կարևոր
4432 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-17 14:16
Հասարակություն

Սնուփ Դոգը գումարը հետ չի վերադարձրել․ «Հրապարակ»

Սնուփ Դոգը գումարը հետ չի վերադարձրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

««Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամեիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա», ասաց «Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին)։ Ըստ նրա՝ մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել։ Բայց չէ, ինքը չի հրաժարվում․պատրաստ է այստեղ երգել, միայն թե ազատ օրեր ունենա։ 

«Ես խնդիր չունեմ ելույթ ունենալու, հասկանում եմ՝ ինչ իրավիճակ է երկրում։ Ցավում եմ ձեզ պատուհասած դժվար իրավիճակի համար։ Շատ լավ կլիներ, որ հանգիստ լիներ, գայինք, ժողովրդի հետ ուրախանայինք, բայց  եթե վիճակն այդպիսին է, ոչինչ, երբ հանդարտվի ու գտնեք, որ հարմար պահ է, հրավիրեք, ես կգամ` անվճար կերգեմ ու կգնամ»,-փոխանցեց Պետրոսյանը՝ Դոգի հետ զրույցից։ 

Սնուփ Դոգի մասնակցությամբ համերգային շոուի համար պետությունը 6 մլն դոլար էր տրամադրել։ Գումարը, ռեփերը ստացել է՝ առանց երգելու։ Այդ օրերին լուրեր էին շրջանառվում, որ 6 միլիոնից 1,8 միլիոնը Սնուփ Դոգի հոնորարն է, եւս 250 հազար ռայդերի գումարն է` ուտելիք, հյուրանոց, մեքենաներ եւ այլն: Որքան հասկացանք` հոնորարը նա ստացել է. «Գումարը հետ չի վերադարձրել ու չի վերադարձնի»,-ասաց Մակար Պետրոսյանը։

Ռեփերի հետ շփումներից Մակար Պետրոսյանը հասկացել է, որ մեգաաստղը հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Նույնիսկ նկատել է, որ իրենց հետ զրույցի ընթացքում նրա աչքերը փայլում են։ Հարցրել է՝ ինչո՞վ է պայմանավորված այդ փայլը․ «Ասաց՝ ես լավ հայ ընկերներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, այդ պատճառով նաև հայերին եմ սիրում»,-երգչի պատասխանը փոխանցեց զրուցակիցս։ 

Հայտնի է, որ Դոգի համերգներն անցնում են մարիխուանայի քարոզչությամբ, երբեմն նաև՝ բեմի վրա դրա օգտագործմամբ։ Հարցին՝ռիսկային չէ՞ր նրան հրավիրելը, երբ, ըստ միջազգային պայմանագրի՝ նա կարող է իր ուզած պահին թմրանյութ օգտագործել, ինչը չի բացառվում նաև համերգի ժամանակ, Մակար Պետրոսյանն ասաց․«Մեր պայմանագրում որևէ կետ չկա այդ մասին։ Այդ իմաստով մենք չենք կարող պարտավորություն կրել կամ չկրել նման դեպքերի համար։ Ես մարդ եմ հրավիրում Հայաստան, և պայմանագրով որևէ կետ չկա այն մասին, որ ինքը նման բանով կզբաղվի նույնիսկ համերգի ընթացքում։ Մենք իրեն ասել ենք՝ մեր օրենքները գիտես՝ ինչ կարելի է, ինչ չի կարելի, և պայմանագիր ենք կնքել այդ շրջանակներում։ Իսկ եթե օրենք կխախտի, թող դրանով զբաղվեն իրավապահ մարմինները։ Մենք չեն կարող նրան ասել՝ գրպանումդ դանակ չլինի կամ՝ փողոցն անցնելիս մարդկանց չապտակես»»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում