կարևոր
4378 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-12 12:05
Քաղաքական

Խաղաղությու՞ն․․․ Այդ փաստաթղթում խաղաղություն չկա․ Գառնիկ Դանիելյան

Հունվարի 11-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հետպատերազմյան առաջին շրջանից մնացած, այնպես էլ օրացույցային նոր տարվա սկզբից մեծ արագությամբ ի հայտ եկած խնդիրներին, որոնց լուծումներն ու կարգավորումները, ըստ պատգամավորի, ընդդիմությունն ունի, առաջարկում է, սակայն ՀՀ «ինքնասիրահարված» իշխանություններն ականջալուր չեն ընդդիմության խոսքին:

Գառնիկ Դանիելյանն ի մասնավորի խոսել է նաև Երևանի կենտրոնը բեռնաթափելու ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած թերի և ոչ նպատակահարմար քայլերի մասին, նշել, որ դրանք արդյունավետ չեն և խորքում այլ նպատակներ են հետապնդում: Գույքահարկի աննախադեպ և շարունակական թանկացումներն, օրինակ, ըստ պատգամավորի՝ պատճառ կդառնան, որ Երևանի կենտրոնն աստիճանաբար «մաքրվի» ոչ ունևոր խավից: Գրեթե նույնն է կատարվում նաև այսպես կոչված «կարմիր գծերով» ավտոկանգառների պարագայում: «Այնպես չէ, որ վճարը տարեկան 160 հազար դրամ բարձրացնելուց հետո «կարմիր գծերում» դատարկ տեղեր են հայտնվել: Դրանք այսօր էլ լիքն են, պարզապես այլ մեքենաներ են կայանած: Նույնիսկ պետական ծառայողներ կան, որոնք ավտոմեքենայով քաղաքի կենտրոն չեն իջնում, պատճառաբանելով, որ չեն կարող իրենց մեկ ամսվա աշխատավարձը տալ կայանատեղիին»,- ասել է Գառնիկ Դանիելյանը:

Գառնիկ Դանիելյանն անդրադարձել է նաև իշխանությունների կողմից անընդհատ թմբկահարվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին և նշել, որ այդ փաստաթղթում ըստ էության, խաղաղություն չկա և այն նման է գեղեցիկ փաթեթավորված անորակ կոնֆետի: Հնարավո՞ր են, արդյոք նոր արտահերթ ընտրություններ՝ իշխանությունների վերջին պոպուլիստական քայլերի և ընդդիմադիր պատգամավորների՝ հաճախացած մարզային այցերի ֆոնին. պատասխանելով այս հարցին՝ Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ ընդդիմադիր պատգամավորների մարզային այցերը նոր երևույթ չեն, դրանք շարունակական պրոցես են, որ անկախ որևէ իրավիճակից շարունակվելու է: «Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների վերջին շրջանի պոպուլիստական պահվածքին, ապա, իմ կարծիքով, դա սովորական մանիպուլյացիա է՝ նոր ձախողումների հետ կապված հասարակական խիստ արձագանքը մեղմացնելու նպատակով»,- ասել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում