կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 12:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի գլխի մեջ բանակի մասին կոնֆետից ու ելակից բացի ուրիշ ոչինչ չկա․ Յուրի Խաչատուրով

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը Գորիսում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին, անդրադարձավ, իր խոսքով, «այս ժամանակավոր իշխանությունների» որոշ հայտարարությունների՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նա հիշեցրեց վարչապետի ժպ Փաշինյանի հայտարարությունը զինվորների առջև նետված կոնֆետների մասին։

«Մենք գիտենք նրա թուլությունը ամեն քաղցրի հանդեպ՝ ելակ, կոնֆետ․․․ գլխի մեջ բանակի մասին սրանից բացի ուրիշ ոչինչ չկա»,-ասաց Յուրի Խաչատուրովը։

Նա անդրադարձավ նաև «Փաշինյանի սիրելիի՝ Ալենչիկի», արտահայտությանը, որն ասում է՝ բանակը չի լողացել։

«Ես պարզապես նրան ուզում եմ ասել, որ ինքը ինչքան էլ լողանա, մեկ է՝ երբեք չի մաքրվի, որովհետև նա շատ անմաքուր մարդ է»,-ասաց գեներալ-գնդապետը։

Խաչատուրովը նկատեց, որ բանակի մասին իշխող թիմը այլևս ոչինչ չի կարողանում ասել, որովհետև նրանք չգիտեն, որ 1994 թ-ի պատերազմից հետո բանակը ընդհանրապես ոչինչ չուներ՝ ո՛չ զորանոցներ, ո՛չ պոլիգոններ, ո՛չ կրակակետեր, ո՛չ զինամթերք, ո՛չ զենք․․․ այդ ամենը արվել է հետպատերազմյան տարիներին։

«Եվ այդ ամենը, մեծ հաշվով, սկսել է համալրվել 90-ականների վերջին․ բերեցին այնքան, որ բավարարեց նաև այս պատերազմին և դեռ ահագին էլ մնաց»,-ասաց նա։

Յուրի Խաչատուրովը խոսեց խոսակցությունների մասին, իբրև թե՝ այս պատերազմը հնարավոր չէր հաղթել, այս պատերազմը նախապես արդեն պարտված էր։

«Ո՛չ, ընկերներ, ճիշտ չէ, կոպիտ սխալների շարքն է հասցրել պարտության։ Այս արտահայտությունը տհաճ է՝ «հասցնել պարտության»։ Ամենամեծ սխալը․ Պաշտպանության բանակը չբերվեց լիակատար մարտական պատրաստության վիճակի,  եթե այն լիակատար մարտական պատրաստության բերվեր, զբաղեցներ բոլոր սահմանային դիրքերը, եթե բոլոր զորքերը կենտրոնացվեին, զորանոցներում մարդ չմնար, պարկերում տեխնիկա չմնար, պատերազմի սկիզբը լրիվ այլ կլիներ։ Այդ հակահարվածը, որ տվեցին Լելե Թեփեի ուղղությամբ, ոչ մեկին պետք չէր, դա չպատրաստված հակահարված էր, առաջին կորպուսը մարտի տարան պատերազմի առաջին օրերին, այնինչ պետք էր դա պահել։ Կոպտագույն սխալներ, որ հասցրին պարտության»,-ասաց Յուրի Խաչատուրովը։

Գեներալ-գնդապետը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմում նույնիսկ 3 տարի թուլացած բանակը կարողացել էր հաղթանակ տանել, կամ էլ թշնամուն կանգնեցնել Հայաստանի հեռավոր սահմաններում, իսկ այս դեպքում ադրբեջանցիները Կապանի վերևը հասան։

«Խոսում են՝ իբրև թե հենց նոր իշխանությունը գա, անմիջապես պատերազմ կսկսվի․ գիտեք, նոր ուժերը, որ գալիս են իշխանության, ամենաքիչն են ուզում պատերազմ, քանի որ նրանք գիտեն՝ ինչ է պատերազմը, նրանք կորցրել են իրենց ընկերներին և ամեն ինչ անելու են, որ պատերազմ չլինի»,-ասաց նա։

Եթե այս ուռոդները չլինեին, որ երկիրը հասցրին պատերազմի, պատերազմ ընդհանրապես չէր լինի՝ ասաց նա։

Յուրի Խաչատուրովը ոչ մի դաշինքի անդամ չէ, բայց բոլոր նրանց հետ է, ով այս իշխանության դեմ է։

«Անկեղծ եմ ասում»,-ասաց գեներալ-գնդապետը։

Մանրամասն՝ տեսանյութում․