Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային և խոստացել է ևս 45 մլրդ դոլարի աջակցություն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Բայդենին աջակցության համար։
«Ես տուն եմ վերադառնում լավ լուրերով՝ գրեթե 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթով, որոնց գլխավոր տարրը Patriot համակարգերն են, որոնք կուժեղացնեն մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները», - ասել է Զելենսկին։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կիևին Patriot համակարգերի մատակարարումը չի հանգեցնի Ռուսաստանի կողմից էսկալացիայի, Բայդենը նշել է, որ այդպես չի կարծում, քանի որ Patriot-ը պաշտպանական համակարգ է։
Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։
«Նրանք չեն ցանկանում Համաշխարհային երրորդ պատերազմ։ Եվ կարծում եմ՝ դրանից կարելի է խուսափել՝ այնպես անելով, որ Ուկրաինան կարողանա հաջողության հասնել ռազմադաշտում», - ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ վստահ է Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիայի ամրության վրա։ Ըստ BBC-ի՝ մտավախություններ կան, որ որոշ դաշնակիցներ «իրենց մաշկի վրա» են զգում հակամարտության գինը, և տեսնում են, որ խաթարվել են համաշխարհային պարենի և էներգակիրների մատակարարումները, սակայն ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ուկրաինային աջակցության հարցում համերաշխությունը պահպանվում է։ Բայդենը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ի միավորման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։
Վլադիմիր Զելենսկին նաև դիմել է ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ հունվարին մեծամասնություն կկազմեն հանրապետականները. վերջիններս զգուշացրել էին, որ «դատարկ չեկ» չեն տա Ուկրաինային։ Զելենսկին, սակայն, վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ աջակցություն կցուցաբերեն իր երկրին։
Ուկրաինայի նախագահն ԱՄՆ օրենսդիրներին հայտնել է, որ իր երկիրը կանգուն է՝ անկախ ամեն ինչից։ Զելենսկին նաև կանխատեսել է, որ հաջորդ տարին հակամարտության համար «շրջադարձային կլինի»։ Շնորհակալություն հայտնելով տրամադրված ռազմական օգնության համար՝ Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դա բավարար չէ, և ռուսական բանակին հաղթելու համար ավելի շատ զենք է հարկավոր։
Իր ելույթի ավարտին Զելենսկին Կոնգրեսին նվիրել է Ուկրաինայի դրոշը՝ Բախմուտի պաշտպանների ստորագրություններով. ԱՄՆ մեկնելու նախօրեին Զելենսկին եղել էր Բախմուտում։
Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների 10 ամիսների ընթացքում Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ էր լքում երկիրը։ Ուկրաինայի նախագահը Վաշինգտոն էր ժամանել Լեհաստանի Ժեշուվ քաղաքից ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Ըստ ԶԼՄ-ների՝ Զելենսկին Լեհաստան էր հասել գնացքով։