կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-06 13:42
Հասարակություն

Համակարգիչների վատ ազդեցությունը կարող է հասնել նվազագույնի, եթե պահպանվեն հիգիենիկ պայմանները. ակնաբույժի խորհուրդներ

Համակարգիչների վատ ազդեցությունը կարող է հասնել նվազագույնի, եթե պահպանվեն հիգիենիկ պայմանները. ակնաբույժի խորհուրդներ

 ՀՀ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ մեր երկրում  հանդիպող հիմնական ակնաբուժական խնդիրներին: Նրա խոսքով`վերջին տարիներին հայկական ակնաբուժությունը վերելք է ապրել, բավական մեծ աշխատանքն է տարվել ակնաբանական կրթության համար: Ակնաբույժը նշեց նաև, որ ակնային հիվանդությունների վաղ հայտնաբերումն այդքան էլ զարգացած չէ:

«Հիվանդացության քարտեզն այնքան էլ չի տարբերվում մյուս երկրների քարտեզներից: Մենք ապրում ենք բարձրադիր երկրում, մեզ մոտ հանդիպում են աշխարահագրական դիրքով պայմանավորված հիվանդությունները»,- ասաց բժիշկը և հավելեց, որ առավել  տարածված է կատարակտը: «Այդ հիվանդության  պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ գերզգայունությունն է: Հիմնականում երեխաներին է վերաբերում: Մանկական ակնաբուժությանն  է ավելի շատ ուշադրություն դարձվում: Անցյալում մանկական պրոբլեմների ուսումնասիրումն այդքան տարածված չէր, որքան հիմա: Հայաստանում ներակայումս աշխարհում տարածված գրեթե բոլոր ակնաբուժական միջամտություններն ու ախտորոշումները կատարվում են»,- նշեց Մալայանը:

Ակնաբույժն անդրադարձավ նաև տեսողության վրա համակարգիչների ազդեցությանը: Նրա խոսքով` այդ ազդեցությունը կարող է հասնել նվազագույնի, եթե պահպանվեն հիգիենիկ պայմանները՝ ճիշտ լուսավորություն, դիրք: «40-50 րոպե աշխատելուց հետո  առնվազն  15 րոպեանոց ընդմիջում է պետք անել: Համակարգչի առջև երկար գտնվելուց կարող է առաջանալ «չոր աչք» վիճակը»,- ընդգծեց Մալայանը` հավելելով, որ տեսողության վատացման արդյունք կարող է լինել նաև բնական՝ տարիքային ազդեցությունը:

Ակնաբույժը նշեց նաև, որ հատուկ սննդակարգ գոյություն չունի, որը կարող է տեսողության բարելավմանը նպաստել, սակայն վիտամիններով հագեցած սնունդը կարող է դրական ազդեցություն ունենալ, և սննդային ռեժիմը նշանակություն ունի քառասուն տարեկանից հետո:

Մալայանն ընդգծեց, որ շաքարային դիաբետն ազդեցություն է ունենում տեսողության վրա, և այս խմբում ավելի շատ մեծահասակներն են:

Ակնաբույժը, խոսելով լինզաների մասին, ընդգծեց, որ շատ կարևոր է օգտագործել որակյալ և արտոնագրով լինզաներ: Ըստ նրա՝ անգամ որակյալ լինզաները կարող են բացասական ազդեցություն ունենալ, եթե կրողն ալերգիկ է: Մասնագետը խորհուրդ տվեց լինզաները քնելիս անպայման հանել, ինչպես նաև երկար ժամանակ չկրել: