կարևոր
4798 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-27 09:08
Քաղաքական

ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»

ՔՊ-ն ու Զելենսկին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ աջուձախ էին փախչում` լսելով  Զելենսկու` Հայաստան կատարելիք այցի մասին հարցը։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, Բաբկեն Թունյան, Նիկոլ Փաշինյանի քավորական ընտանիքից Վահե Ղալումյան` կտրուկ մերժում էին խոսել, բոլոր հարցերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն անգամ հրաժարվեց խոսել:

«Չեմ ուզում գնահատել դրական կամ բացասական, ի վերջո՝ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է, եւ, ինչպես մնացած երկրների ղեկավարները, եթե հատուկ ինչ-որ արգելք չկա, կարող է այցելել Հայաստան»,- ասաց Թունյանը: Ղալումյանը նկատեց` դեռ այցը պաշտոնապես հայտարարված չէ․ «Եթե լինի, կխոսենք, իսկ ենթադրությունները մեկնաբանել չեմ կարող»: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցումն է՞լ է ենթադրություն. վարչապետը խոսել է՝ հիմա պիտի մնա՞նք, թե՞ դուրս գանք ՀԱՊԿ-ից, ՀԱՊԿ-ում, փաստորեն, անվտանգային խնդիրներ ունենք, հետեւաբար… «Հետեւաբար պետք է սպասենք»:

Ռուսաստանի դեմ պատերազմող երկրի առաջնորդի այցը չի՞ սրի հայ-ռուսական առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ Երեւանին չպետք է դա մտահոգի․ «Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի, չի արձագանքի, իրա գործն ա: Մեզ մեր երկրի շահերն է հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց թելադրում ա մեզ, էնպես պիտի առաջնորդվենք»:

Հիշեցրինք, որ, ըստ լուրերի, պատերազմի ժամանակ Ադրբեջանն ուկրաինական ֆոսֆոր է կիրառել Արցախում։ «Ո՞վ ասեց,  հաստատվա՞ծ է»։ Հերքված էլ չէ։ «Իրենք էլ ասում են՝ Ռուսաստանի ֆոսֆորն ա դա եղել»,- անդրդվելի մնաց նա։

Ուկրաինայի նախագահի` մարտի 4-ին Հայաստան գալու մասին տարբեր աղբյուրներ են հայտնում։ Տեղեկությունն անցած շաբաթվա վերջին ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր Հայաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար Վալերի Լոբաչը․ «Գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում