կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-19 14:37
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանություններն ընդհանրապես «կարմիր գիծ» չունեն, որից այն կողմ չեն զիջելու․ Արմեն Ռուստամյան

ՀՀ անկախության պատմության մեջ այնպիսի խայտառակ ընտրությունների կազմակերպում և անցկացում՝ ինչպիսին ՏԻՄ ընտրություններն էին, Հայաստանում չի եղել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը 2021 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և նրա կազմած դաշինքների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների և աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Մի մեծ շիրմաքար է դրվել «ժողովրդավարություն» հասկացության վրա ՏԻՄ ընտրություններում  իշխանության ձեռքով։ Այս իշխանությունների հոգեվարքը սկսվելու է հենց այս ընտրությունների արդյունքներից։ Ամեն մեկն իր տանը պետք է զգա այս պատուհաս իշխանություններից ազատվելու անհրաժեշտությունը»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Իսկ ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ,Հայաստանն այսօր ծայրահեղ ծանր վիճակում է․ երբեք այդքան անզոր չենք եղել միջազգային ասպարեզում, որքան այսօր Հայաստանը ներկայանում է այս իշխանություններով։ Մարտահրավերներն էլ դրա հետ մեկտեղ ամեն օր սաստկանում են։

«ՀՀ իշխանությունների անկարողությամբ և անփառունակ պահվածքով մենք հասնում ենք նրան, որ ուղղակի միասին՝ նրանք դրսից, ՀՀ իշխանությունները՝ ներսից, երկիրը տանում են նորանոր, կենսական զիջումների, որից այն կողմ հենց պետականության կորուստն է, որ տեղի է ունենում»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Նա արձանագրեց, որ այս իշխանություններն ընդհանրապես «կարմիր գիծ» չունեն, որից այն կողմ չեն զիջելու։ Մինչդեռ այդ «կարմիր գծերը» իրենց համար շատ ակնհայտ են, և դրա համար են կոչ անում ժողովրդիին դիմադրել, կանգնել և չնահանջել, որովհետև դրանից հետո այլևս անիմասն է լինելու խոսել մեր տեսակի պահպանության մասին։

Այդ կարմիր գծերից մեկը, Արմեն Ռուստամյանի համոզմամբ, այն բոլոր ծրագրերն են, որոնք ուղղված են պանթյուրքական ծրագրերն իրականացնելուն։ Իսկ այդ ծրագրերով սեպի նման այդ շղթան կտրում է Հայաստանը Սյունիքով, ինչն իրենց երազանքն է եղել, և այսօր մեր շուրջը տեղի են ունենում այդ պրոցեսները։

Նա փաստեց, որ այս իշխանությունները հաճախ մեզ մոլորեցնում են, որ «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանություն չկա, այնինչ այդ ճանապարհը, միևնույն է, վերածվելու է միջանցքի, որ մեզ զրկելու է սուվերենությունից։ Հայաստանի թուրքացումը հենց սա է։

Մանրամասն՝ տեսանյութով․