կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-17 12:41
Իրավական

Առկա է նվաստացնող վերաբերմունք անձի նկատմամբ. միջազգային իրավունքի փորձագետ

Առկա է նվաստացնող վերաբերմունք անձի նկատմամբ. միջազգային իրավունքի փորձագետ

Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Պոդոլսկի վթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի գործի մանրամասներին: Նա նախ ընդգծեց, որ ամբողջ տեղեկատվությունը ստանում ենք ԶԼՄ-ներից, որոնք ոչ միշտ են ճիշտ ու օբյեկտիվ:

 

«Այն, որ առկա է կամ նկատելի նվաստացնող վերաբերմունք անձի նկատմամբ, իմ կարծիքով, ակնհայտ է: Նմանատիպ գործեր բազմիցս են եղել տարբեր երկրներում, եւ գրեթե բոլոր դատական որոշումներին, որոնք առնչվել են նման դեպքերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է իր կարծիքն ու գնահատականը, որը համեմատելի է նաեւ սույն գործի հետ»,- հայտարարեց Սիմոնյանը եւ ընդգծեց մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի երրորդ հոդվածը:

 

Ըստ նրա` կան նաեւ այլ միջազգային օրենքներ, որոնք խախտվել են. խոսք մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածի մասին է, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածի, ինչպես նաեւ 10-րդ հոդվածի առաջին մասի: ՌԴ Սահամնադրության 21-րդ հոդվածն էլ է սահմանում նման արգելք` որ որեւէ պարագայում չպետք է նվաստացնել մարդու արժանապատվությունը, որը բարձրագույն արժեք է:

 

Տարոն Սիմոնյանը համարում է, որ եթե ապացուցվի, որ այլ հագուստ չի եղել, խալաթից բացի, ինչն այնքան էլ տրամաբանական չէ, գործն այլ ընթացք կստանա: «Պետք է քննարկվի համաչափության սկզբունքը` արդյո՞ք հնարավոր էր անձին դատարան բերել ավելի պատշաճ հագուստով, թե՞ ոչ»,- նշեց նա:

 

Հրաչյա Հարությունյանի քրոջ` ասուլիսին ներկա աղջիկը, սակայն հայտարարեց, որ ՌԴ-ում ապրող իրենց բարեկամները հագուստ տարել են եւ փորձել են փոխանցել, բայց թույլ չեն տվել: Նա նաեւ հայտարարեց, որ անմարդկային վերաբերմունք է նաեւ այն, որ մարդուն կոմայից արհեստականորեն հանել ու դատարան են տարել:

 

«Եթե ծանրության աստիճանն էլ ավելի բարձրանա, դա կարող է դիտվել կտտանք կամ խոշտանգում: Բայց դա պետք է ապացուցվի»,- նշեց միջազգային իրավունքի փորձագետը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ իրավական մեխանիզմներն առկա են, եւ հնարավոր է Հրաչյա Հարությունյանի տեղափոխությունը, եթե, իհարկե, ՌԴ-ն տրամադրի անձին ՀՀ-ին: