Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց, թե մեկ դատապարտյալի վրա այսօր որքա՞ն գումար է ծախսվում, ի՞նչ պատկեր է ստեղծվում, երբ համեմատում ենք համադրելի երկրների հետ: ԲՀԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե տնտեսական բնույթի հանցագործությունների համար մեր հանրապետությունում վերջին տարիներին քանի մարդ է դատվել, եւ արդյո՞ք անհրաժեշտ չէ հասարակության համար առավել նվազ վտանգավորություն ունեցող դատապարտյալների մասով որոշակի մեխանիզմներ մշակել եւ թույլ տալ, որ համաներման ինստիտուտի միջոցով լուծվեն այդ հարցերը:
Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ անցած տարի մեկ բանտարկյալի վրա ծախսվել է ամսական 124 հազար դրամ: Նա նշեց, որ եթե համեմատելու լինենք ՌԴ-ի հետ, ապա թվերը գրեթե նույնն են: Թե որքա՞ն մարդ է դատապարտվել տնտեսական հանցագործություն համար, նախարարը թվեր չնշեց` ասելով, որ նման վիճակագրություն չունեն. նախատեսվում է դատական վիճակագրության նոր համակարգի ներդրում:
«Պատժողական քաղաքականությունը որքանո՞վ է նպաստում: Գիտեք, ոչ միշտ է, որ ազատազրկումը հետապնդվող նպատակներին հասնելու լավագույն միջոցն է` հաշվի առնելով նաեւ համակարգի ոչ կատարյալ վիճակը: Կան մասնագիտական վերլուծություններ, որ պատիժն իր նպատակին ծառայում է առաջին չորս ամսում»,- նշեց նախարարը:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ մեկ դատապարտյալի վրա ծախսվում է ամսական 124 հազար դրամ, մինչդեռ պետական հատվածի միջին ամսական աշխատավարձը կազմել է 93,5 հազար դրամ: «Դուք ՌԴ-ի օրինակն եք բերում, բայց ես չեմ կարծում, որ դատապարտյալի վրա ծախսվող պահման գումարը պետք է ավելի բարձր լինի, քան քրեակատարողական հիմնարկում աշխատող մարդու աշխատավարձը: Մեզ մոտ, հստակ, այդ դիսբալանսը կա, ինչպե՞ս կբացատրեք»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Արդարադատության նախարարը նշեց, որ նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում 10 տոկոսով: