Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի տիրապետում իրավիճակին, եթե չասենք, որ խճճվել է պաշտոնապես տարածված ապատեղեկատվության մեջ, որը մատուցվել է ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ դեռեւս նոյեմբերի 21-ին գրավոր հարցում էին ուղարկել ՀՀ ՊՆ՝ խնդրելով ի թիվս այլ հարցերի, տեղեկություն տրամադրել նաեւ Երեւանի մատույցներում խոցված թշնամու ԱԹՍ-ների մասին։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե թշնամական չորս անօդաչու թռչող սարք է հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդային տարածքում։
«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանցից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»,- ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը, ապա րոպեներ անց ավելացրել՝ «չորրորդն էլ ոչնչացվեց»։ Ավելի ուշ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ «ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են»:
Ռազմական գործողությունների թեժ վայրում խոցված անգամ յուրաքանչյուր ԱԹՍ-ի մասին ՀՀ ռազմական գերատեսչությունը տեղեկություն էր հրապարակում՝ նշելով, թե ինչ արտադրության են, որտեղ են խոցվել ու որպես հավաստում լուսանկար կցում։ Մինչդեռ «Երեւանի մոտակայքում» խոցված ԱԹՍ-ների մասին որեւէ փաստացի տվյալ չհրապարակվեց՝ երեւանցիներին թողնելով միայն խուճապը։
Գրավոր հարցմամբ ՊՆ-ից խնդրել էինք, ի թիվ այլ հարցերի, տեղեկություն տրամադրել նաեւ «Երեւանի մոտակայքում» խոցված ԱԹՍ-ների մասին, այն է՝ որտեղ են խոցվել ու ո՞ր երկրի արտադրության են դրանք եղել։
Հարցումից շուրջ երեք շաբաթ հետո՝ մեր բազմաթիվ հիշեցումների արդյունքում, ՀՀ ՊՆ-ից գրություն ուղարկեցին, թե պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, իսկ մեկ ամսյա ժամկետը լրանալուց հետո՝ դեկտեմբերի 24-ին, երկրորդ գրությամբ մերժեցին տեղեկատվության տրամադրումն ընդհանրապես։
ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Ա.Սարգսյանի ստորագրությամբ ստացված գրության մեջ նշվում է, թե հայցվող տեղեկատվությունը համարվում է պետական ու ծառայողական գաղտնիք։ Ասել է թե՝ մեկ ամիս ուսումնասիրելուց հետո ՊՆ-ն այլ պատասխան չի գտել՝ խոցված ԱԹՍ-ների մասին ու որոշել է պարզապես տեղեկատվության տրամադրումը մերժել։
Նկատենք, որ անգամ պատերազմի օրերին հայտարարվում էր՝ թե քանի՞ հատ թուրքական արտադրության ԱԹՍ է խոցվել, քանի իսրայելական, ավելին՝ Արծրուն Հովհաննիսյանն առանձին դեպքերում հայտարարել էր նաեւ դրանց արտադրության ամիսը ու այս տեղեկությունը պետական քարոզչամեքենան որպես ձեռքբերում էր ներկայացնում։ Հիմա պարզում է, որ այդ տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք։
Այդ դեպքում դատախազությունը հենց այսօր պետք է քրեական գործ հարուցի ու մեղադրանք առաջադրի միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատակիցներին, Արծրուն Հովհաննիսյանին, որոնք հրապարակել են պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն։
Համոզված ենք, որ դատախազությունը քրեական գործ չի հարուցի, քանի որ այդ տեղեկությունը ծառայողական գաղտնիք չէ, այդ թերեւս «գաղտնի» է դարձել միայն պաշտպանության նախարարի ու Նիկոլ Փաշինյանի «բանավոր ըմբռնման» արդյունքում։ Սա ողջամիտ կասկածի հիմք է տալիս առ այն, որ իրականում թշնամու ԱԹՍ-ները Երեւանի մատույցներ չէին հասել։
Փաշինյանը մտածված տարածել է ապատեղեկատվություն, որը նպատակ է ունեցել խուճապ առաջացնել հանրության շրջանում՝ համակերպվելու Շուշին կորցնելու, Արցախի հողերի 80 տոկոսը թշնամուն հանձնելու, Սյունիքի բնակավայրերը ադրբեջանական վերահսկողության տակ թողնելու իր որոշման հետ։
Աղբյուր` Փաստինֆո