Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
էդվարդ Տանձիկյան
Հայր Սուքիաս Էփրիկեանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանը»՝ հրատարակված 1902-1907 թթ․, հիմնական տեղեկատու աղբյուր է 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության և նրա սահմաններից դուրս գտնվող հայկական բնակավայրերի մասին: Մեծ բացթողում էր այն փաստը, որ համապատասխան մարդկանց ու մասնագետների կողմից տեղեկատվական անգին գանձ համարվող այս աշխատությունը մինչ այսօր չէր թարգմանվել թուրքերեն կամ որևէ այլ լեզվով։ Սևան Նշանյանը բառարանը, որը հեղինակը կիսատ էր թողել, թարգմանել է թուրքերեն և փորձել լրացնել այն՝ օգտվելով անձամբ Էփրիկեանի օգտագործած աղբյուրներից։ Գիրքը հրատարակվել է «Liberus» հրատարակչության կողմից։ Նշանյանի հետ զրուցեցինք բառարանի նշանակության և նրա կատարած աշխատանքի մասին։
Հայր Սուքիաս Էփրիկեանի գիրքը շատ սահմանափակ շրջանակի էր ծանոթ։ Կարծեմ՝ այն հասել է որոշակի հատվածի և չի շարունակվել։ Ո՞րն է այս ուսումնասիրության նշանակությունը:
«Էփրիկեանի բառարանը» 1915-ի ողբերգությամբ (Հայոց ցեղասպանությամբ-Ակունքի խմբ․) փակված հայության «Ոսկեդարի» կարապի երգն է։ Սա, չնայած 20-րդ դարի շեմին բազմաթիվ դժվարությունների, դեռևս լավատեսությամբ լի մի աշխարհի աշխարհագրական և սոցիոլոգիական հաշվառումն է: Ինչքան գիտեմ, այդ դարաշրջանում նման կամ համարժեք ոչինչ չկա։ Իհարկե, հետագայում այդ ժամանակաշրջանի վերաբերյալ իրականացվեցին տասնյակ հաշվառող ուսումնասիրություններ, որոնցից ամենահայտնին Գևորգյանի և Փաբուչչյանի մոնումենտալ աշխատությունն էր։ Սրանք բոլորը գործեր են, որոնք կրում են 1915 թ․ մութ ստվերը։ Սարսափելի ողբերգության և Ցեղասպանության ժխտման արդարացված արձագանքից բխող հակասական կրքի մթնոլորտը համակել է բոլորին: Էփրիկեանի բառարանում սրանք չկան։ Այն կենդանի, դժվարություններով և հույսերով մի աշխարհ է նկարագրում:
Անկեղծ ասած, ինձ այլևս հոգնեցնում է հայոց պատմությունը միայն Ցեղասպանության ողբով սահմանափակող մտայնությունը։ Ահա թե ինչու ոգևորված եմ այս բառարանով այն օրվանից, երբ առաջին անգամ՝ 14 տարի առաջ ստացա այն: 2011-12 թթ․ մի քանի հոգու խրախուսեցի թարգմանել այս գիրքը: Սակայն չկարողացա գտնել մեկին, ով կհամարձակվեր լուծել խնդիրը թե՛ լեզվական, թե՛ բովանդակային առումով: Վերջապես գործն սկիզբ առավ: Հետզհետե սկսեցի մտածել, որ ես ինքս պետք է ստանձնեմ այս գործը։
Ի՞նչ աղբյուրներից է օգտվել Էփրիկեանը։
Էփրիկեանի բառարանը հավաքական աշխատանք է։ Կարծում եմ՝ նա երբեք չի եղել Թուրքիայում և օգտվել է հրապարակումներից, որոնք 19-րդ դարում «հայրենիքը բացահայտելու» հայ մտավորականների խանդավառության արդյունքն են։ Դրանց սկիզբն են իր պես Մխիթարյան քահանա Ղուկաս Ինճիճյանի երկու գլուխգործոցները, որոնք հրատարակվել են 1806 և 1822 թթ․՝ «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» և «Ստորագրութիւն հին Հայաստանեայց»։ Այնուհետև 1874 թ․ Ստամբուլի Կենտրոնական ազգային վարչության կողմից հրապարակված վիճակագրությունը, Մխիթարյան մեկ այլ քահանայի Ներսես Սարգսյանի շրջագայությունը և հնագրական նոթերը, Գարեգին Սրվանձտյանցի «Թորոս Ախպար» ուղեգրությունը, Մանուել Միրախորյանի 1884-86 թթ․ հրատարակված եռահատոր ուղեգրությունները, Ղևոնդ Ալիշանի 1880-1890-ականներին հրատարակված «Շիրակ», «Այրարատ» և «Սիսուան» տարածաշրջանային ուսումնասիրությունները։ Առևտրի և արդյունաբերության մասին տեղեկություններ ստանալու համար նա դիմել է ֆրանսիացի հեղինակ Վիտալ Կուինեի «La Turquie d’Asie» վեց հատորանոց վիճակագրական ժողովածուի օգնությանը, որը հրատարակվել է 1890-ականներին: Նաև լայնորեն օգտվել է ժամանակի թերթերում և ամսագրերում տպագրված հոդվածներից։
Ինպե՞ս գտաք այդ աղբյուրները։ Դժվար չէ՞ր։
Համացանցի դարաշրջանում աղբյուրներ գտնելն այնքան էլ դժվար չէ։ Կարող եք նստել Չեռնոգորիայի գյուղերից մեկում և այցելել աշխարհի բոլոր գրադարանները: Աշխատանքն սկսելու օրից Էփրիկեանի տեքստը իր աղբյուրների հետ համեմատելով եմ կարդացել։ Քանզի երբեմն փոխանցվելիս կարող է ուղղագրական և մեկնաբանման սխալներ լինել, կամ դժվար է հասկանալ, թե ինչ է նկատի ունի, եթե չգիտեք բնօրինակ տեքստի համատեքստը: Օրինակ՝ Միրախորյանը նշել է, թե «այդ գերեզմանոցը գյուղից քառորդ ժամ արևմուտք է», իսկ Էփրիկեանը մեջբերել է՝ «քառորդ ժամ դեպի արևելք»։ Հին պատմիչների տեքստերում հղումը հասկանալու համար կարող է անհրաժեշտ լինել անդրադառնալ հիմնական աղբյուրին։ Մեկի ճշմարիտ փաստը, մյուսի մեկնաբանությունն ու ենթադրությունը հասկանալու համար հնարավոր է ասեղով մեծ փոս փորելու հարկ լինի։ Այդ պատճառով բացի 19-րդ դարի անմիջական աղբյուրներից, տեքստերում հաճախակի հիշատակվող հին պատմիչներին, ինչպիսիք են Խորենացին կամ Թովմա Արծրունին կամ Թովմա Մեծոփեցին, ուսումնասիրելիս գրեթե անգիր արեցի դրանք։
Էփրիկեանը գրել է օսմանյան շրջանի բավականին հնաոճ հայերենով։ Նրա մեջբերած աղբյուրները ներկայացնում են տարբեր ոճեր՝ 19-րդ դարի սկզբից մինչև վերջ։ Երբ առաջին անգամ տարիներ առաջ անդրադարձա այս երկին, այդ լեզուն ինձ համար մի փոքր բարդ էր։ Հետո կամաց-կամաց բացվեցի ու վարժվեցի։ Ամեն դեպքում մխիթարյանական կրթություն եմ ստացել։ Տարրական դպրոցս Մխիթարյանն է եղել․ այն ամենը, ինչ սովորել ես փոքր տարիքում, ինչ-որ կերպ մնում է գլխումդ: Ավելի մեծ դժվարություն ունեցա հին պատմիչների գրաբար հատվածների հետ, որովհետև մի քանի շաբաթյա գրաբարի դասերից բացի, որոնք ստացել եմ Կոլումբիայի համալսարաանում 1982 թ․ պրոֆեսոր Նինա Գարսոյանից, գրաբարի հետ չէի առնչվել: Սակայն, բարեբախտաբար, դրանցից շատերը թարգմանված են անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն, ուստի դա մեծ խնդիր չեղավ:
Մի բան էլ ավելացնեմ։ Օսմաներեն գրավոր լեզվին ծանոթ լինելը ևս շատ օգտակար եղավ։ Էփրիկեանը գրեթե երբեք թուրքերեն բառեր չի օգտագործում։ Սակայն հասկացությունները, արտահայտությունները և մտածողության օրինաչափությունները մեզ հայտնի էին 19-րդ դարի վերջի օսմանյան մշակույթից։ Ահա թե ինչու թարգմանության ընթացքում տեղ-տեղ ստիպված էի ակամա ընտրել բորբոսնած հին թուրքերեն բառեր։ Մտածեցի, որ այդկերպ ավելի լավ է արտացոլվում ասվածը:
Դուք ոչ միայն թարգմանել եք, այլև՝ հեղինակին շարունակել և ծանոթագրություններ գրել: Ինչպիսի՞ ուսումնասիրություն եք կատարել:
Էփրիկեանի ստեղծագործությունը կանգ է առնում է հայոց այբուբենի 15-րդ տառի՝ Կ–ի վերջում։ Հնարավոր է եղել տպագրել ստեղծագործության ընդամենը 1300 էջ, որը պետք է կազմեր մոտավորապես 2200 էջ։
Այդ մասին մտածեցի թարգմանությունն ավարտելուց հետո։ Հայերեն տեքստում այբբենական կարգի տրամաբանություն կա։ Թուրքերեն թարգմանելիս անիմաստ վիճակ է ստեղծվում։ Բ տառը կա, Գ տառը կա, Զ տառը կա, բայց օրինակ չկա Փ, չկա Մ, չկա Ս: Կարծում էի, որ դա բանի նման չէ, ուստի որոշեցի գնալ Էփրիկեանի ստանդարտ աղբյուրներին և մեջբերել նրանց գրածները։ Սրանք թարգմանել եմ այնպես, ինչպես որ կան՝ մեջբերելով Ինճիճյանից, Միրախորյանից, Սրվանձտյանցից և Ալիշանից։ Ինքս որևէ բան չեմ ավելացրել։ Ավելի ճիշտ՝ հոգացել եմ իմ ավելացրած բացատրական նշումները դասավորել առանձին տառատեսակներով ու չափերով։ Բառարանում հստակ ընդգծված է, թե որն է թարգմանությունը, որն է իմ հեղինակային իրավունքը։
Թեև վերնագրում գրված է «Թուրքիայի հայկական աշխարհագրություն», սակայն սա Օսմանյան կայսրության և դրանից ևս դուրս գտնվող հայկական աշխարհագրությունն է՝ ըստ դրա գրված ժամանակաշրջանի։ Կարծում եմ՝ այն հետաքրքիր կլինի ոչ միայն հայ ընթերցողների, այլեւ տարածաշրջանով հետաքրքրվող բոլոր ընթերցողների համար։
Էփրիկեանի բառարանն ընդգրկում է հայոց ամբողջ աշխարհագրությունը։ Մինչև անգամ ռուսական Հայաստանի մասին ավելի հարուստ նյութ լինելու պատճառով այդ հատվածները մի քիչ ավելի ընդգրկուն են։ Նկատի ունենալով, որ թուրքերեն թարգմանված աշխատության մեջ ընթերցողի հետաքրքրությունն ու գիտելիքները ոչ թուրքական շրջանների վերաբերյալ խիստ սահմանափակ են լինելու, որոշեցի թարգմանել ստեղծագործության միայն այն հոդվածները, որոնք մնացել են ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում։ Այսինքն թարգմանածս գիրքը պարզապես Հայաստանի աշխարհագրություն չէ, այլ Թուրքիայի հայկական աշխարհագրություն։ Բացի դրանից այն պատճառով, որ ինձ հետաքրքիր էր կամ ուղղակիորեն կապված էր նշված վայրերի հետ, գրքում ավելացրեցի տասը հոդված Հայաստանի Հանրապետությունից, մեկը Իրանից, մեկը չերքեզների երկրից, և որպես բոնուս՝ մեկը Եթովպիայից։ Օրինակ, ես չեմ թարգմանել դյուժինից ավել հոդվածներ հայկական քաղաքների մասին, որոնք ժամանակին եղել են Լեհաստանում և այժմ գտնվում են Ուկրաինայում, թեև անձամբ ինձ համար շատ հետաքրքիր էին։
Իհարկե, գիրքը թուրքերեն թարգմանելը նշանակում է հայ ընթերցողից առավել թուրք ընթերցողին գրավել: Ինձ հատկապես հետաքրքրում է աշխատանքի այս կողմը: Ինչպես գիտեք, թուրք ընթերցողը տառապում է երկրի սոցիալական պատմության և մարդկային աշխարհագրության ահռելի անգիտությունից։ Կրթական համակարգով պայմանավորված՝ նրանք խորը խավարի մեջ են։ Այսօր նրանցից շատերը խարխափելով, իրենց պապերից լսածը իրար վրա դնելով՝ փորձում են ինչ-որ բան հասկանալ։ Հուսով եմ, որ գիրքն առաջին հերթին լուսավորում կլինի նրանց համար։ Առաջնային նպատակը հայ ընթերցողին հայոց պատմությունը պատմելը չէ, ինչպես յուղը դմակին քսելն է, այլ թուրք ընթերցողներին ներկայացնել սեփական երկրի մի քանի ասպեկտներ, որոնք ընդհանրապես չգիտեն։ Սրա կարիքը շատ կա այսօրվա Թուրքիայում։
Բացի այդ, կարծում եմ, որ այս ուսումնասիրությունից կշահեն նաև նրանք, ովքեր քիչ թե շատ տեղյակ են երկրի հայկական անցյալից։ Որովհետև թե՛ համացանցում, թե՛ տպագրված հայոց ազգային պատմության վերաբերյալ այժմյան Թուրքիայի աշխարհագրության մասին տեղեկատվությունը բավական թերի է, երբեմն էլ՝ սխալ։ Որպես մեկը, ով վերջին 15 տարիների ընթացքում քայլ-քայլ ճանապարհորդել է երկրով և կուտակել է բավականին միկրոաշխարհագրական գիտելիքներ «Տեղանունների բառարանի» միջոցով, կարծում եմ, որ կարող եմ նրանց առաջարկել տեղեկատու աղբյուր, որը օգտակար կլինի երկար տարիներ։
Դուք նաև անհրաժեշտ եք համարել մի պարզաբանում անել Ձեր ներածական խոսքում, թերևս կցանկանաք դրան անդրադառնալ ։
«Թուրքիայի հայկական աշխարհագրությունը» անկասկած սադրիչ վերնագիր է։ Թուրքիայի սովորական կլիշեներով դաստիարակված շատերիս կցնցի: Հետագայում հնարավոր արձագանքները հաշվի առնելով՝ անհրաժեշտություն զգացի ավելացնել մի փոքրիկ բացատրություն։ Արդ նշեցի․
«Մեր թարգմանած աշխատություններում «Հայաստան» տերմինն օգտագործվում է հայերի պատմական հայրենիքը նշելու համար։ Թարգմանիչը և հրատարակչությունը որևէ պահանջ չունեն այս վայրերի ներկայիս քաղաքական պատկանելության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, պատմական անունները, ինչպիսիք են «Հռոմեական կայսրություն» կամ «Պրուսիա» կամ «Անդալուսիա», օգտագործվում են ազատորեն՝ անկախ այսօրվա քաղաքական և հասարակական իրողություններից։ Եթե մեր թարգմանած հեղինակներն ունեն այլ քաղաքական երևակայություն կամ հավակնություններ, ապա պետք է սա գնահատել որպես դարաշրջանի և խմբի աշխարհայացքի արտահայտություն և գնահատել, թե ինչ լույս է սփռում Թուրքիայի քաղաքական պատմության վրա»։
Իրականում դա ավելորդ բացատրություն էր տրամաբանող ընթերցողի համար։ Իհարկե, խելքը գլխին ընթերցողները կհասկանային։ Դժվար գործ է համոզել նրանց, ովքեր խելացի չեն, բայց ես մտածեցի, որ եթե նրանցից մի քանիսը կանգ առնեն և մտածեն այստեղ ասվածի մասին, դա էլ կլինի։ Բանն այն է, որ որոշ վայրեր, որոնք այսօր իրենց էթնիկ պատկանելության պատճառով կոչվում են Թուրքիա և նույնիսկ Քուրդիստան, նախկինում կոչվում էին Հայաստան: Այս փաստի գիտակցումը չի վնասում այդ վայրի ներկայիս կարգավիճակին։ Բայց դա օգնում է մեզ բազմաչափ ընկալել այդ վայրի անցյալն ու ներկան: Դա, անկասկած, պետք է գոհունակության, այլ ոչ թե զայրույթի աղբյուր լինի մեկի համար, ով սիրում և ուզում է հասկանալ այս երկիրը։
https://www.agos.com.tr/tr/yazi/30080/ermeni-cografyasinin-klasik-eseri-artik-turkcede
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net