կարևոր
2035 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 15:27
Հասարակություն

Արցախի պետական ինստիտուտները՝ թեկուզ սիմվոլիկ, պիտի պահպանվեն Հայաստանում․ «Հրապարակ»

Արցախի պետական ինստիտուտները՝ թեկուզ սիմվոլիկ, պիտի պահպանվեն Հայաստանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ Արցախի Հանրապետությունն այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից, սակայն որպես պետություն լուծարված չէ, հետեւաբար, Արցախի պետական ինստիտուտները պետք է շարունակեն գործել՝ թեկուզ որպես սիմվոլներ․ այս օրերին շատերն են այս հարցերը բարձրացնում։ Մեր հարցին, թե արդյոք ՀՀ Սահմանադրությունը թույլ տալի՞ս է, որ Արցախի պետական մարմինները գործեն ՀՀ-ում, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասաց` նման կարգավորում չկա, սակայն Արցախի պետական մարմինների պահպանումը կարեւոր է, եւ հնարավոր է գտնել իրավական լուծումներ։

«Հաշվի առնելով իրավիճակի նրբությունը՝ չկա նման իրավական կարգավորում։ Արցախի նախագահի այդ հրամանագիրը, ըստ էության, առոչինչ փաստաթուղթ է՝ մի շարք հանգամանքների հիմքով: Դրանցից մեկն այն է, որ Արցախի Հանրապետության՝ որպես պետության, ստեղծման հիմքում ընկած է հայտնի հանրաքվեն, ընկած է Անկախության հռչակագիրը, այնուհետեւ ընդունվել է Սահմանադրությունը, եւ այդ ակտերը շարունակում են իրենց գործողությունը։ Անկախության հռչակագիրը, որպես իրավական ակտ, անժամկետ է, գործողության սահմանափակում չունի։ Եթե նախագահի հրամանագիրն ուսումնասիրենք, ապա նույնիսկ իրավական տեխնիկայի պահանջներն էլ չեն պահպանվել, ուստի ակնհայտորեն առոչինչ փաստաթղթի հետ գործ ունենք, եւ մենք պետք է որդեգրենք մոտեցում, որ, այո, այդ միավորները շարունակում են իրենց գործողությունն ու գոյությունը։ Ընդհանրապես, պետությունը փաստի ուժով է դադարում գոյություն ունենալ, այսինքն՝ տարածքները, որտեղ ձեւավորված էր այդ պետությունը, եւ որոնք պատմական հայկական տարածքներ են, այս պահին Ադրբեջանի վերահսկողության ներքո են, եւ ի վնաս մեզ է մեկնաբանվում այն իրավիճակը, որ Հայաստանի ղեկավարն այդ տարածքները ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, բայց, այնուամենայնիվ, անպայմանորեն պետք է որեւէ կերպ ապահովել այդ մարմինների գործունեությունը ՀՀ տարածքում՝ թեկուզ ձեւական առումով, հետագայում իրավական հիմքեր եւ փաստական հանգամանքներ ունենալու՝ Արցախի Հանրապետության հարցն օրակարգում պահելու համար։ Բնական է, որ ամբողջական առումով եւ իրավական հիմքի տեսանկյունից ամբողջությամբ չենք կարողանալու ապահովել այդ մարմինների գործունեությունը, ինչպես նաեւ՝ փաստական հանգամանքներով պայմանավորված, բայց գոնե սիմվոլիկ առումով, պատմական առումով, հետագայում որոշակի փաստական հիմքեր ստեղծելու տեսանկյունից, իրավական հենքեր ունենալու տեսանկյունից, Արցախի հարցը վերստին օրակարգում պահելու համար անհրաժեշտ է դա անել։ Իհարկե, քննարկման հարց է, թե ինչ անվանում կունենան՝ «վտարանդի կառավարությո՞ւն», թե՞ մեկ այլ սահմանում կընդունվի, որովհետեւ միջազգային փորձի տեսանկյունից էլ այնպես չէ, որ այսպիսի իրավիճակները շատ են, որպեսզի փորձենք օգտվել նախկինում առկա նախադեպային իրավիճակներից։ Այնուամենայնիվ, թեկուզ գիտական համայնքը պետք է խորհրդատվություն իրականացնի, ինքս մտածել եմ նման քննարկումներ իրականացնելու մասին, որպեսզի որեւէ ձեւաչափով պահպանվեն Արցախի ինստիտուտները, բայց առաջին հերթին այստեղ պետք է Արցախի Հանրապետության պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, քաղաքացիները՝ իրենց կամարտահայտությամբ ու համաձայնությամբ հանդես գան՝ այդ կարգավիճակում պետական այդ մարմինները պահելու»,- պատասխանեց Մելոյանը։

Սահմանադրագետին հարցրինք, թե Արցախի որ պետական մարմինները եւ ինչպես կարող են Հայաստանում իրենց գործունեությունն իրականացնել, օրինակ՝ Արցախի դատական իշխանությունը, Փաստաբանների պալատը, ՄԻՊ-ը, դատախազությունը, կառավարությունն ու Ազգային ժողովը կարո՞ղ են գործել․։

«Այդ հարցերն օպերատիվ քննարկման առարկա պետք է դառնան եւ առաջին հերթին պետական աջակցության հիմք պետք է ունենան, որպեսզի որոշակի կարգավիճակով իրենց գործունեության շարունակությունը հնարավոր լինի։ Ակնհայտ է, որ եթե չկա պետական աջակցություն, ապա մի քանի անգամ բարդանում է այդ գործընթացի կազմակերպումը, իսկ ինչպես մենք նկատում ենք, պետությունը՝ ի դեմս իշխող ուժի, նման կամարտահայտությամբ հանդես չի գալիս, որովհետեւ մինչ օրս նույնիսկ կառավարության որոշում չունենք՝ այս իրավիճակում միասնական մոտեցում որդեգրող, ինչը վերաբերում է 100 հազար մարդկանց ճակատագրին, կեցությանը, կենցաղին ու կյանքի բոլոր բնագավառների կազմակերպմանը։ Նույն՝ Արցախի պետական համալսարանի գոյության շարունակությունը․․․, բուհը կարելի էր լիցենզավորել, եւ այն որպես մասնավոր բուհ շարունակեր իր ուսանողների կրթական իրավունքի իրացումը, բայց նույն իշխող ուժի անհամաձայնության համատեքստում այդ գործընթացը, որն իրենից ոչ մի վտանգ չէր ներկայացնում, շարունակություն չունեցավ, եւ ուսանողներին ընդամենը առաջարկվել է այլ բուհերում շարունակել իրենց ուսումնառությունը։ Որպես բանաձեւ՝ կարող եմ ասել, որ Հայաստանում գործող համանման պետական մարմիններին կից կարող են ինչ-որ կարգավիճակ տալ, առաջնային նպատակը՝ թեկուզ խորհրդանշական առումով, այդ ինստիտուտների գոյության պահպանումն է, պետք չէ բարդացնել ու անհնարին հարց դարձնել, թե հնարավոր չէ զուգահեռ նման մարմինների գոյությունը: Բայց առաջին հերթին պետական իշխանության կամարտահայտությունն այս իրավիճակում պիտի լիներ, որ ակնհայտորեն բացակայում է, բայց Արցախի Հանրապետության իշխանությունները, պետական մարմինները, ինչքան էլ իրենց համար այս իրավիճակը բարդ է, ինչքան էլ սոցիալական բեռ ունեն իրենց ուսերին, պետք է փորձեն այդ փաստահավաք գործունեությունն ապահովել»,- ասաց Մելոյանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում