կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-17 19:41
Առանց Կատեգորիա

Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռվի պատճառները վերացված չեն

Ի՞նչ հաշտեցում, քանի դեռ կռվի պատճառները վերացված չեն

«Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ և համաձայնել են, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»: Սա մի հատված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից, որ տարածվել է Փարիզում հունվարի 16-ին տեղի ունեցած` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Եթե սա կողմերի միջև հավասարություն դնող հերթական հայտարարություն չէ, ապա մնում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանձն են առել մի գործ, որը,նրանց ուժերից վեր լինելուց զատ, նաև հղի է հակամարտող երկրների իշխանությունների տապալման վտանգով:

Կարծում ենք` բոլորի համար էլ պարզ է, որ Ալիևի երկարատև իշխանությունն Ադրբեջանում հենված է նախևառաջ «Ղարաբաղը» վերադարձնելու խոստումների և հայատյացության հողի վրա: Երկրի թալանին ու ժողովրդի թշվառ վիճակին Ալիևն այլ բացատրություններ չունի: Նախանձելի չէ նաև Նիկոլ Փաշինյանի վիճակը: ՀՀ նոր իշխանություններն Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ճիշտ է, առայժմ տեսակետ չունեն, բայց հասկանում են, որ չարդարացված որևէ զիջում Ադրբեջանին իրենց համար հղի է աղբանոցում հայտնվելու վտանգով, քանզի ոչ ավտորիտար երկրներում հենց այդ մեթոդն են կիրառում ձախողված իշխանությունների նկատմամբ: Հետևաբար, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չէին կարող քննարկել մի հարց և համաձայնել դրա շուրջ, եթե այդ հարցն ընդհանրապես քննարկելի չէ կողմերի համար: Մենք չենք ասում, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները երբեք չեն հաշտվելու: Մեր մտահոգությունն այն է, որ այդ հաշտեցումը կլինի արհեստական, եթե չվերանան հակամարտությունը ծնած պատճառները:

ՄԽ հարգելի համանախագահներին խորհուրդ կտայինք նույն ոգևորությամբ հաշտվելու կոչեր անել, օրինակ, վրացիներին և աբխազներին, սերբերին և ալբանացի թուրքերին, ուկրաինացիներին և ռուսներին` առանց վերացնելու այդ հակամարտությունների պատճառները: Նշված ժողովուրդները, անշուշտ, թշնամի չեն միմյանց, բայց ինչ-ինչ պայմաններում առաջ են եկել հակամարտություններ, որոնք պետք է կարգավորվեն քաղաքական լրջագույն որոշումներով և ոչ թե ազգամիջյան «հարսանեկան» տեսարաններով:

Նաև հարց է առաջանում` չհոգնեցի՞ն ՄԽ համանախագահները հայ և ադրբեջանցի ժողովուրդներին նախապես հաշտեցնելու անպտուղ ջանքերից: Հասկացանք, բերեցինք թուրքերին, իրենց պապերի գերեզմանները տեսան, մեկ-մեկ էլ մենք ենք Բաքու գնում` մրցումների: Հետո՞: Ողորմի Սերժի և Գյուլի անցավորներին, որ ուզում էին հայ-թուրքական հաշտեցման տակ սղղացնել նաև հայ-ադրբեջանական հաշտեցումը: Չստացվեց, ինչո՞ւ: Որովհետև Բաքվից ասացին, որ հայերը փորձում են բացել ոչ այն սահմանը, որ պետք է բացել, որովհետև հայ-թուրքական ֆուտբոլն ինքնին նույն ոլորտից էր, ինչ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման այս` արդեն չարչրկված հաշտեցումը: Հիշեք, թե Ցյուրիխում ովքեր էին հսկում Դավութօղլուին և Նալբանդյանին, որ չփախչեն: Ստիպեցին ստորագրել մի անպտուղ փաստաթուղթ, որն այդպես էլ քաղաքական որոշում չդարձավ ո'չ Թուրքիայի և ո'չ էլ ՀՀ խորհրդարաններում:

ՄԽ նախագահները նաև հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումը կնպաստի բանակցություններին նոր թափ ու բովանդակություն հաղորդելուն: Նման հանդիպում, կարծես, հնարավոր է կազմակերպել Դավոսի տնտեսական համաժողովում, բայց մենք խիստ կասկածում ենք, որ այդ հանդիպումով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների վերացման ուղղությամբ: Առավելագույնը պետք է սպասել ՄԽ համանախագահների հերթական հայտարարությանը, որով մեզ կասեն, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քիրվայություն կանեն և կհաշտեցնեն իրենց ժողովուրդներին:

Հետաքրքիր է` դեռ ինչքա՞ն կարելի է ձգել այս ծամոնը, երբ ՀՀ ղեկավարն իր «ժողովրդականությամբ» արդեն գերազանցում է Ալիևին, և նրանք երկուսով, ինչպես Բոլթոնը կասեր, կարող են իրենց ունեցած «մեծ վստահությամբ» լուծել Ղարաբաղի հարցը:

Էդիկ Անդրեասյան