Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայերի համար սրբություն համարվող պատմական դեմքի՝ Գարեգին Տեր-Հարությունյանի՝ Նժդեհի դեմ գրոհը Ռուսաստանում սպառնալիք է ժողովուրդների փոխըմբռնման և միջպետական հարաբերությունների զարգացման համար. ըստ Yerkir.am-ի՝ «Ռեալիստ » տեղեկատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է «Միր Կավկազա» («Կովկասի աշխարհ») միջազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, Ռուսաստանի լրագրողների միության անդամ, քաղաքագետ Մաքսիմ Վասկովը:
«Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսական կովկասյան բանակի հերոս է, անբասիր սպա, որն արժանացել է ճանաչման Ռուսական կայսրությունում: Ցավոք, Ռուսաստանում շատերը քիչ են տեղեկացված, թե ով էր Գարեգին Նժդեհը Ռուսական կայսերական բանակի և Հայաստանի ժողովրդի համար: Հիմա Հայաստանը զարգանում է որպես ինքնիշխան պետություն, որն ունի իր պատմական ավանդույթները, իր հերոսներին և անցյալի ըմբռնումը: Իսկ մեզ մոտ՝ Ռուսաստանում, որոշակի բաներ ընկալվում են բավականին խախուտ գաղափարական կլիշեով: Եթե որևէ պատմական գործիչ այդ պատկերացումներին ինչ-որ բանով չի համապատասխանում, ապա դիտարկվում է միայն այդ անհամապատասխանությունը և անտեսվում այդ պատմական անհատի նշանակությունը՝ ընդհանուր առմամբ: Հաճախ նկատելի է որոշակի գործողությունների հանգեցրած իրադարձությունների պատմական համատեքստի թյուրընկալում, այդ գործողություններ էլ մեկնաբանվում են կողնապահորեն ու խեղաթյուրված: Դա մեծ սխալ է, որը վնասում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին»,- ասել է Մաքսիմ Վասկովը:
Քաղաքագետը շեշտել է, որ Նժդեհը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական դրոշների տակ ցուցաբերած հերոսության համար պարգևատրվել է Սբ Գեորգիի խաչերով, նաև Ռուսական կայսերական բանակում շատ հարգի Սբ Վլադիմիրի, Սբ Աննայի, Սբ Ստանիսլավի շքանշաններով և այդ բոլորին զուգահեռ, ինչպես այն ժամանակ ընդունված է եղել, սրերով: Նման պարգևները շնորհվել են միայն մարտի դաշտում ցուցաբերված անձնական քաջության համար:
«Մեզ մոտ, ցավոք, ուշադրություն են դարձնում միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված անցքին: Իրադարձությունների պատմական համատեքստի հիմքը դրվեց 1921 թվականի մարտի 16-ի խայտառակ պայմանագրով, որը դիվանագիտության պատմության մեջ հայտնի է որպես «Բարեկամության և եղբայրության մասին Մոսկվայի պայմանագիր»: Իմ կարծիքով՝ այդ պայմանագիրը դավաճանություն էր բոլշևիկյան կառավարության կողմից հայ ժողովրդի, նրա պատմական շահերի նկատմամբ, և հենց այդ պայմանագիրը անտեսեց նաև Օսմանյան կայսրության դեմ ռուս զինվորների թափած արյունը: Ցավոք, այդ պատմական սյուժեն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև Հայաստանում Ռուսաստանի ժամանակակից ընկալման վրա: Չի կարելի մոռանալ, որ հայկական Արարատը Թուրքիայում է: Համարում եմ, որ այդ պայմանագիրը ոչ միայն իր էությամբ էր հանցավոր, այլև ինքնին բոլշևիկների ծանրագույն քաղաքական սխալն էր, որը ՌՍՖՍՀ-ին, ապա նաև ԽՍՀՄ-ին, բացի խնդիրներից, այլ բան չտվեց: Այո, Կ. Վորոշիլովը և Ս. Արալովը Աթաթուրքի կողքին կանգնած են Թաքսիմ հրապարակի Հանրապետության հուշարձանում: Բայց Խորհրդային Միությունը շատ արագ, ի դեմս քեմալական Թուրքիայի, ստացավ ոչ թե դաշնակից և լոյալ երկիր, այլ գերմանամետ հրեշ, որն առիթի էր սպասում Մեծ հայրենական պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար»,- նշել է Մաքսիմ Վասկովը՝ հավելելով, որ հայ ժողովրդի համար դա կլիներ 1915 թվականի Ցեղասպանության՝ ավելի մեծ մասշտաբներով կրկնությունը:
Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան հետագայում դարձել է ՆԱՏՕ-ի անդամ և ԽՍՀՄ-ի դեմ սառը պատերազմի ակտիվ մասնակիցներից, 1990-ականներին աջակցել է Հյուսիսային Կովկասի անջատողականներին, իսկ ներկայումս զարգացնում է Ռուսաստանի համար ծայրաստիճան վտանգավոր նեոօսմանականության կամ պանթյուրքական նախագիծը:
«Ցեղասպանության կրկնությունը չթույլատրելու ցանկությունը Գարեգին Նժդեհին մղել է ստեղծված իրավիճակում փնտրել իր ժողովրդի գոյատևումն ապահովող ցանկացած հնարավորություն, եթե զարգանա վատագույն սցենարը: Հայ վերնախավի ներկայացուցիչները, որոնք պայքարում էին ժողովրդի կյանքի իրավունքի համար, երկյուղում էին, որ թուրքերը պատերազմի մեջ կմտնեն Գերմանիայի կողմից: Հայտնի է, որ թուրքական հրամանատարությունը Խորհրդային Հայաստան ներխուժելու ծրագրեր էր մշակել: Իրադարձությունների պատմական համատեքստը պարզ է՝ կար սպառնալիք, որ Թուրքիան պատերազմի մեջ կմտնի Գերմանիայի կողմից, և կկրկնվի Ցեղասպանությունը: Գարեգին Նժդեհը փնտրում էր բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պաշտպանի իր ժողովրդին նոր ցեղասպանությունից: Դա պայմաններ ստեղծեց գերմանական հրամանատարության հետ նրա շփումների համար: Նժդեհին որպես նացիստների ակտիվ աջակից ներկայացնելու փորձը գիտակցված, հակապատմական և, կարծում եմ, շահադիտական սադրանք է, հատկապես՝ դրանում ներգրավվող ռուսաստանցի «փորձագետների» կողմից, և ունի որոշակի նպատակ՝ վնաս հասցնել ռուս-հայկական հարաբերություններին»,- ընդգծել է Մաքսիմ Վասկովը՝ հավելելով, որ Նժդեհի՝ Երրորդ Ռայխի ներկայացուցիչների հետ շփումների՝ փողհարվող փաստը կտրված է պատմական համատեքստից և այդ մարդու մնացած կենսագրությունից, դիտարկվում է չափազանցված ու մեկուսացված, չեն նշվում դրա պատճառները, ընդ որում՝ Նժդեհի անունը գերմանական քարոզչամեքենան կիրառել է իր նպատակներով՝ առանց ուշադրություն հրավիրելու, թե որքանով է այդ համագործությունն իրական և ոչ՝ իր հորինածը: Քաղաքագետի համոզմամբ՝ իրական համագործակցությունը մերձբալթյան լեգեոնների, ուկրաինական բանդերականների, վլասովականների համագործակցությունն էր Երրորդ Ռայխի հետ:
«Մինչև 1944-ին իր ձերբակալությունը խորհրդային իշխանությունների կողմից Գարեգին Նժդեհը կարող էր գնալ որևէ չեզոք երկիր, չմնալ ԽՍՀՄ-ի կողմից վերահսկվող տարածքում, սակայն նա դա գիտակցաբար չի արել, քանի որ իրեն ինչ-որ բանում մեղավոր չէր ճանաչում:
Գարեգին Նժդեհն արիության ու պատվի մարդ է: Նրա շնորհիվ հայերը պահեցին Զանգեզուրը, պահպանվեց Իրանի հետ սահմանը և այլն: Հայաստանի Հանրապետության համար նա իսկական հերոս է, որն իր անձն է զոհել՝ հանուն հայ ժողովրդի: Սակայն նաև Ռուսաստանը պետք է հիշի Նժդեհին, որը մեր բանակի հերոս էր և գերազանց մարտիկ»,- շեշտել է Մաքսիմ Վասկովը:
Ըստ նրա՝ մարդիկ, որոնք Գարեգին Նժդեհի դեմ հարձակումներ են գործում, առնվազն ցուցադրում են իրենց վատ գիտելիքները և չեն գիտակցում, որ հայ ժողովուրդն ունի իր սեփական պատմությունը, որը կարող է չտեղավորվել Ռուսաստանում շրջանառվող գաղափարական սխեմաներում:
Ինչ վերաբերում է Արմավիրում հայկական եկեղեցու տարածքում իրականացված վանդալիզմին, Վասկովի խոսքով՝ ցանկացած նորմալ մարդ՝ անկախ ազգային պատկանելությունից ու մշակույթից, պետք է պահանջի, որ այդ «սրիկաները պատժվեն»՝ չնայած պաշտոններին, իշխանությունները պետք է ամենախիստ կերպով արձագանքեն դրան:
«Ռուսաստանն ուժեղ է նրանով, որ այստեղ տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք ունեն իրենց պատմությունն ու մշակույթը: Եթե թույլատրենք նման բաները, դա կլինի մեր ազգային գաղափարի ու մեր պետության քայքայման ճանապարհը: Մարդը, որն իրականացրել է այդ վանդալիզմը, պատգամավոր մնալու իրավունք չունի: Նա չի հասկանում, թե ինչ է Ռուսաստանը և ինչ են նրա համար հարաբերությունները դաշնակիցների հետ: Հայ ժողովուրդն աննախադեպ ուժ ու տաղանդ է ներդրել ռուսական պետության զարգացման գործում: Ի պատասխան՝ հայկական սրբությունների նկատմամբ նման կերպ վարվելը պետական հանցագործություն է»,- ընդգծել է Մաքսիմ Վասկովը: