կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-16 15:14
Քաղաքական

Զորի Բալայանը տիրապետում է շատ հույժ գաղտնի տեղեկատվությա՞ն

Զորի Բալայանը տիրապետում է շատ հույժ գաղտնի տեղեկատվությա՞ն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին Զորի Բալայանի` Վլադիմիր Պուտինին ուղարկված նամակի «տոնը դուր չի եկել». այս մասին նա հայտարարեց Yerkir.am-ի հետ զրույցում:

 

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ պարոն Բալայանը տիրապետում է շատ հույժ գաղտնի մի տեղեկատվության, համաձայն որի` ռուսական քաղաքական ղեկավարությունը պատրաստվում է օգտագործել իր ազդեցության բոլոր հնարավորությունները և Ղարաբաղը թողնել կամ փոխանցել Ադրբեջանին: Իր տեքստի մտահոգությունը ես այսպես եմ նկատում, որի հիման վրա պարոն Բալայանը փորձում է ՌԴ իշխանություններին խորհուրդ տալ, ինչու չէ` նաև խելք սովորեցնել, որ դա չի բխում նրանց ռազմավարական շահերից: Սակայն, եթե նույնիսկ տեսականորեն այդպիսի մտադրություններ կան, ապա առանց Հայաստանի համաձանյության` դա բացառված է»:

 

 

Նամակը կարդալուց հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Բալայանին հետաքրքրում են Ղարաբաղի և Ռուսաստանի շահերը, բայց ոչ Հայաստանը:

 

«Ես այն կարծքին չեմ, որ աշխարհաքաղաքական զարգացման ներկա փուլում Ռուսաստանը կարող է քաղաքական որոշում կայացնել Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ: Ավելին` եթե տարածաշրջանում կա խոշոր խաղացող, որին «ստատուս քվոն» ամենից շատ է ձեռք տալիս, դա Ռուսաստանն է, որովհետև Ղարաբաղի` «ստատուս քվո»-ի պահպանումը ուղղակի հնարավորություն է Ռուսաստանի համար անմիջապես և’ միջամտել, և’ ներկա գտնվել տարածաշրջանի գործերին: Հետևաբար, ես չեմ տեսնում որևէ նման մտավախություն»,-ընդգծեց նա:

 

Ըստ Խոսրով Հարությունյանի` ռուսներն ավելի լավ են գիտակցում իրենց շահերը. «Եթե Ռուսաստանը մի բան գիտակցում է, ապա` նախևառաջ իր շահերը: Եթե ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում, ապա ոչ թե նրա համար, որ շատ կարևոր է Հայաստանի անվտանգությունը, այլ նրա համար, որ այդ կերպ Ռուսաստանը հարավային ուղղությամբ ապահովում է իր աշխահաքաղաքական հետաքրքրությունների աներկբա և անընդհատ իրականցման հնարավորությունը: Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործացությունը մեզ պետք է ճիշտ այնքան, որքան ռուսներին»:

 

Ըստ Հարությունյանի` Հայաստանի համար ամենից ոչ նպատակահարմարը կլիներ, եթե Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Հայաստանից բացի լիներ մեկ այլ պետություն: «Հայաստանի և Ղարաբաղի երաշխավորը եղել է, կա և պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նա: