Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետություն տեղահանվող քաղաքացիների կարիքները գնահատվում են e-soc.am հարթակի միջոցով։ Այս մասին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
«Քաղաքացիները, ովքեր անցնում են հումանիտար կայանով, մեր սոցիալական աշխատողները աջակցում են, որ այդ հարթակում քաղաքացիները կարողանան իրենց կարիքներն արտացոլել։ Այսինքն՝ այնտեղ հնարավորություն ունեն ներկայացնելու՝ ինչի անհրաժեշտություն ունեն, օրինակ՝ կացարանի, սննդի, հագուստի, առաջնային որեւէ այլ պարագայի, կարող են նաեւ ներկայացնել եթե կա ծառայությունների կարիք․ օրինակ՝ եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ կամ տարեցներ, որոնք խնամքի կարիք ունեն։ Այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինում մարզպետարանների, համայնքապետարանների համար։ Կարիքների բավարարումն իրականացվում է մարզպետարանների համակարգմամբ»,- ասաց Զառա Մանուչարյանը։
Հարցին՝ արդյո՞ք կան տվյալներ, թե այժմ Արցախից բռնի տեղահանված Գորիսում քանի ընտանիք է մնում, մամուլի քարտուղարն ասաց․
«Ամբողջ աշխատանքներն իրականացվում են ԼՂ-ում ճգնաժամային իրավիճակի կառավարման աշխատանքային խմբի կողմից, որի կազմում եւ՛ մեր նախարարությունն է ներգրավված, եւ՛ ՏԿԵ նախարարությունից, եւ՛ Միգրացիոն ծառայությունից ու մի շարք այլ գերատեսչություններ։ Ինչ վերաբերում է տեղավորմանը, այդ աշխատանքները համակարգվում է ՏԿԵՆ-ի կողմից»։
Անդրադառնալով որոշ դժգոհությունների, թե օգնությունը ժամանակին չի հասնում, Մանուչարյանն արձագանքեց․ «Հիմնականում ահազանգեր լինում են նրանց կողմից, ովքեր չեն ուզում այս պահին տեղավորվել օրինակ՝ Սյունիքի մարզում, նրանք այլ վայրում են ուզում, եւ հայտարարությունները լինում են օրինակ այն մասին, որ Երեւանում փնտրում են բնակարան»։
Հարցին՝ պետական կառավարման օղակը կարողանո՞ւմ է այդ բոլոր աշխատանքները տանել, թե՞ կամավորների ներգրավման կարիք կա, Մանուչարյանը պատասխանեց․ «Այս պահին աշխատանքներն իրականացվում են եղած ռեսուրսներով, որոնք լիարժեք բավարարում են, բայց քանի որ թեպետ մեր կողմից ավելի վաղ էլ եղել էին հայտարարություններ, որ չկան լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն, չկա մասնավոր նախաձեռնությունների անհրաժեշտություն, բայցեւ հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների կողմից դեռ շարունակվում են մեզ դիմումները»։