Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չորեքշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Կողմերն ընդգծել են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԵՄ-ն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ ամրագրված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրով, կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա սահմանազատմանը, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության հարգանքի վրա հիմնված տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը՝ փոխադարձության և հավասարության հիման վրա: Հայաստանը հաստատել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպմանը մասնակցելու իր պատրաստակամությունը:
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ծրագիրը՝ որպես տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղություն և համագործակցություն հաստատելու Հայաստանի կառավարության հանձնառության դրսևորում:
Հայաստանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական մշտադիտարկան առաքելության (Հայաստանում ԵՄ առաքելություն) արագ տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների կողմից առաքելությանը ցուցաբերվող աջակցությունը: Հայկական կողմը նաև ողջունել է առաքելության կազմում երրորդ երկրների ներգրավման կապակցությամբ ԵՄ պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են առաքելության ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև «Եվրոպական խաղաղության գործիքի» միջոցով Հայաստանին ոչ մահաբեր տեսակի սպառազինությունների տրամադրման աջակցության հարցը: Վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք են Սև ծովի ստորջրյա էլեկտրաէներգիայի և ինտերնետ մալուխների նախագծերը:
Քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստը համանախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան: