կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 09:45
Մշակույթ

Տեղի կունենա զոհված հերոսների ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը

Տեղի կունենա զոհված հերոսների ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակի կողմից հրատարակվել է Արցախյան վերջին գոյապայքարում զոհված հայորդիների ստեղծագործությունները ներառող ժողովածուն՝ «Հնչող ձայներ» վերտառությամբ:

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության երևանյան գրասենյակը սիրով հրավիրում է գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 17:00-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում:

Ստորև ներկայացնում ենք ժողովածուն կազմող, «Համազգայինի» երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքը, որը, որպես նախաբան, զետեղված է «Հնչող ձայներ» ժողովածուի մեջ:

 

Արցախի ազգային-ազատագրական պայքարը շարունակվելու է: Շարունակվելու է արցախցու անբեկանելի վճռով՝ հայրենի հողում ապրել, պայքարել՝ հավատալով վերջնական հաղթանակին։ Անհնար էր պատկերացնել, որ որևէ ժամանակ պարտվածի ու խաբվածի զգացողությամբ գլխիկոր կկանգնենք դաժան իրողության առջև: Եվ կսասանվի մեր հավատը, ու ապագան կդառնա մշուշոտ: 88-ին մենք վերագտանք մեզ, հայտնաբերեցինք մեր նիրհած ազգային գենը։ Գտանք մեր միասնության ոգին, համախմբվեցինք ու հաղթեցինք: Ցավոք, այն փոշիացվեց քաղաքական խաղերի մեջ, և մենք ծնկեցինք: Բայց...

Չէ որ տարիներ շարունակ հպարտանում ու ապրում էինք արցախյան հաղթանակով: Արցախը դարձել էր համայն հայության սևեռակետը: Մի քանի սերունդ զորացավ մեր հաղթանակի ոգով, այն հայ մարդու հոգեկերտվածքի առանցքը դարձավ:

Այսօր տարակուսած մտածում ենք՝ երբ ուշքի կգանք կատարվածից, երբ նորից կվառվի հաղթանակի այն ջահը, որն առաջնորդում էր մեր հերոս տղաներին նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին:

Իսկ այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք հավատալ հայի այն տեսակին, որը շարունակում է պայքարը՝ հանուն Արցախի ու Հայաստանի: Շարքի առջևում կանգնում են ամենանվիրյալները, հեռանում են լավագույնները․․․ Հավատանք հերոսացած տղաներին, որոնց արյամբ էլ ավելի սրբացավ հայրենի հողը: Չդավաճանենք նրանց մեր երերացող կամքով և պղտորված հավատով:

Նրանք մեզ պատգամում են արժանապատվորեն շարունակել իրենց գործը և հաղթական ավարտին հասցնել այն: Լսենք նրանց խոսքը և հավատանք, որ նրանք մեզ հետ են, որ բոլոր անմահների հետ շարունակվում է երթը դեպի Հայոց մեծ երազանքների գալիքը:

Нет описания.