կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 13:54
Հասարակություն

Երեխան մեղավոր չէ, որ 3000մ բարձրության վրա է ապրում. կրթությունը պետք է հավասար լինի բոլորի համար

Երեխան մեղավոր չէ, որ 3000մ բարձրության վրա է ապրում. կրթությունը պետք է հավասար լինի բոլորի համար

Տեղեկացրել էինք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շարունակում է հանդիպել դպրոցների տնօրենների հետ` օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում: Այսօր ԿԳ նախարարը օգոստոսյան քննարկումներ անցկացրեց Երևանի հիմնական դպրոցների տնօրենների հետ:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ տնօրենների հետ իր հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ անձամբ տեղյակ լինի յուրաքանչյուր դպրոցի առջև ծառացած խնդիրներին: Խոսելով, մասնավորապես, մարզային այցերի մասին` նախարարը նշեց, որ  յուրաքանչյուր մարզ իր յուրահատկություններն ունի, և կան մարզեր, որ բավական մեծ հիմնախնդիրներ ունեն` դպրոցների ֆինանսավորման հետ կապված: Դրա համար էլ, ըստ նախարարի, իրենք մտածում են դպրոցների ֆինանսավորման մոդելը թարմացնելու մասին,  քանի որ հնարավոր չէ ՀՀ-ում մեկ բանաձևով բոլոր դպրոցների ֆինանսական հարցերը կարգավորել:

«Բացի այդ` շատ մեծ խնդիր է փոքր կոմպլեկտացիա ունեցող դպրոցների հարցը, քանի որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ կրթության ձևաչափը կրթության որակի վրա ազդում է: Պետք է հասկանանք, թե այդտեղ ինչ պետք է անենք: Ըստ էության` խնդրի լուծումը դեռ չունենք: Մեր դպրոցների զգալի հատվածը 100-ից քիչ աշակերտներ ունի, և այդ երեխաները մեղավոր չեն, որ, ասենք, 3000 մ բարձրության վրա են ապրում: Մեխանիկական լուծում չենք կարող առաջարկել, այսինքն` փակել դպրոցը և բոլորին ավտոբուսով տեղափոխել մեկ այլ դպրոց չենք կարող` ճանապարհներ չկան, ձմռանը սառում են ճանապարհները: Մենք պարտավոր ենք նոր մեթոդներ մշակել, և հիմա համաշխարհային փորձն ենք ուսումնասիրում, քանի որ Կանադայում, ՌԴ-ի հյուսիսային շրջաններում նույնպես կան նման դպրոցներ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` ՀՀ-ում գործող 1430 դպրոցներից 800-ից ավելին ունեն մինչև 300 աշակերտ: Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանները, Մկրտչյանի հավաստմամբ, սովորելու իմիտացիա են տալիս, բայց դրանցում կրթության որակը բավարար չէ:

Հարցին, թե կա՞ն դպրոցներ, որոնք, այնուամենայնիվ, չեն ունենա առաջին դասարանցիներ, նախարարը պատասխանեց, թե, ցավոք, այո, կան նման դպրոցներ: «Վերջնական պատկերը դեռ պարզ չէ, բայց մի քանի տարի է` ունենք նման տենդենց: Օրինակ` Զանգեզուրում` լեռնային շրջաններում, կան դպրոցներ, որոնք չեն ունենա առաջին դասարանցիներ»,- ասաց նա: