Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն այսօր տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Աբովյան փողոցում ծառահատման ժամանակ քաղաքացին վիճում քաղաքապետարանի աշխատակիցների հետ՝ մտահոգություն հայտնելով մայրաքաղաքում զանգվածային ծառահատման հետ կապված։
Խնդրով պայմանավորված դիմեցինք «Էկո-Մեդիա» ցանցի համահիմնադիր, էկոլրագրող Նարինե Կիրակոսյանին՝ մասնագիտական իր դիտարկումներով մեզ հետ կիսվելու համար։
«Երևանի ամենամեծ խնդիրը կանաչապատման, հողային տարածք չլինելն է։ Ամբողջ տարածքները, որոնք դեռ գոյություն ունեին կանաչապատման համար, այս շինարարական բումից հետո, աստիճանաբար վերացան, ծառերը հատում են՝ ասելով, որ հիվանդ ծառեր են, բայց դրա տեղը նոր ծառ չեն տնկում, կամ եթե տնկում են, չեն ջրում»,-ասաց Նարինե Կիրակոսյանը՝ նշելով, որ «Թամանյանական Երևանից» գրեթե ոչինչ չի մնացել և չունենք հստակ հատակագիծ, ոչ էլ՝ ճարտարապետ։
«Մեզ շատ են պետք սոսիներ, դրանք փոշեկլանիչ են, քաղաքում մնացած բոլոր սոսիները գույքագրված են, բայց արի ու տես դրանք էլ են կտրում։ Մենք չունենք ֆիտոնցիդներ արտադրող ծառատեսակներ։ Գիտական բաժնի ղեկավարը նշել էր, որ գիհիներ կտնկեն, բայց 1-2 հատ տնկում են, նկարահանում, ցուցադրում և դրանով էլ ավարտվում է, իսկ գիհիները հատուկ խնամք են պահանջում, պետք է անընդհատ ջրել, խնամել։ Ինչ-որ աստղաբաշխական գներով այդ տնկիները գնում են վարչապետի հովանու ներքո գործող ընկերությունից։ Այս իրավիճակում, երբ ադրբեջանական զորքերը եկել ու նստել են Ներքին Հանդում, Սյունիքի մեր տնկարաններից չենք կարողանում սոսիներ գնել։
Համարեցին բարդիներն իբրև կեղտոտում են, ալերգիա են առաջացնում, բայց իրականում բարդիները շատ մեծ նշանակություն ունեն, միջավայրը քամիներից են զերծ պահում, ինչը Երևանում անհրաժեշտ է։ Այս ՀՈԱԿ-ը («Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն) զբաղված է ծառերի խնդրահարույց առևտրով։ Էտված ճյուղերը կարող են վերամշակել և օգտագործել, բայց չի արվում։ Մենք համաձայն ենք բնակիչների հետ և կիսում ենք նրանց մտահոգությունը։ Կենդանի օրգանիզմ է քաղաքը, բայց պատասխանատուները այնպես են անում, որ հարմար չապրենք այստեղ։ Անօդ են թողնում մարդկանց․ ողջունելի է, որ տարածքում եղել են մարդիկ և փորձել են հասկանալ, թե՝ ինչ է կատարվում»,-ասաց Նարինե Կիրակոսյանը։
Ի դեպ, Աբովյան փողոցում հատված ծառի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ նշելով, որ քաղաքապետարանի գրության մեջ հատված այդ ծառատեսակի մասին նշել են իբրև թխկի է, այնինչ՝ հացենի է։
Էկոլրագրող Նարինե Կիրակոսյանն էլ մեր հետ զրույցում ասաց, որ հացենիներն ապրում են մինչև 300 տարի, բնափայտը բավական կարևոր ու օգտակար նպատակներով է օգտագրծվում։