Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հայաթափված է: Բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են ամեն ինչ նորից սկսել` իրենց սրտում պահելով Արցախ վերադառնալու հույսը: Կան մարդիկ, որոնք ասում են՝ հունվարի 1-ից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ», այլևս չհասկանալով Արցախի պետական ինստիտուտների պահպանման անհրաժեշտությունը: Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը նշում է՝ ովքեր ասում են, որ Արցախը լուծարված է, մարդիկ են, որոնք ուզում են, որ Արցախը լուծարվի:
«Ովքեր ինչ-որ փաստաթղթի հղում կանեն՝ փորձելով այդ փաստաթուղթը լեգիտիմացնել, իմացեք, որ դրանք հայ ազգի, մասնավորապես Արցախի թշնամիներն են: Որևէ անձ, քաղաքական ուժ ու ղեկավար չի կարող Արցախը լուծարել, քանի որ այն ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով: Այսօր Արցախը գոյություն ունի, այն շարունակելու է աշխատանքներ տանել, Արցախի ինստիտուտները կայացած են, այսօր դրանք աշխատելու են այն ուղղությամբ, որ մենք ունենանք հայկական Արցախ, հասնենք այն նպատակին, որ ունենանք կարգավիճակ, որը հիմք կտա արցախցիներին վերադարձնել Արցախ: Արցախահայությունը պետք է ապրի Արցախում, որպեսզի ունենանք հայկական Արցախ: Բոլորս էլ գիտենք, որ Արցախը որևէ մեկի սեփականությունը չէ: Այն, ինչ այսօր կատարվում է, Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության ցանկությունն է, որին նպաստեցին նաև հայկական, այսպես ասած, իշխանությունները, և ունեցանք այս արդյունքը: Բայց այնպես չէ, որ սա վերջնական արդյունք է, հնարավոր չէ փոխել, չպետք է սա հիմք ընդունենք և հետագայում հրաժարվենք մեր ինքնորոշման իրավունքից և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:
Հասկանալի է, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը ժամանակ է պահանջելու: Արցախի նախագահն իր վերջին հարցազրույցում նշել էր՝ «Արցախի վերադարձը մեր օրակարգում է»: ԱԺ պատգամավորից հետաքրքրվում ենք՝ արդյոք զրուցո՞ւմ են մարդկանց հետ նաև այս թեմայի շուրջ, փորձո՞ւմ են տալ նրանց հուզող հարցերի պատասխանները: «Իհարկե, զրուցում ենք: Շատերն են հասկանում, որ սա դավադիր ծրագիր էր, որ կյանքի կոչեցին: Պայքարող տեսակը կա, պայքարը շարունակվելու է: Սա մեր սերունդների սկսած պայքարը չէ, բայց մենք պետք է այս պայքարի շարունակողը լինենք: Եթե չկարողանանք հասնել մեր վերջնարդյունքին, այն է՝ Արցախի ինքնորոշումը, ապա գոնե կարողանանք մեր ինքնորոշման այս իրավունքը փոխանցել հաջորդ սերունդներին»,-նշում է մեր զրուցակիցը:
Արցախահայերը փորձում են հարմարվել նոր կյանքին, կառուցել այն զրոյից՝ նոր տուն, աշխատանք ու միջավայր: Ոմանք, սակայն, ներքուստ մերժելով այն միտքը, որ վերադարձը տուն գուցե երկար տևի, մեծ դժվարությամբ են հարմարվում նոր իրականությանը: «Իրականում բնական իրավիճակ է: Եթե կորցնենք վերադառնալու հույսը, դա կլինի պարտություն: Այդպիսին պետք է լինի այդ պայքարող տեսակը, որ ցանկանում է վերադառնալ իր հայրենիք և արարել այնտեղ: Կլինեն մարդիկ, որոնք գուցե գաղթի ճանապարհը կբռնեն կամ էլ Հայաստանում իրենց կյանքն այնպես կկազմակերպեն, որ չեն ցանկանա վերադառնալ, դա յուրաքանչյուր անձի որոշումն է: Կարող է որոշեն, որ պետք է իրենց ընտանիքով ապրեն Հայաստանում, նման որոշումներ տարբեր ժամանակահատվածներում տարբեր անձինք և ընտանիքներ կայացրել են: Կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կտա արդեն ժամանակը»,-ընդգծում է Արցախի ԱԺ պատգամավորը:
Ասում է՝ հետամուտ են լինում բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված մեր հայրենակիցների ճակատագրին, խնդիրների լուծման ուղիներ փնտրում: Կարևոր խնդիրներից առանձնացնում է մեկը. «Մեր հարցազրույցների ժամանակ մշտապես բարձրացնում ենք ժողովրդին հուզող հարցերը: Այսօր նմանատիպ հարցերից մեկը հետևյալն է. մեր քաղաքացիներից շատերն ունեն պարտավորություններ բանկերում, կառավարության կողմից հատկացված սոցիալական նպաստները բանկերը գանձել են որպես վարկի մարում: Սա անհաղթահարելի ուժ է, որն այդ քաղաքացիները չէին կարող նախատեսել: Մարդիկ զրկվել են իրենց գույքից, եկամտից, բայց այսօր բանկերը պահանջում են վարկերի մարում, քարտերի վրա արգելանքներ են դրված և այլն: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է հաշվի առնեն թե՛ կառավարությունը, թե՛ բանկերը, և այս հարցը պետք է բարձրացնել Կենտրոնական բանկի և բոլոր բանկերի հետ քննարկումներում: Այս հարցին պետք է լուծում տալ, սոցիալական նպաստներն օդ ու ջրի պես անհրաժեշտ են մեր քաղաքացիներին, համերկրացիներին, նրանք պետք է կարողանան այդ գումարն օգտագործել իրենց երեխաների հոգսերը հոգալու համար, ապրելու նվազագույն պայմաններն ապահովելու, այլ ոչ թե վարկեր մարելու համար: Այդ վարկերը տրամադրելիս որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ նման իրավիճակ կստեղծվեր: Այսօր ունեզրկված քաղաքացիներից պահանջել, որ վարկային պարտավորությունները ժամանակին կատարեն կամ էլ սոցիալական նպաստներն ուղղել վարկի մարմանը, անընդունելի է»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում