կարևոր
8683 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-11 18:07
Հասարակություն

Նորից և կրկին ՎԵՀԱՓԱՌԻ մասին․ Սերժ Սրապիոնյան

Նորից և կրկին ՎԵՀԱՓԱՌԻ մասին․ Սերժ Սրապիոնյան

Գրականագետ Սերժ Սրապիոնյանը գրում է․

«Վերջին շրջանում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անվան շուրջ ծավալված խոսակցությունները կամա թե ակամա մղում էին արձագանքելու, սակայն մի շարք հանգամանքներ թույլ չէին տալիս գրել այդ մասին։ Նկատի ունեմ ոչ միայն առողջական վիճակս, այլև այն պարզ իրողությունը, որ, Նալբանդյանի դիպուկ բնորոշմամբ, շատ անգամ «կքարկոծեն տգիտության շուները», բայց դրանից ոսկին պղինձ չի դառնում։

Ինչո՞ւ , այնուամենայնիվ, որոշեցի հարցը վերարծարծել։ Պարզվում է, որ այս ազգադավ ոհմակը իր փնթի, անլվա, անկիրթ, թերուս, մանկուրտ անդամներով, լծված Երկիր ու ժողովուրդ կործանելու իրենց հիմնական նպատակն իրագործելու «վեհ» գործին, հասկացել են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է այն հիմնական (թերևս նաև վերջին) հենասյունը, առանց որի վերացման չեն կարող հասնել իրենց պիղծ նպատակին։

Իսկ ՀԱԵ֊ ն վարկաբեկելու և վերացնելու կարճ ուղիներից մեկն էլ Վեհափառին հեղինակազրկելն է։

Միամիտ են այն մարդիկ, որոնք կարծում են, թե Վեհի անձի դեմ ազգակործան խունտայի ձեռնարկած քայլերը պայմանավորված են նրա կոշտ դիրքորոշմամբ այս պատուհասների հանդեպ։ Հիշե’ք, թե ինչ թուրքական արշավանք կազմակերպվեց Հայրապետի դեմ, երբ նոր էին բազմել իշխանական աթոռներին, երբ դեռ որևէ խոսք սրանց մասին Վեհափառի շուրթերից չէր հնչել։ Ուզում եմ ասել, որ սրանց տերերը դեռ մինչև մեր գլխին այս ոհմակին դնելը իրենց ծրագրերում ունեցել են Եկեղեցու վերացման, իսկ եթե չհաջողեին, գոնե թուլացման խնդիրը։

Արդ, ի՞նչ միջոցներով են փորձում հասնել իրենց նեռական նպատակին։
Իրենց հայտնի, բայց արդեն հնացած մեթոդներով. մարդու հասցեին անապացույց և անփաստարկ հայտարարություններ տարածելով։ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌԻՆ` Գարեգին Երկրորդին վերագրում են ինչ֊որ <<մեղքեր>>։ Դրանց մասին չեմ ուզում խոսել։ Այնքան անհեթեթ և պարզունակ են։ Նաև չփաստարկված այնպես, որ կարելի էր վերագրել ցանկացածի անձի, որ կարող էր լինել ՀԱԵ գահակալը։

Այսպես. հայերենին օրումեջ տիրապետող մի անսեռ արարած պնդում է, թե Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ընտրվել է ( մեղա՜,մեղա՜) կաշառքով։ Սույն գոյանքը այնպիսի համոզվածությամբ է պնդում այս անհեթեթ միտքը, կարծես ինքն է եղել այդ գործողության բուն միջնորդը։ Եթե սա դույզն֊ինչ չափով տեղյակ լիներ ՎԵՀԱՓԱՌԻ ընտրության կարգին, երևի չէր հանդգնի նման անհեթեթ միտք արտահայտել։
Ընթերցողը թող մի պահ վերհիշի թե ՀԱԵ որ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ անուններն են մնացել պատմության և ժողովրդի հիշողության մեջ վերջին երկու դարերի ընթացքում։ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻՆ` իր հայրենասիրական գործունեությամբ, ԳԵՎՈՐԳ Դ Կոստանդնուպոլսեցին` իր կրթամշակութային գործունեությամբ, ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԸ` իր քաղաքական և հոգևոր, եկեղեցաշինական գործունեությամբ, ԳԵՎՈՐԳ Ե Վեհափառը` իր անվիճարկելի նվիրումով, ՎԱԶԳԵՆ Ա Վեհափառը` սովետական համակարգում ՀԱԵ֊ն հաստատուն պահելու անկոտրում կամքով։ Կարելի է էլի անուններ հիշել, բայց բավարարվենք վերը ասվածով։

Ինչո՞վ պատմության մեջ կմնա ներկայիս Վեհափառը։ Իմ խորին համոզմամբ` հայրենասերի իր անկոտրում կամքով, Եկեղեցին բարեկարգելու իր հզոր գործունեությամբ, կրթական գործը կարևորելու անսասան հավատով (Սևանի Վազգենյան դպրոց, հայորդյաց տներ, Հառիճի կրթահամալիրի վերագործարկում, Գևորգևան ճեմարան և այլն)։

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ թիրախավորվել է սրանց կողմից, քանզի պահում և խորացնում է ՀԱԵ ազգային նկարագիրը։ Եվ սա չափազանցություն չէ, այլ սրանց սարսափի պատճառը։ Հիշե’ք, որպեսզի 4֊րդ դարում վերացներ ՀԱԵ կենսականությունը, պարսից Շապուհ արքան գահազրկեց ազգային միտք և հոգեբանություն ունեցող Սահակ Պարթև Վեհափառին` հերթով ՎԵՀԱՓԱՌԻ աթոռին բազմեցնելով Սամուել և Բրքիշո ասորի եպիսկոպոսներին։ Եվ մենք թռիչք ապրեցինք, երբ նորից ՎԵՀԱՓԱՌԻ աթոռին նստեց Մեծն ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԸ։

Բայց, որքան էլ տարօրինակ թվա, վերոնշյալ կաթողիկոսները հոգեբանորեն ավելի տանելի վիճակում էին, քան ներկայիս ՎԵՀԱՓԱՌԸ։ Որովհետև նրանց դեմ սեփական պետությունը, ավելի ճիշտ, իշխանավորները դուրս չէին եկել։Սրանք գտել են ինչ֊որ <<սարկավագի>>, որ ամերիկաներում ով գիտե ինչով է զբաղված, փորձում են բերել Հայաստան` պահանջելու համար ՎԵՀԻ հրաժարականը։ Եվ սույն ոչնչությունը կարծում է, թե ՎԵՀԻ հրաժարական պահանջելը նույնն է, ինչ իրենց քպշնիկներից հրաժարական պահանջելն է։

Իբրև ՀԱԵ հավատարիմ հետևորդ և հավատավոր հայ` հայտարարում եմ. չհամարձակվե’ք ձեր թրիքոտ սմբակներով պղծել ՄԱՅՐ ԱԹՈՌԻ սուրբ շեմը։

Փետրվարի 24֊ին ես և իմ բազմաթիվ համախոհներ լինելու ենք ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ։ Եվ այս անգամ չեք ներվելու, ինչպես ներվեցիք, երբ ձեր կեղտոտ շնական թաթերը մեկնեցիք ՎԵՀԻ սուրբ օձիքին։ Այս անգամ շանը սազական շնաթակ կստանաք։ Եվ սա կուզեք սպառնալիք որակեք և ձեր ծախու դատարաններում գործ հարուցեք, կուզեք` ոչ։ Ինձ ու իմ նմանների համար մեկ է։ Մեր ՎԵՀԱՓԱՌԸ ԳԱՐԵԳԻՆ Բ֊ն է, և մենք նրա զինվորյալներն ենք։ Որովհետև դա արդեն համազգային խնդիր է։

Հ.Գ «Տգիտության շուների» ցանկացած վայրահաչոց անմիջապես կհեռացվի։ Այնպես որ չփորձեք»։