կարևոր
3448 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-19 18:06
Հասարակություն

Հայկական Կարմիր խաչում 60 մլն-ի գողություն է եղել. փաստաբան

Հայկական Կարմիր խաչում 60 մլն-ի գողություն է եղել. փաստաբան

Մեկ շաբաթից ավելի է՝ հանցագործությունների մասին հաղորդումներ ենք ներկայացրել գլխավոր դատախազություն։ Դեռևս ընթացք չի տրվել, իսկ ընկերության նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը հաղորդում է ներկայացնում և նույն օրը տուժող ճանաչվում: Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահության փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Խոսքը ավելի քան 10 հաղորդումների մասին է, սկսած՝ 60 և ավել միլիոն դրամի գողության փաստի, ինչպես նաև գրասենյակի հետ առնչվող փաստաթղթեր, ապօրինի գույք օգտագործելու մասին» ,-պարզաբանեց Բաղդասարյանը։

Նա նաև հիշեցրեց, որ ՀԿԽԸ նախկին գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին ընտրել են ընկերության նախագահ անօրինական ճանապարհով, քանի որ նա արդեն աշխատանքից հեռացված է եղել։ «Աննա Եղիազարյանը փորձել է կատարել ոչ իրավաչափ արտահերթ համագումար։ Եթե նախագահությունը մերժում է արտահերթ համագումար հրավիրելու դիմումը, այն ենթակա է կատարման։ Եթե կողմը գտնում է, որ անօրինական է մերժումը, ապա նա պետք է բողոքարկի, վիճարկի։ Չեն բողոքարկել, սարքել են ոչ բողոքարկելի»։

Ընկերությունում քանի օր է՝ անորոշ վիճակ է տիրում։ 5-րդ օրն է՝ չեն կարողանում կողմնորոշվել, թե ով է կառույցի նոր նախագահը։ Փետրվարի 15-ին մամուլում լուր էր տարածվել, թե ՀԿԽԸ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ կայացած արտահերթ համագումարում Աննա Եղիազարյանն ընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում։ Հաջորդիվ ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, թե Եղիազարյանը, որը նախկինում ընկերության գլխավոր քարտուղարն էր, փետրվարի 8-ին նախագահության նիստի ժամանակ ազատվել է աշխատանքից, ու վերջինիս նախագահ ընտրվելու վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Եղիազարյանն էլ ինքնագործունեությամբ է զբաղվում։ 

Փաստաբանի բնորոշմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում ընկերությունում՝ գոտկատեղից ներքև հարված է։