կարևոր
4576 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-21 16:56
Քաղաքական

Նախկինների սխալները հայրենիք, պետականություն ու ցեղասպանություն չեն արժեցել․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին․

«Սիրելի Հայրենակիցներ,

Երկար մտածում էի, ի՞նչ ասել այս երեք րոպեների ընթացքում, որ չի ասվել անցնող երեք և ավելի տարիներին:

Ի՞նչ ասել, որ համարժեք լինի մեր տասնյակ հազարավոր այն հայրենակիցների ընդվզումին, որոնք իբրև հայ մարդ Սրբազան շարժման հաղթանակի մեջ են տեսնում իրենց լինելիությունն ու Հայաստանի պետականության փրկությունը:
Ի՞նչ ասել, որ համարժեք լինի Կիրանցի այն կնոջ արցունքներին, որի ոչ միայն պապենական տունը, այլև Արցախյան ազատամարտում զոհված երկու որդիների գերեզմաններն են մնում ձեր կողմից թշնամուն նվիրված հողում:
Ի՞նչ ասել, որ համարժեք լինի Գեղարքունիքի, Վայքի ու Սյունիքի հազարավոր բնակիչների՝ Կիրանցի աղետալի ճակատագրին չարժանանալու սպասումին:
Ի՞նչ ասել, մի դահլիճում, ուր թուրք ածականն ընդունելի է, իսկ՝ դավաճանը մարսված:
Ի՞նչ ասել, որ համարժեք լինի ոստիկանության այն ոհմակա- ենիչերիական վարքագծին, որը դարձել է քաղաքական մեծամասնության միակ և նողկալի հենարանը:

Դուք, իսկապես, չեք գիտակցում, որ հանուն թշնամու, հանուն սեփական անփառունակ իշխանության՝ ոստիկանական մահակի ու սապոգի տակ ՀՀ քաղաքացուն ու պետությունն եք նվաստանում: Դուք նաև ոստիկանին եք ոչնչացնում՝ նրան դարձնելով համազգային ատելության թիրախ:

Լափաման կոդային բառն էլ չի աշխատում: Այսօր նոր ձևակերպում շրջանառեցիք՝ նախկիններին, գուցե նաև ինձ՝ մեղադրելով քաղաքական գողապետության մեջ, ձեզ վերապահելով ժողովրդարությունն ու ժողովրդի անունից խոսելու հավատամքը:
Էս պատերից ու սեփական ապահովության գոտուց դուրս եկեք, բացեք ձեր աչքերը, տեսեք և լսեք, թե մարդիկ ինչ են մտածում ձեր մասին կամ արձանագրում օտարները:

Հայաստանն Արևմտյան Ադրբեջան համարող ցեղասպանի հետ գործակցող՝ հակաիրավական գործընթացներով ՀՀ իրավազորության տարածքները թշնամուն հանձնող, Սահմանդրական կարգ տապալող, Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դրած քաղաքական ուժը դեռ շարունակում է նախկիններին մեղադրել:

Այո, անցյալում եղել են սխալներ, որոնց համար պետք է պատասխան տալ:

Բայց դրանք Հայրենիք, պետականություն ու ցեղասպանություն չեն արժեցել: Ոչ մի իշխանություն այսքան կորստաբեր չի եղել ու հարցականի տակ չի դրել պետականության ապագան, ինչպես իշխող ուժը:

Իհարկե, ստի և մանիպուլյացիայի մեջ դուք անգերազանցելի եք, այսօր էլ ԱԺ փոխխոսնակի շուրթերից հերթական մերկապարանոց սուտը հնչեց: Սա էական էլ չի:
Կարող եք դիմել հին հունական սոֆիզմին կամ Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» սոփեստությանը, բայց հենց ձեր քաղաքական ուժի ճակատից չե ջնջվելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, կրկնապատկված Եռաբլուրը, Արցախի անվտանգային երաշխավորի ՀՀ Սահմանադրական պարտականության ուրացումը:

Եվ, իհարկե, գալու է պատասխան տալու ժամանակը:»