Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես չգիտեմ, չեմ ճանաչում մի հայի, ով դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Բայց այդ կարգավորումը պետք է լինի վստահելի, արդար և արժանապատիվ։
Քանի թուրքը նենգ, անարդար և նվաստացնող մոտեցում է ցուցաբերում մեր հանդեպ, հաշտեցում և կարգավորում չի լինելու։ Սա քաղաքագիտական աքսիոմ է։
Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում մի թուրք, հայ հաղորդավարի ջերմեռանդ աջակցությամբ խոսում էր հայ-թուրքական կապերի զարգացման մասին, շեշտում էր իր մտերմությունը հայերի և հույների հետ, առանց հիշելու թեկուզ վերջին ամենաթարմ «Բայրաքթարային հայասիրությունը»։
Դեկտեմբերի 6-ի Հանրայինի հարցազրույցի առիթով ուղղակի պատմությունից քիչ հայտնի մի քանի դրվագներ ներկայացնեմ թուրքերի կողմից հայերի ու նաև հույների հանդեպ ունեցած կառուցողական քաղաքականությունից։
Ճիշտ է, խնդիրը վերաբերում է Թուրքիայում ապրող հայերին, բայց Թուրքիայի և թուրքերի համար հայը նույնն է, որ երկրի քաղաքացի էլ լինի։ Ատելության և ոչնչացման քաղաքականությունը տեխնիկայի ու տեխնոլոգիայի հարց է։
Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ տարածքներում հայ բնակչության թիվը կտրուկ նվազեց: Ամենամեծ թվով հայեր շարունակեցին ապրել Կ. Պոլսում:
Հանրապետական Թուրքիայի իշխանությունները շարունակեցին երիտթուրքերի ազգայնամոլական և հակահայ քաղաքականությունը: Թուրքական իշխանությունների աչքից չեն վրիպում նաև հատկապես ցեղասպանության տարիներին բռնի իսլամացած հայերը և նրանց սերունդները: Թուրքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները (վարչապետ, հետագայում նախագահ Իսմեթ Ինյոնյուն և ուրիշներ) տարբեր առիթներով հայտարարում էին Թուրքիան միայն թուրքերի հայրենիքը լինելու և ոչ թուրքերին երկրից հեռացնելու, ստրկացնելու կամ թուրքացնելու մասին թուրքական թեզը:
Ցեղասպանությունից հետո էլ Թուրքիայից հայերի արտագաղթի մեծ ալիքներ են եղել։
Թուրքիայից հայերի արտագաղթի վրա մեծապես ազդել են 20 դասակարգի զինակոչը, Ունեցվածքի հարկը և 1955 թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը:
20 դասակարգի զինակոչը 1941-1942 թթ. կիրառված քաղաքականություն էր ազգային փոքրամասնությունների (հայերի, հույների, հրեաների) հանդեպ, որի ժամանակ զորակոչի են ենթարկվել 18-60 տարեկանները, նրանք լիարժեք զինվոր չեն համարվել, զինվորական հագուստ չեն կրել և ծառայել են աշխատանքային գումարտակներում: Մտավախություն է եղել, որ Մեծ եղեռնի տարիների նման նրանց ևս պետք է կոտորեին: Այս խնդիրն ամբողջությամբ չի ուսումնասիրվել, սակայն պարզ է, որ նման զորակոչը մեծ արտագաղթի պատճառ է հանդիսացել:
1942-1944 թթ. կիրառվեց նաև Ունեցվածքի հարկի մասին օրենքը, ըստ որի հարկատուները բաժանվեցի 4 խմբի՝ ըստ կրոնական պատկանելության. Մահմեդականներ, ոչ մահմեդականներ, կրոնափոխներ, օտարահպատակներ: Ոչ մահմեդականները վճարում էին հիսնապատիկ անգամ ավելի հարկ: Հարկը չվճարելու դեպքում ազգային փասրամասնությունների գույքը պետականացվում էր: Իսկ եթե այդ դեպքում էլ գումարը չէր բանականացնում, ուղարկում էին տաժանակիր աշխատանքի, որ աշխատանքով վճարեին: Այս հարկի պատճառով գրեթե վերացավ հայ բուրժուազիան Թուրքիայի տարածքում:
1950-ական թվականներին Կիպրոսի խնդրով պայմանավորված Թուրքիայում բորբոքվեցին հակահունական կրքեր, որի արդյունքում 1955 թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում և Զմյուռնիայում (Իզմիր) կազմակերպվեցին հակահույն և հակահայ գործողություններ: Հարձակման ենթարկվեցին, հերդեհվեցին և թալանվեցին հայերի և հույների 4200-ից ավելի խանութ, 1000-ից ավելի տուն, 73 եկեղեցի, 2 վանք, 26 դպրոց և այլն:
Վերոնշյալ հալածանքները մեծապես նպաստեցին Թուրքիայի տարածքից հայ բնակչության արտագաղթի ծավալմանը: Հատկանշական է այն, որ միաժամանակ խրախուսվում էր հայության ներքին գաղթը՝ Արևմտյան Հայաստանից՝ Ստամբուլ: Արևմտյան Հայաստանում բացակայում էին ազգային և կրոնական ինքնությունը պահպանելու նվազագույն պայմաններն անգամ, ինչն էլ դրդում էր հայերին տեղափոխվել համեմատաբար ընդունելի պայմաններ տրամադրող մայրաքաղաք:
Հ․Գ․ Թուրքիան շարունակելու է հայերին ունեզրկելու և հայրենազրկելու քաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա այդ քաղաքականությունը կանխելու տրամաբանության, այլ ոչ թե «առևտրա-տնտեսական կապերի զարգացման» երազանքների մեջ։
Խաչատուր Ստեփանյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ,
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