Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը Արցախից անհասկանալի հեշտությամբ ՀՀ տեղափոխվելուց հետո շտապեց Հանրային հեռուստաընկերության եթերում մի շարք աղմկահարույց հայտարարություններ անել։ Նա հայտարարել էր, որ միջնորդված բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ Արցախի հետագա կարգավիճակի վերաբերյալ և 23 կետից բաղկացած առաջարկներ փոխանցել։ Այնուհետև մեկ այլ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ այդ առաջարկների փաթեթը ներկայացրել է ՀՀ Քննչական կոմիտե։
Yerkir.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ՔԿ՝ փորձելով հասկանալ, թե Բաբայանը, լինելով պաշտոնաթող գործիչ, ի՞նչ լիազորություններ է ունեցել բանակցելու ադրբեջանական կողմի հետ, և արդյո՞ք այդ մասին տեղյակ է եղել ՀՀ իշխանությունը։
Քննչական կոմիտեն նշված տեղեկատվության տրամադրումը անհնար է համարել՝ նշելով, որ տվյալները ենթակա չեն հրապարակման։
Ստացվում է՝ Քննչական կոմիտեն չի ժխտում, որ եղել են գաղտնի, սեպարատ բանակցություններ Սամվել Բաբայանի և Բաքվի միջև։
ՔԿ-ից անուղղակի հաստատում են նաև, որ Սամվել Բաբայանը ժողովրդի թիկունքում գաղտնի բնույթի այնպիսի բանակցություններ է վարել, և դրանք անդպիսի հանցավոր տարրեր են պարունակում, որոնք հրապարակման ենթակա չեն։
Արցախի ղեկավարությունը, երբ գնաց Եվլախ բանակցություններ վարելու Ադրբեջանի պատվիրակության հետ, բանակցությունների արդյունքում կայացված որոշումները որքան էլ ականջահաճո չէին, հրապարակվեցին և հայտնի դարձան հասարակությանը։ Այդ ի՞նչ գաղտնի ու վտանգավոր են եղել Բաբայանի առաջարկները, որ ՔԿ-ն հրապարակման համար ոչ ենթակա է համարում։
Քննչական կոմիտեն նաև անպատասխան է թողել հարցը՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել Բաբայանի բանակցությունների մասին, կամ լիազորել նրան։
Հաշվի առնելով Բաբայանի սերտ կապը Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների հետ՝ կարելի է ենթադրել, որ այս ամենի մասին տեղյակ է եղել ՀՀ իշխանությունը, քանի որ Սամվել Բաբայանը 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Աննա Հակոբյանի, իմա՝ իշխանության և Նիկոլ Փաշինյանի հետ միասին եղել է պատերազմի համակարգողներից մեկը։ Հետո պատեհ անպատեհ առիթով հայտարարություններ արել՝ փորձելով մաքրագործել Փաշինյանի դավաճանական քայլերը։
Սամվել Բաբայանի քայլերը, ըստ էության, պետական դավաճանության տարրեր են պարունակում, բայց թե իրավապահ համակարգն ինչու է մինչ այս պահը լուռ՝ հասկանալի է. Փաշինյանի մտերիմ Սամվել Բաբայանը թշնամու հետ դավաճանական բանակցություններ վարելու համար այս իշխանությունների օրոք դժվար թե պատասխանատվության ենթարկվի։
Ամենևին չի բացառվում, և Փաշինյանի իշխանության օրոք շատ հնարավոր է, որ Սամվել Բաբայանի փոխարեն Հայաստանի բանտերում հայտնվի Արցախի քաղաքական ղեկավարությունը, ովքեր ոչ միայն ժողովրդի թիկունքում չեն գործել, այլև, ի տարբերություն Սամվել Բաբայանի, չեն ճողոպրել և մինչև վերջ մնացել են արցախահայության կողքին։
Անի Նահապետյան