Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենկ Փալոունին: Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, այս մասին Yerkir.am-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Ողջունելով կոնգրեսականին՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է նրա պարբերական այցելություններն Արցախ, որոնք հիմք են հանդիսանում վերջինիս կողմից յուրաքանչյուր այցից հետո Կոնգրեսին նոր նախաձեռնություններ և բանաձևեր ներկայացնելու համար:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախի ժողովրդին ուղղված՝ իր և իր գործընկերների տեսաուղերձների համար՝ նշելով, որ դրանք Արցախի ժողովրդին ոգեշնչելուց զատ նաև փաստում են Միացյալ Նահանգների հավատարմությունը ազատության բացարձակ գաղափարին:
Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը ԱԺ նախագահին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային հավասարակշռության պահպանման անհրաժեշտությանն ուղղված իր և գործընկերների առաջիկա ծրագրերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է ունենա միայն խաղաղ կարգավորում՝ Արցախի հայկականության ու նրա անվտանգության ներկայիս բաղադրիչների պահպանմամբ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ԱՄՆ կողմից հակամարտող երկրներին հավասար օգնություն տրամադրելու հանգամանքը՝ տարածաշրջանում անվտանգային հավասարակշռություն պահպանելու նպատակով: Քննարկվել են նաև Արցախի տնտեսությանը ու էներգետիկայի ոլորտին վերաբերող հարցեր:
Հանդիպումն այնուհետև շարունակվել է ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավար կազմի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Ողջույնի խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավոր են դարձնում չեզոքացնելու Ադրբեջանի կողմից Արցախը մեկուսացնելու արհեստական փորձերը և Արցախի մասին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվություն տարածելու Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում: Նա անդրադարձել է Ֆրենկ Փալոունի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կողմից ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին ուղղվող նամակներին և բանաձևերի նախագծերին, որոնք նպատակ ունեն հակազդելու տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու աջակցելու լարվածության թուլացմանը:
Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, ողջունելով ներկաներին նշել է, որ իր՝ Արցախում գտնվելու հիմնական նպատակը աշխարհին ցույց տալն է, որ Արցախը կայացած ու ժողովրդավարական պետություն է, և իրենք իրենց այցերով պետք է ակտիվացնեն համագործակցությունը Արցախի Հանրապետության և տարբեր երկրների պետական համակարգերի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ կողմից Արցախում իրականացվող հումանիտար ծրագրերին և դրանց ֆինանսավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպումներին մասնակցել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:
Առավոտյան կոնգրեսական Փալոունին և նրան ուղեկցող պատվիրակությանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Մելքումյանը և ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը: