյունքում, երկու դեպքում էլ միանգամից խիստ աճել են չկողմնորոշված կամ ոչ մեկին չհամակրող անձանց տոկոսները, որոնք բնականաբար սակարկությունների ժամանակ չարաշահվելու են ի վնաս «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավարների:
Իսկ թե ինչո՞ւ ստվերում կանգնած քաղաքական որոշ խմբերի կողմից մտածված կերպով առաջ են մղվում ԴՕԿ-ն ու Վարդան Ղուկասյանը դժվար չէ գուշակել: Դոկը հրապարակում գտնվող քաղաքական գործիչների մեջ միակ լկտին է, ով ունի իր և մյուսների պահանջները բաց կերպով ներկայացնելու և մերժվելու դեպքում էլ շարժմանն իր խեղկատակությամբ վարկաբեկելու սպառնալիքներ կարդալու համարձակություն:
Առայժմ այսքանը:
Սպասենք այսօրվա հանդիպման արդյունքներին:
Եթե հարկ լինի հետագային ֆեյսբուքյան լայվով առավել կմանրամասնեմ թեման»: