կարևոր
15445 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-06 22:23
Տարածաշրջան

Իրանն իր վարքագծով, ռազմական և քաղաքական քայլերով ցույց է տվել, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություններ չի հանդուրժի. դեսպան

Իրանն իր վարքագծով, ռազմական և քաղաքական քայլերով ցույց է տվել, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություններ չի հանդուրժի. դեսպան

Իրանն իր վարքագծով ու ռազմաքաղաքական քայլերով ցույց է տվել, որ սահմաների փոփոխություններ չի հանդուրժի։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի` «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին։

«Իրանի դիրքորոշումը շատ հստակ է ճանապարհի ապաշրջափակման հարցում` դա պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության շրջանակում։ Իհարկե, աշխարհում ընդունված է, որ երբ ասում են միջանցք, դա ընկալվում է որպես կոմունիկացիոն կապ, սակայն այս տարածաշրջանում դա լրիվ այլ կերպ է ընկալվում։ Ես գտնում եմ, որ խաղաղության լեզուն կարող է տարածաշրջանը դեպի կայունություն ուղղորդել։ Մենք նորից վերահաստատում ենք` դեմ ենք սահմանների ու աշխարհաքաղաքական փոփոխություններին»,– ընդգծել է դեսպանը։

Ըստ Մեհդի Սոբհանիի՝ ՀՀ–ից դեպի Սև ծով երկու օր շուտ կարող ենք հասնել «Հյուսիս–Հարավ» ճանապարհով, քան Ադրբեջանով։ 

«Իրանի համար ՀՀ–ն լավագույն ճանապարհն է դեպի հյուսիս` Սև ծով դուրս գալու համար, և ՀՀ–ի համար ևս Իրանը լավագույն ճանապարհն է դեպի Պարսից ծոց ու Չաբահար նավահանգիստ դուրս գալու համար»,– ընդգծել է դեսպանը։

Ինչ վերաբերում է Հյուսիս–հարավ ճանապարհին, ապա նա նշել է, որ հայկական կողմը դեպի հյուսիս լավ աշխատանքներ է արել արդեն, սակայն Երևանից դեպի հարավ թերևս դեռ աշխատելու տեղ կա։

«Հարավում զարգացման ծրագրերի շրջանակում Ագարակ–Քաջարան 32 կմ–ոց հատվածի նախագծի պայմանագիրը ստորագրվել է ու փետրվարի վերջին գործնական քայլեր կձեռնարկվեն այն սկսելու համար։ Այդ ճանապարհի կառուցումը փոխադրումների ու առևտրի ծավալների մեծացման համար կարևոր գործոն կլինի»,– ասել է Սոբհանին։

Ըստ նրա` որպեսզի ՀՀ–ով անցնող այդ երթուղին ավելի գրավիչ լինի վարորդների համար, պետք է օրենքները դյուրացվեն, սակագները նվազեցվեն ու կառուցվեն նոր ճանապարհներ (կամ բարեկարգվեն եղած ճանապարհները)։ Նրա խոսքով` առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակություններն այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն։

Հարցին, թե ի՞նչ է արվում հայ–իրանական տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման համար, դեսպանն ասել է, որ իր գործունեության առաջնահերթությունն է, որ ՀՀ–ն և Իրանը կարողանան զարգացնել ու հետամուտ լինել տնտեսական համագործակցությունը, ներդրումներ ունենալ առևտրի ծավալների մեծացմանը ու տրանսպորտի ոլորտում առկա խոչընդոտների վերացմանն ու դյուրացմանը։

«Տնտեսության առանցքային խնդիրը փոխադրումների ու ենթակառուցվածքների ապահովումն է, որ երկու երկրների միջև կապն ավելի լավը լինի»,– հայտարարել է Սոբհանին։

Նա անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին` նշելով, որ այն 30 տարի որևէ արդյունք չի գրանցել։

«Մի հայ մտավորական ինձ պատմել է, որ ամերիկացի պաշտոնյան իրեն ասել է` Մինսկի խումբը ստեղծվել է, որ իրենք իրենց ներկայությունն ապահովեն տարածաշրջանում։ Հետևաբար, նրանք խաղաղության չեն ձգտել, որովհետև այստեղի պատերազմից իրենց ոչինչ չի լինի, տուժողը տարածաշրջանի երկրներն են լինելու։ Եվ բնական է, որ մենք հետևենք իրական խաղաղություն հաստատելուն»,– ասել է Սոբհանին։

Դեսպանը խոսել է նաև «3+3» ձևաչափի մասին` ասելով, որ այն կարող է հաջողություն ունենալ, եթե մասնակից երկրները ցանկանան իրական խաղաղություն։

««3+3» ձևաչափը միտված է տարածարշրջանի երկրների խնդիրների լուծմանը։ Եթե այս ձևաչափը կկարողանա շոշափելի ձեռքբերումներ արձանագրել, ապա մյուս երկրները ևս ցանկություն կունենան մասնակցել այս հարթակին։ Եվ, ի վերջո, խաղաղության հաստատման համար ամենալավ ուղին տնտեսական կապերի հաստատումն է, այլ ոչ թե լարվածության հրահրումը»,– հայտարարել է ՀՀ–ում Իրանի դեսպանը։

Ըստ նրա` Իրանի դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն ու երաշխավորը լինեն հենց տարածաշրջանի երկրները։