կարևոր
6805 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-09 13:48
Քաղաքական

Կեղծ մզկիթների երկիրը կամ հայկական մշակութային հետքերը վերացնելու թուրքական մեթոդները

Կեղծ մզկիթների երկիրը կամ հայկական մշակութային հետքերը վերացնելու թուրքական մեթոդները

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող հայկական ճարտարապետական ժառանգության կարգավիճակը և վերջինիս նկատմամբ Թուրքիա պետության պարտավորություններն ամրագրված են Լոզանի պայմանագրով։ Մասնավորապես հիշյալ պայմանագրի 42-րդ հոդվածի համաձայն՝ «Թուրքիայի կառավարությունը պարտավորվում է ամեն ձևով պահպանել փոքրամասնությունների եկեղեցիները, սինագոգները, գերեզմանները և մյուս կրոնական հաստատությունները» ։

Չնայած միջազգային պայմանագրով հաստատված այս և այլ պարտավորություններին՝ հանրապետական Թուրքիայի ամբողջ պատմության ընթացքում արձանագրվել է հայկական և Թուրքիայում փոքրամասնություն համարվող այլ ազգերի մշակութային հուշարձանների հետևողական վերացում, որը կատարվել է և՛ առերևույթ ոչ դիտումնավոր՝ որպես բնության արհավիրքների հետևանք, և՛ որպես բացահայտ ոչնչացման քաղաքականություն։

Թեև ՄԱԿ-ի կողմից 1948 թ․ ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի վերջնական տարբերակում չէր ներառվել մշակութային ցեղասպանության մասին դրույթը, սակայն հայտնի է, որ այդ դրույթը ևս մշակվել և նախնական տեքստով ներկայացվել էր Ռաֆայել Լեմկինի կողմից։ Դրա համաձայն՝ «պատմական ու կրոնական հուշարձանների սիստեմատիկ ոչնչացումը կամ դրանց օգտագործումն այլ նպատակով» պետք է համարել մշակութային ցեղասպանություն։

Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում այս հարցում պետական մակարդակով իրականացված քաղաքականության հետևանքով ներկայում ականատես ենք խիստ անմխիթար պատկերի, ըստ որի՝ ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքում և նախկինում հայաբնակ եղած այլ շրջաններում հայկական հուշարձանները կա՛մ գրեթե լիովին անհետացել եմ, կա՛մ գտնվում են ծայրահեղ վատթար վիճակում։

Այսպես՝ եթե 20-րդ դարի սկզբներին Կ․Պոլսո հայոց պատրիարքարանի իրավասության տակ էին գտնվում մոտ 2000 հայկական եկեղեցիներ, ապա ներկայում նրանց թիվը 40-ից էլ ցածր է․ այսօր Կ․ Պոլսո հայոց պատրիարքարանի ենթակայության ներքո են մնացել ընդամենը 38 հայկական եկեղեցիներ, որոնցից 33-ը գտնվում է Ստամբուլում, 2-ը՝ Դիարբեքիրում, 1-ը՝ Կեսարիայում, 1-ը՝ Վաքըֆլը գյուղում, 1-ն էլ՝ Իսքենդերունում (պատմ․ Ալեքսանդրետում) ։ Ինչ վերաբերում է ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքում և ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում նախկինում գտնված հայկական բազմաթիվ դպրոցներին, ապա դրանց թիվն այսօր սահմանափակվում է միայն Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններով։

Թուրքիա պետությունը հայկական մշակութային հետքերի ոչնչացումն իրականացնում է հետևյալ մեթոդներով․

1․ Ուղղակի ոչնչացում

Այս մեթոդը կիրառվում է ճարտարապետական կամ պատմական հուշարձանների բացահայտ վերացմամբ։ Վերջին տարիներին դրա ամենավառ օրինակը կարելի է համարել 2013 թ․ Մուշի Քալե թաղամասում սկսված հայկական պատմական տները քանդելու գործընթացը։ Թուրքիայի կառավարության բնակելի շենքերի հարցերով զբաղվող վարչությունը ավերեց մոտ 500 նման տուն՝ այդ թաղամասում նոր բնակելի շենքեր կառուցելու պատճառաբանությամբ ։ Նմանատիպ գործընթաց կատարվեց և շարունակում է կատարվել նաև Դիարբեքիրում և այլ հայկական պատմական շրջաններում։ Թուրքիան նաև արհեստական ջրամբարներ է կառուցում պատմական հուշարձաններ ընդգրկող վայրերում, և նման դեպքերում դրանք ինքնաբերաբար ջրի տակն են անցնում։

2․ Հուշարձանների բարձիթողի վիճակ

Հայկական ճարտարապետական կոթողները բարձիթողի վիճակում թողնելով կամ այնտեղ անօրինական կերպով մարդկանց բնակեցնելով՝ թուրքական պետությունը միտումնավոր վարում է դրանք վերջնականապես ոչնչացնելու քաղաքականություն։ Շատ դեպքերում պատմական հուշարձանները ենթարկվում են բնության արհավիրքներին կամ գանձ որոնողների անօրեն գործողություններին և տարեցտարի կորցնում ոչ միայն իրենց նախկին տեսքը, այլև վերջնականապես անհետանում։ Նման օրինակ է դարձյալ Մուշում գտնվող Սուրբ Կարապետ վանական համալիրը, որից այսօր գրեթե ոչինչ չի մնացել։

3․ Պատմական հուշարձանի կարգավիճակի փոփոխություն

Թուրքիայի իշխանությունները երբեմն իրենց հովանու տակ են վերցնում որևէ պատմական հուշարձան կամ որոշում վերականգնել այն։ Սակայն իրական նպատակը ոչ թե պատմական ժառանգության պահպանումն է լինում, այլ պատմական հիշողության աղավաղումը, քանի որ նման դեպքերում, օրինակ, հայկական եկեղեցին վերածվում է մշակութային կենտրոնի, գրադարանի կամ այլ մշակութային օբյեկտի՝ տարիների ընթացքում կորցնելով իր առաջնային գործառույթը։ Վերջին տարիներին թուրքական մամուլը լիուլի է նման դեպքերով, սակայն ամենավառ օրինակը Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին է, որտեղ թեև թուրքերը «մեծահոգաբար» թույլ են տվել տարեկան ընդամենը մեկ անգամ պատարագ մատուցել, սակայն այն գործում է թանգարանի կարգավիճակում։

4․ Հուշարձանների պատմական հիշողության աղավաղում

Թուրքիայի իշխանությունները հայկական հետքերը վերացնելու ընթացքում կիրառում են նաև մեկ այլ մեթոդ։ Խոսքը պատմական հուշարձանների հիշողության աղավաղման մասին է։ Այդ քաղաքականության համաձայն՝ նրանք փորձում են հայկական եկեղեցու կամ մեկ այլ հուշարձանի մոտակայքում կեղծ օրակարգով միջոցառումներ կազմակերպել։ Նման վառ օրինակ է 2024 թ․ սկզբներին գրանցված մի դեպք, երբ Թուրքիայի կենտրոնական իշխանության հրահանգով մի շինծու կազմակերպություն՝ Վանի ինչ-որ ցեղի միություն, դիմել էր Վանի նահանգապետարան՝ պահանջելով հուշարձան կանգնեցնել 1915 թ․ իբրև թե «հայերի կողմից կատարված կտտանքների և բռնաբարությունների փոխարեն՝ մահը նախընտրած թուրք կանանց և երեխաների պատվին»։ 2024 թ․ հունվարին նրանք մի շարք միջոցառումներ են կազմակերպել, այսպես կոչված, «Վանում 1915 թ․ հայերի կոտորածի ժամանակ սպանվածների և բռնաբարության սպառնալիքի տակ գտնվող կանանց հիշատակին, որոնք իբրև թե նախընտրել են իրենց ջուրը նետել Աղթամար կղզու մոտակայքում, որպեսզի փրկեն իրենց պատիվը» ։ Բնականաբար պատահականություն չէ, որ ընտրվել էր հենց Վանի Աղթամար կղզին, որտեղ գտնվում է Սուրբ Խաչ հայկական եկեղեցին, որը թեև գործում է թանգարանի կարգավիճակի ներքո, այնուամենայնիվ համայն հայության ուխտավայրերից մեկն է ներկայում․․․

Նման կեղծ օրակարգերով և պատմական փաստերի խեղաթյուրմամբ թուրքական իշխանությունները փորձում են կեղտաբիծ թողնել հայկական հուշարձանի, տվյալ դեպքում՝ Սուրբ Խաչ եկեղեցու վրա։ Այդպիսի միջոցառումները հենց հայկական եկեղեցու շրջակայքում կազմակերպելով՝ թուրքական իշխանությունները նաև ձգտում են վախ սերմանել համայն հայության և, հատկապես, արևմտահայության շրջանում՝ այդպիսով սահմանափակելով նրանց այցը հայկական եկեղեցի։

5․ Քրիստոնեական հուշարձանների իսլամացում

Ինչպես հայտնի է, դեռևս օսմանյան ժամանակաշրջանից թուրքերը յուրաքանչյուր շրջան գրավելուց անմիջապես հետո ձգտել են իսլամացնել ոչ միայն տեղի բնակչությանը, այլև քրիստոնեական հուշարձանները։ Դրա ամենավառ և հանրահայտ օրինակը Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիա տաճարն էր։ Հիշեցնենք, որ 1453 թ․ Ստամբուլի գրավումից արդեն մի քանի օր անց Այա Սոֆիան վերածվել էր մզկիթի։

Ուշագրավ է, որ ներկայում Թուրքիայում կան 60-ից ավել մզկիթի վերածված եկեղեցիներ։ Դրանցից միայն 26-ը գտնվում է Ստամբուլում ։ Հիշեցնենք, որ, օրինակ, Սուրբ Սոֆիան և դարձյալ Ստամբուլում գտնվող Խորայի Սուրբ Փրկիչ եկեղեցին կամ Քարիյե տաճարն Աթաթյուրքի կողմից սկսված աշխարհիկացման գործընթացի շրջանակներում վերածվել էին թանգարանի, սակայն Թուրքիան իսլամացման տանող Էրդողանի կառավարությունը 2020 թ․ որոշում կայացրեց այդ երկու քրիստոնյա տաճարները վերստին մզկիթի վերածելու մասին։ Իսկ իրականում ի՞նչ էր նշանակում Այա Սոֆիայի նշանակության տաճարն իսլամացնելու իրողությունը 15-րդ դարաշրջանի համար։ Դա նույնն էր, եթե ներկայում, ասենք, «Իսլամական պետությունը», Աստված մի արասցե, գրավի և մզկիթի վերածի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարը։ Նման նշանակության ճարտարապետական գոհարները քրիստոնեական տաճարից մզկիթի վերածած օսմանյան և թուրքական իշխանությունների քաղաքականության առանցքում տվյալ շրջանը լիովին և անվերադարձ յուրացնելն ու վերջնականապես իսլամացնելը և թուրքացնելն է։ Հայկական պատմական հուշարձաններից մզկիթի վերածված հայ եկեղեցու ամենավառ օրինակը Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին է։

6․ Հայկական հուշարձաններին թուրքական-իսլամական անցյալ վերագրելու փորձեր

Թուրքական պետությունը մամուլի և քարոզչության այլ միջոցների օգնությամբ շարունակաբար ձգտում է թուրքական-իսլամական անցյալ վերագրել հայկական հուշարձաններին։ Դրա ամենավառ օրինակը Անիի ավերակներն են։ Այսպես, օրինակ, թուրքական զանգվածային լրատվամիջոցները Անի միջնադարյան հայկական քաղաքի մասին հրապարակումներ տարածելիս գրեթե առանց բացառության այն ներկայացնում են որպես զանազան քաղաքակրթությունների օրրան՝ լռության մատնելով Անիի զուտ հայկական բնույթը։ Այսինքն՝ թուրքական պարբերականները Անիին անդրադառնալիս տարբեր քաղաքակրթությունների անվանումներ են տալիս, այդ թվում նաև՝ «սելջուկյան»։ Երբեմն, իհարկե, կեսբերան նշում են, որ այն Բագրատունյաց արքայատոհմին էլ է պատկանել, սակայն գրեթե երբեք չեն գրում «հայ», «հայոց», «հայկական» բառերը։ Եվ թեմային անտեղյակ ընթերցողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե Անին հիմնվել է ոչ թե հայ Բագրատունյաց արքայատոհմի, այլ մեկ այլ թագավորության կողմից, և որ այն ուրիշ իշխանությունների հետ մի կարճ ժամանակ գտնվել է նաև Բագրատունիների տիրապետության տակ։ Իսկ թե որ Բագրատունիների մասին է խոսքը՝ «հայ», թե «վրաց», թուրքական մամուլն, իհարկե, լռում է։ Թուրքական պետության հսկողությամբ թուրքական զանգվածային լրատվամիջոցներն այդպիսով վարում են Անիի հայկական անցյալը լիովին մոռացության մատնելու գործընթաց։

