կարևոր
5038 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 18:02
Քաղաքական

Եթե քո կարմիր գիծը գիծ չէ, այլ շարժական ձող, Ադրբեջանն այն բրթելու է մինչև Երևանի մատույցներ․ Արթուր Խաչատրյան

«Ինչո՞ւ հրավիրեցինք այսօրվա հրատապ քննարկումը, որովհետև ունեինք հարցեր կառավարությանը։ Ակնկալում էինք, որ նիստից հետո հարցերը կվերածվեն պատասխանների, բայց հարցերը կրկնապատկվեցին»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ ուզում էին հասկանալ՝ ի՞նչ իրավապայմանագրային բազայի հիման վրա է տեղի ունենում սահմանազատումը։

«Ասում են՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ալմա-Աթայի հռչակագիրն Ադրբեջանի համար ուժի մեջ է մտել 1993 թվականին։ Իսկ 1991 թվականին չկա որևէ փաստաթուղթ, որի տակ կլինի Ադրբեջանի ստորագրությունը։ Ասում են՝ չէ, այդպես ո՞նց կլինի, դուք կարծում եք՝ Ադրբեջանը կհամաձայնի՞։ Կհամաձայնի, թե չի համաձայնի, դրա տակ է Ադրբեջանի ստորագրությունը։

Ասում ենք՝ լավ, ի՞նչ քարտեզներ։ Ասում ենք՝ ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված մեթոդական ցուցումներ, ասում են՝ չէ, այստեղ այն խնդիրը կա, այնտեղ՝ այս խնդիրը։ Եվ սա մեզ ուղղակի ստիպում է մտածել, որ որևէ սահմանազատման գործընթաց այսօր գոյություն չունի։ Կամ տեխնիկապես այդ գործընթացը կա, բայց կա նաև զուգահեռ այլ գործընթաց, դա Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքով տարածքների հանձնումն է։ Այս պայմաններում իմաստ չունի խոսել սահմանազատման մասին։ Նույն կառավարության ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում էր, ասում էր՝ դժվար է պատկերացնել սահմանազատման գործընթաց այն պայմաններում, եթե գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ։ Հիմա էլ են հնչում կրակոցներ, գիշերն էլ են հնչել։

Ասում էր՝ եթե ունենք գերիներ, դժվար է պատկերացնել սահմանազատում, հիմա էլ ունենք գերիներ։ Ասում էր՝ Ադրբեջանը տարածքներ է օկուպացրել Հայաստանից, հիմա էլ է օկուպացրել։ Սրանով ցույց է տրվում, որ բուն սահմանազատման գործընթաց գոյություն չունի։ Ադրբեջանը պահանջում է, ՀՀ իշխանություններն էլ, որպեսզի այդ պահանջները բավարարեն, փորձում են ինչ-որ հիմնավորումներ բերել»,- ասաց Խաչատրյանը։ Պատգամավորի խոսքով՝ եթե իրական սահմանազատում լինի, դրա արդյունքում կարող են լինել շտկումներ, դրանք պետք է հանրաքվեով վավերացվեն։ Այլապես չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում։ «Զիջեցինք Արցախում, սկզբում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցրեց, հետո Արցախի Հանրապետության քաղաքական կարգավորումը դարձավ մարդու իրավունքների հարց ընդամենը, հիմա Արցախի հարցը դարձել է սոցիալական խնդիրների լուծում։ Նույն մեթոդաբանությունն Ադրբեջանն այսօր է կիրառում։ Դրա դեմն առնելու միակ տարբերակը՝ ասել, որ սա է մեր կարմիր գիծը։ Եթե քո կարմիր գիծը գիծ չէ, այլ ընդամենը շարժական ձող, Ադրբեջանն այդ շարժական ձողը բրթելու է մինչեւ Երեւանի մատույցներ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։