Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բեռնարդ Մեդոֆի ֆինանսական բուրգից տուժածների շահերը ներկայացնող իրավաբան Իրվինգ Պիկարդը նախորդ երեք շաբաթների ընթացքում $40 մլրդ-ի 60 հայց է ներկայացրել դատարան:
Հիշեցնենք, որ Մեդոֆն ԱՄՆ-ի խոշորագույն ֆինանսական բուրգի` Bernard L. Madoff Investment Securities-ի (BLMIS) հիմնադիրն է, որը 2009թ. հուլիսին դատապարտվել է 150 տարվա ազատազրկման: Մեդոֆի հիմնադրամի` ֆինանսական բուրգ լինելու հանգամանքը պարզվեց այն ժամանակ, երբ 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թեժ շրջանում ներդրողները բանկերից պահանջեցին փոխհատուցել $7 մլրդ, որը գոյություն չուներ:
Մեդոֆի ձերբակալության ընթացքում BLMIS-ն ունեցել է հաճախորդների 4,9 հազ. հաշվեհամար, իսկ իր հաշվեկշռին` 65 մլրդ գոյություն չունեցող ակտիվներ: Նշենք, որ Մեդոֆի գործողությունների արդյունքում տուժածների կողմից հայց ներկայացնելու ժամկետը լրացել է ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-ին: Հայցեր են ներկայացվել մի շարք խոշոր ընկերություններին, այդ թվում՝ բրիտանական HSBC, ամերիկյան J.P.Morgan, Citigroup եւ շվեյցարական UBS բանկերին: Խոշորագույն հայցը ներկայացվել է համաեվրոպական UniCredit բանկային խմբին, որը մեղադրվում է Մեդոֆի ֆինանսական բուրգին աջակցելու մեջ: Ընդ որում` բոլոր ընկերությունները, որոնց Պիկարդը հայց է ներկայացրել, հերքում են ներկայացված մեղադրանքները եւ մտադիր են իրենց իրավունքները պաշտպանել դատարանում:
Ի դեպ` Պիկարդը Մեդոֆի գործի շրջանակում, ընդհանուր առմամբ, $55,5 մլրդ-ի 80 հայց է ներկայացրել, սակայն կարողացել է հետ վերադարձնել $2,5 մլրդ-ը: Մինչդեռ, ըստ Մեդոֆի հաճախորդների, իրենց կորուստները կազմել են $65 մլրդ, իսկ Պիկարդի հաշվարկներով` դրանք չեն գերազանցում $19,6 մլրդ-ը: Նշենք, որ Պիկարդի ներկայացրած հայցերով դատավարությունները կարող են երկար տարիներ շարունակվել, ուստի իրավաբանը մտադիր է փոխհատուցել իր հաճախորդների ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական վնասները:
Ի դեպ` օրերս իր բնակարանում ինքնասպան է եղել Բեռնարդ Մեդոֆի ավագ որդին` Մարկ Մեդոֆը, որը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել BLMIS-ում: Ենթադրվում է, որ նրա մահը կապված է Մեդոֆի աղմկահարույց գործի հետ: