կարևոր
5236 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-22 19:12
Հասարակություն

Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել

Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել

Այս պահին Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ: Բնակիչները կազմակերպված են և հերթապահում են ճանապարհին, սակայն ականազերծման աշխատանքների բուն հատվածին մոտենալ չի լինում: Ոստիկանները պատ են կազմել և արգելում են քաղաքացիներին մոտենալ Ոսկերպարի եկեղեցու թիկունքում գտնվող ճանապարհի ականազերծման ենթակա հատվածին: Այս մասին 1or.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը, ով այս պահին Տավուշում է:

«Ոսկեպար-Կիրանց երկկողմանի փակ ճանապարհը մարդաշատ է: Բնակչությունը գնալով ավելանում է, մեծ քանակի մեքենաներ կան: Ոստիկաններն արգելում էին բարձրանալ Ոսկեպարի եկեղեցի, Բագրատ Սրբազանի հետ բանակցությունների արդյունքում, ոստիկանների ուղեկցությամբ բարձրացանք ուխտագնացության և հիմա նորից Կիրանցի հատվածում ենք, բնակչության կողքին: Երկրապահների մեքենայի և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջադեպից նա լուրջ վնասվածքներ չունի և այս պահին ճանապարհի այն հատվածներում է, որտեղ իրավիճակը պարբերաբար լարվում է»,- նշեց Ղազարյանը:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ բնակչությունը խճճված է: «Կարելի է նույնիսկ ասել՝ ուժասպառ: Մտածում են, որ միայն իրենք չեն կարող խնդիրը լուծել, գիտակցում են, որ սա համահայկական խնդիր է: Գյուղ-գյուղ տարբեր կեղծ խոստումներ են տվել, ոմանց նույնիսկ հավատացրել են, որ ինչ-որ բաներ կտան նրանց և այլն: Նույնիսկ ասել են, որ Ոսկեպարի ճանաարհը հետագայում սահմանազատման չի ենթարկվի: Բնակիչները չեն հավատում, բայց միևնույն ժամանակ ասում են, որ այս պահին այլ բան առաջարկող էլ չկա»,- նշեց Ղազարյանը:

Որպես պատգամավոր, Արման Ղազարյանը գտնում է, որ պետք համաժողովրդական շարժում սկսել, պայքարել, որ հանձման այս հակասահմանադրական գործընթացը կասեցվի, հարցը դրվի հանրաքվեի, և սրա համար լայն կոնսոլիդացիա է պետք: Վստահեցնում է՝ Ոսկերպարում, Կիրանցում և առհասարակ Տավուշում վճռական տրամադրված մեծ բազմություն կա, նույնիսկ կանայք ու երեխաներն են պայքարի պատրաստ: Խոսակցությունները տարբեր են, երբեմն ապատեղեկատվություններ են տարածում: Պատգամավորին անգամ չի հաջողվել սեփական աչքով տեսնել՝ արդյո՞ք ԱԱԾ-ն դադարեցրել է ականազերծման աշխատանքները Ոսկեպարում, թե՞ ոչ: Ասում է, որ ականաեսների խոսքով, այս պահին աշխատանքները դադարեցված են, ժողովուրդն էլ չի կարողանում ֆիզիկապես մոտենալ ականազերծողներին՝ սակրակավորներին, որ ասի, թե ինչո՞ւ են օգնում հայրենիքը թշնամուն հանձնելու գործին:

«Բնակիչներին ասում են, որ տարածքն ականապատ է, որ վտանգավոր է, վախի մթնոլորտ են ստեղծում, որ նրանց չհաջողվի ականազերծվող վայրերին մոտենալ: Սադրելով և ճնշելով են փորձում իրենց անօրինական, հակասահմանադրական ծրագրերն իրականացնել»,- եզրափակեց պատգամավորը:

Արման Ղազարյանի գնահատմամբ՝ լուծումը միայն համազգային կոնսոլիդացիան է և այս իշխանության հեռացումը:

Աղբյուրը՝ 1or.am

Հ.Գ. «Երկիր»։ Հիշեցնենք, որ Տավուշի մարզում լարվածության առաջացումից ի վեր «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ, որոնց թվում` Արման Ղազարյանը, Գառնիկ Դանելյանը, Քրիստինե Վարդանյանը, Մհեր Սահակյանը և այլք, գտնվում են Տավուշի մարզում և շուրջօրյա հերթապահություն իրականացնում պայքարի դուրս եկած քաղաքացիների հետ։