կարևոր
20038 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-27 14:54
Տարածաշրջան Քաղաքական

Թուրքիան ու Ադրբեջանը հյուպատոսություն ունեն Թավրիզում, Հայաստանն էլ պետք է ունենա․ Էհսան Մովահեդիան

Թուրքիան ու Ադրբեջանը հյուպատոսություն ունեն Թավրիզում, Հայաստանն էլ պետք է ունենա․ Էհսան Մովահեդիան

Նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը,  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում տեղեկացրել էր, որ Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացվի։ Իրանական Irdiplomacy վերլուծական կայքը հրապարակել է միջազգային հարցերի իրանցի ավագ փորձագետ, դոկտ․ Էհսան Մովահեդիանի հոդվածը, որում նա անդրադարձել է Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման դրական ազդեցությանը։ Հոդվածն ամփոփ ներկայացնում ենք ստորև․

«Նախորդ տարի Հայաստան է ճամփորդել 110 հազար իրանցի, իսկ այս տարվա առաջին 9 ամիսներին այդ թիվը հասել է 116 հազարի։ Աճում է նաև ավտոբուսների և բեռնատարների երթևեկությունը Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Ուստի պետք է ստեղծվի նոր ներկայացուցչություն, որը կկառավարի այդ գործերը։

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության հիմնումը կատարվել է այս քաղաքական, տնտեսական, առևտրային, անվտանգային և տրանսպորտային հարցերով ու հասարակական շփումներով զբաղվելու նպատակով։ Իրանն այս գործողությամբ՝ հստակ ուղերձ հղեց աշխարհին, որ ինքը ներկա է Հայաստանի հարավում, և ոչ ոք չպետք է մտածի Հայաստանի հարավի վրա հարձակվելու մասին։ Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացումը տեղի է ունենում երկու պետությունների փոխադարձ պայմանավորվածության համաձայն։ Կողմերի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր նույն հարցի վերաբերյալ և սա Իրանի կառավարության որոշումն է, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման դիմաց, Հայաստանն էլ կարող է Թավրիզում իր հյուպատոսությունը բացել։ Սա քաղաքական առաջընթաց է երկու երկրների հարաբերություններում։

Տեղական իշխանությունների հետ շփվելով՝ Հայաստանը կարող է ճիշտ պատկերացում կազմել Իրան-Հայաստան հարաբերությունների մասին, փոխել մոտեցումը, նվազեցնել որոշ մարտահրավերները և ճիշտ պատկերացում կազմել երկրի շահերի վերաբերյալ:

2019-ի փետրվարին՝ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդը Հայաստանի մասին խոսելից օգտագործեց «լավ հարևան» տերմինը։ Նա Իրան-Իրաք ութամյա պատերազմի (1980–88) հայ նահատակներին, համարել էր Իրանի պատիվը։ Այս մեկնաբանությունը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Իրանը երբեք սպառնալիք չեն եղել միմյանց համար։ Երկու երկրների սահմանը հիմնված է բարիդրացիության վրա և անվտանգային խնդիրներ չկան, այն մեր լավագույն սահմաններից է։

Շեշտն այս առանձնահատկությունների վրա դնելով՝ Թավրիզում Հայաստանի հյուպատոսությունը կկարողանա Իրանի ազերի բնակչություն ունեցող քաղաքներում հսկայական ազդեցություն ունենալ և բարձրացնել Հայաստանի իմիջը։

Տնտեսական տեսանկյունից պետք է նշել, որ Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակից է Հայաստանին։ Ակնհայտ է, որ Հայաստանի հյուպատոսությունը պետք է բացվի այս նահանգի կենտրոնում՝ Թավրիզում։ Շատ հայեր հարաբերություններ ունեն և առևտուր են անում այս նահանգի հետ և այս քայլը կօգնի լուծել նրանց խնդիրները։ Թավրիզում գտնվող հայ բանտարկյալները այլևս ներկայացուցչության անհասնաելիության խնդիրներ չեն ունենալու։ Հյուպատոսությունը կարող է կազմակերպվել մշակութային միջոցառումներ, սննդի փառատոներ, տարբեր ցուցահանդեսներ։ Հայ վարորդները կարող են օգտվել նաև Հայաստանի հյուպատոսության ծառայություններից, եթե խնդրի հանդիպեն։ Այս հյուպատոսությունը կխթանի սահմանային առևտուրը և սահմանի երկու կողմերում ներդրողներին կխրախուսի ու հարմարություններ կստեղծի նրանց համար:

Հյուպատոսությունը կարող է օգտակար հանդիսանալ նաև երկու երկրների միջև մարզային շրջագայությունների կազմակերպման հարցում և կապ կստեղծի Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ու Հայաստանի մարզերի միջեւ, մանավորապես՝ Սյունիք հետ։ Մշակութային առումով ևս այն արդյունավետ է։ Հայերն ապրել են Թավրիզում և երկար պատմություն ունեն այս նահանգում։ Թավրիզը թռիչքային հարթակ է լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնման և հարակից քաղաքներում ու նահանգներում փոխգործակցության զարգացման համար, որտեղ գտնվում են հայկական հնագույն հուշարձաններ, կրոնական ու պատմական վայրեր:

Որպես ամփոփում՝ Իրանն այս գործողությունն իրականացրել է կառավարության մշակած հարևանության քաղաքականության շրջանակներում։ Սրանով՝ Իրանը ցույց է տալիս, որ իր քաղաքականությունը դրական հավասարակշռության քաղաքականություն է, գործնականում հետևում է այս քաղաքականությանն ու համագործակցում իր հարևանների հետ։

Թավրիզում, Թուրքիան և Ադրբեջանը հյուպատոսություններ ունեն։ Տարածաշրջանում այս երկու երկրների էթնիկ հակումներն հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հյուպատոսություն ունենա Թավրիզում և սա էթնիկական հակումները, կոշտ հայացքները աստիճանաբար մեղմելու գործոն է։ Իրանի համար շատ կարևոր է հայ հասարակության պատկերացումներն ու վերաբերմունքը։ Հայ հասարակությունը դրական է վերաբերվում Իրանին։ Կապանում Իրանի հյուպատոսության բացումը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում, ամրապնդել Իրանի նկատմամբ հայերի դրական տեսակետը։ Թավրիզում հյուպատոսության բացումը կնպաստի Հայաստանում և Կովկասում հասարակական շփումների զարգացմանը, հանրային դիվանագիտության ամրապնդմանը և երկու երկրների վրա 2020 թվականի պատերազմի բացասական հետևանքների զսպմանը»։