Նույն նպատակով թուրքական իշխանությունները քրիստոնյա, մասնավորապես՝ հայկական եկեղեցիները գիշերային լուսավորությամբ հագեցնելիս ձգտում են ընդգծել, օրինակ, իրենց կողմից արհեստականորեն պարտադրված թուրքական դրոշը, սակայն ոչ երբեք խաչը կամ քրիստոնեական այլ ատրիբուտ։ Այսպես՝ 2023 թ․ տարեվերջին թուրքական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Աղթամար կղզին արհեստական լուսավորությամբ է ապահովվել։ Թուրքական լրատվամիջոցներում տարածված նկարներից նկատելի է, որ արհեստական լուսավորության միջոցով վառ կերպով լուսավորվել է Թուրքիայի դրոշը, իսկ եկեղեցու գմբեթի խաչը մնացել է մթության մեջ ։

7․ Հուշարձանների հայկական անվանումների աղավաղում և թուրքացում

Ինչպես հայտնի է, Թուրքիան պետական մակարդակով շարունակում է վարել նաև ոչ թուրքական բնակավայրերի և հուշարձանների անվանումները փոխելու, թուրքացնելու քաղաքականություն։ Դրա ամենավառ օրինակներից են Անիի ավերակները և հայկական Աղթամար կղզին, որի վրա է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին։ Ինչպես հայտնի է, Աղթամարը թուրքական բոլոր լրատվամիջոցներում և պետականորեն կոչվում է Akdamar (թուրքերեն՝ «սպիտակ երակ»), իսկ Անին՝ Anı (թուրքերեն՝ հուշ, հիշողություն)։ Թեև պոլսահայ մամուլը և Թուրքիայի հայ հասարակությունը բազմիցս ուղղել են թուրք լրագրողներին և հիշեցրել այդ հուշարձանների իսկական անվանումները, սակայն թուրքական մամուլը, իշխանությունների հրահանգմամբ, շարունակում է համառորեն կիրառել այդ արհեստական անունները։

Ամփոփում

Այսպիսով՝ թեև Թուրքիան վերջին տասնամյակներին փորձում է առերևույթ հայերի և այլ փոքրամասնությունների մշակութային ժառանգությունը պահպանելու միտում ցուցադրել, սակայն իրական նպատակը նման հուշարձանների կարգավիճակի փոփոխությունն է նրանց իրական գործառույթներն աղավաղելու միջոցով, ինչպես նաև զուտ ֆինանսական շահը, այն եկամուտը, որ բերում են զբոսաշրջիկներն այդ հուշարձաններն այցելելիս։

Կարելի է արձանագրել, որ եթե Հայոց ցեղասպանության գլխավոր դերակատարները առաջնորդվում էին «Չկան հայեր, չկա Հայկական հարց» տրամաբանությամբ, ապա Թուրքիայի ներկայիս իշխանություններն էլ համառորեն ընթանում են «Չկան հայկական հետքեր, չի եղել հայկական անցյալ» նպատակի ուղղությամբ։ Եվ եթե հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու համար արտաքին ճնշումներ չգործադրվեն, ապա, ցավոք, կանխատեսելի ապագայում Թուրքիայում գրեթե լիովին վերացած կլինեն հայկականության բոլոր հետքերը․․․
 

Մելինե Անումյան

«Դրօշակ» թիվ 3, 2024թ.