Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի պատգամավորները Երեւանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում շաբաթ օրը ԱԺ նիստ են հրավիրել, որն առաջինն է արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Սակայն պաշտոնական տեղեկատվություն չեն հաղորդել։
Նիստին ներկա են եղել բոլոր պատգամավորները, բացառությամբ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ով ադրբեջանական գերության մեջ է: Նրան փոխարինում է եւ նիստն էլ վարել է Սամվել Բաբայանի կուսակից, ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը։
Օրակարգում 2 հարց է եղել՝ 2 պատգամավոր մանդատ են ստացել եւ երդվել: Եւ Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ձեւավորել, որը միջազգային հարթակներում Արցախի հարցն է բարձրաձայնելու եւ Արցախ վերադարձի հարցերով է զբաղվելու։ Հանձնախմբում ընդգրկվել են արցախցի պատգամավորները, առաջիկայում այլ անձանց էլ կընդգրկեն։
Ինչո՞ւ ԱԺ նիստի մասին պաշտոնական տեղեկատվություն չկա: Ըստ ամենայնի, արցախցիները չեն համարձակվում հաղորդագրություն տարածել, քանի որ ՀՀ իշխանությունները դեմ են Արցախի պետական ինստիտուտների պահպանմանը։ Մեր աղբյուրներն ասում են, որ նիստի մասին հաղորդելու առաջարկ արվել է մի քանի ընդդիմադիր պատգամավորի կողմից, սակայն չի ընդունվել։
Անհասկանալի է, թե ինչու են նիստ գումարում, եթե պետք է գաղտնի մնա, եւ ոչ մեկը չիմանա։ Երեկ փորձեցինք ԱՀ պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, սակայն մեծ մասն անհետացել էր, մյուսներն արագ անջատում էին հեռախոսը: Իսկ «Ազատ հայրենիք»-ՔՄԴ խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանը լսեց հարցը եւ ասաց, որ չի ուզում մեկնաբանել:
Ավելի ուշ զանգահարեց մեզ եւ հորդորեց հետեւել Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարություններին։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։