Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ, ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ, ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանն Արցախից բռնի տեղահանվելուց հետո առաջինը բացել է Հայաստանի գրողների միության դուռը: Տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ է, քանիցս եղել է երկրի բոլոր բնակավայրերում, իր համերկրացիներին գիտի անուն առ անուն, ձեռքը միշտ էլ ԵՐԿՐԻ զարկերակին էր, բայց չգիտի՝ ով է կամ ինչ է հայրենիքը, և ինչ ասել է հայրենասիրություն:
«Ես մահից սկսեցի վախենալ այստեղ՝ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈւՄ, երբ հուղարկավորում էինք Արցախում բենզինի պահեստներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հարազատներիս: Չկար հող: Ամենուր քար էր, փոշի, տատասկ: Ծանր էր նաև երկինքը: Արցախում մենք գերեզմանոցին հանգստարան ենք ասում: Գիտե՞ք ինչու: Որովհետև մարդ այնտեղ, իսկապես, հանգստանում է, մաքրվում, զրուցում նախնիների հետ: Եվ մահն այնտեղ սովորական բան էր. ոչ ոք նրանից չէր վախենում: Այսպիսի տողեր ունեմ՝ հիշու՞մ եք այն նախշուն ու մանուշակաբույր ԵՐԿԻՐԸ, որտեղ ապրողները չէին հասցնում մահանալ...»,- մտորում է գրողը։
Նորեկ Գասպարյանը ցավով է նշում, որ երկրից հեռանալուց հետո չի կարողանում գրել, որ բանաստեղծությունը խզել է կապերը իր հետ, միտքը չի բանում. «Ոչինչ, ոչինչ չի ստացվում... ցավը թանձր է... գուցե... չգիտեմ... Երբ լքում էի քաղաքս, հիշեցի ամիսներ առաջ գրած տողերս՝ ես հեռանում էի, և ոչ մեկը չէր նկատում, որ ուսապարկիս մեջ ոչինչ չկա, այնտեղ խնամքով տեղավորախ ԵՐԿՐԻՍ մասունքներից բացի... Ես այդ օրերին տեսա մարդկանց, ովքեր խաչքարեր էին տեղափոխում իրենց հետ, գերեզմանաքարեր... պատկերացնու՞մ եք... Ինչ ասեմ, ինչ էլ լինի պիտի ապրենք, գիտե՞ք ինչու, որպեսզի կարողանանք վերադառնալ...»:
Անժելա Սեդրակյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,
կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս