Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2000 թվականի դեկտեմբերի 4-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 55/76 բանաձևով հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ աշխարհում փախստականների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։ Սա ևս մեկ ազդակ է աշխարհին հիշեցնելու բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների խախտումների, այդ թվոււմ՝ մշակույթի իրավունքի խախտումների մասին, որի պատճառով նրանք զրկված են իրենց պատմամշակութային վայրեր այցելելու, համայնքի մշակութային կյանքին մասնակցելու և ավանդական գիտելիքը սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Այս մասին գրում է monumentwatch.org-ը:
Ադրբեջանի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների արդյունքում Արցախից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվն ավելի քան 120 հազար է։
Բռնի տեղահանության արդյունքում արցախահայերը տարանջատվել են իրենց սոցիալ-մշակութային արժեքներից, զրկվել պատմական հայրենիքի բնության, հուշարձանների, համայնքի և մշակութային լանդշաֆտի հետ կապված գիտելիքը, սովորույթներն ու պրակտիկաներն իրացնելու և ապագա սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Պատմա-մշակութային հուշարձաններից բռնի հեռացումը, դրանց ոչնչացումն ու պղծումն անհաղթահարելի մարտահրավերներ են ստեղծել մշակույթի իրավունքի համապարփակ իրացման համար: Համայնքային կյանքի կազմաքանդման գործընթացը, բնական մշակութային միջավայրից ու լանդշաֆտից հեռացումը պատճառ են դարձել նաև ոչ նյութական ժառանգության բազմաթիվ տարրերի՝ բարբառի, ավանդական ուտեստների, արհեստների, տոների, փառատոների, համայնքային խաղերի, գյուղատնտեսական և կենցաղավարման մշակույթի աստիճանական անհետացմանը, մշակութային ոչ ֆորմալ կրթության կասեցմանն ու ստեղծել ինքնության ամբողջականության պահպանության համակարգային խնդիրներ։
Հիշյալ բոլոր գործընթացները ուղիղ կերպով առնչվում են արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումների և իրացման խնդիրների հետ։
Մշակույթի իրավունքի առաջին համընդհանուր երաշխիքը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ» հռչակագրի 27-րդ հոդվածն է․ «Յուրաքանչյուր ոք ունի համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու (United Nations. 1948. Universal Declaration of Human Rights, Art. 27.1. Paris: United Nations), արվեստը վայելելու, գիտական առաջընթացին և դրա օգուտներին մասնակցելու իրավունք» ամրագրումով: Վերջինիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկնաբանությունը հաստատել է, որ համայնքի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը երաշխավորում է նաև մշակութային ժառանգության հասանելիության, մշակութային պրակտիկաներին մասնակցելու և վայելելու յուրաքանչյուրի իրավունքը։
Մշակույթի իրավունքի քննության մեկ այլ առանցքային աղբյուր է ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային իրավունքների» միջազգային Դաշնագրի 15-րդ հոդվածը, որն իր 1/ա կետով մշակույթի իրավունքը սահմանում է որպես «․․․յուրաքանչյուր անհատի՝ իր մշակութային կյանքին մասնակցելու իրավունք (Committee on Economic, Social and Cultural Rights, 2009, General Comment No. 21)»։
Շատ փորձագետների գնահատմամբ բռնի տեղահանումը շարունակվող պատերազմի ձև և բռնություն է՝ գերազանցելով նույնիսկ պատերազմի արհավիրքները։ Այն նաև հանցագործություն է միջազգային սովորութային իրավունքի համաձայն (International Committee of the Red Cross; ICRC; 2019, April; Displacement in Times of Armed Conflict: How International Humanitarian Law Protects in War and Why It Matters. p. 22)։
Փորձելով գնահատել բռնի տեղահանման արդյունքում արցախահայերի մշակույթի իրավունքի խախտումները, մենք առերեսվում ենք մի քանի խնդիրների, որոնք ներառում են մշակութային ժառանգության տարածքներ մուտքի արգելումը, մշակութային պրակտիկաների, ինքնության շարունակականության և վերստեղծման կասեցումը, հոգեբանական տրավմաները և ինքնության ժխտումը։ Համայնքների բռնի տարհանման ու ինքնության տարրերի օտարման բացասական հետևանքներից է նաև անցյալի սոցիալական հիշողության մթագնումը։
Արցախահայերի բռնի տեղահանումը անհաղթահարելի մշակութային և հումանիտար ճգնաժամ է ստեղծել։ Փախստականների միջազգային այս օրը հրամայական է՝ ճանաչել և անդրադառնալ նրանց մշակութային իրավունքների խախտումներին: Արցախահայերի հարուստ մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն արդարության խնդիր է, այլև էական համաշխարհային մշակութային խճանկարի բազմազանությունն ու հարստությունը պահպանելու հրամայական։