Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնված` Դոգ մականունով հայտնի` արդեն նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը հանրությանն ու իշխանություններին մոռացնել չի տալիս իր գոյության մասին:
ՀՀ զինված ուժերում ծառայելուց հետո Վ. Ղուկասյանը տեղափոխվել է ոստիկանության համակարգ, աշխատել` որպես օպերլիազոր: Դոգն աշխատանքից հեռացվեց 2013-ի ապրիլին Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած հայտնի միջադեպից հետո: Նա հրել եւ վիրավորել էր լրագրողին: Սակայն, ի զարմանս շատերի, միջադեպից ամիսներ անց նշանակվեց Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ:
Այդ ընթացքում մեծ աղմուկ հանած «Նռնակ» կայքը կապեցին նրա անվան հետ, նաեւ ասում էին, որ աղմկահարույց նյութերի հետեւում հենց նա է կանգնած: Ուշագրավ է, որ կայքի գործունեության դադարեցումը համընկավ Դոգի պաշտոնանկության հետ, ինչը եւս մեկ անգամ շատերին համոզեց, որ հենց Դոգն էր կանգնած այդ ամենի հետեւում: Այս տարվա հունվարի 20-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Ղուկասյանը վերջնականապես հեռացվեց ոստիկանական համակարգից:
Որոշ ժամանակ ընդհատակում մնալուց հետո Դոգն այսօր կրկին հայտնվել է:
Yerkir.am-ի լրագրողին երեկ նա տեղեկացրեց, որ նստացույց է սկսում ՀՀ նախագահի նստավայրի առջև: Պահանջում է, որպեսզի ապահովեն իր անվտանգությունը: Նա հայտարարեց, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն իր նկատմամբ հետապնդումներ է իրականացնում: Ղուկասյանն իր հետ Բաղրամյան 26 էր բերել մի քանի տեսասկավառակներ, որոնցում, ըստ նրա, Երևանի ոստիկանապետի ապօրինությունների վերաբերյալ փաստեր կան: Դոգը խոստանում է «հայկական «Վիկիլիքս» ապահովել»:
Ղուկասյանն ասաց, որ չի ամաչում իր անցյալի համար, որ չի աղոթում եւ զբաղվում է «մտավոր աշխատանքով»:
Ուշագրավ է, որ մեզ հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նշեց, որ իրեն բացարձակապես չեն հետաքրքրում Վարդան Ղուկասյան անուն-ազգանունով անձնավորությունը եւ նրա կողմից ներկայացված «փաստերը»: «Բացարձակապես ոչ մի անհանգստություն չկա: Համոզված եմ, որ նրա ներկայացրած դիսկերն էլ դատարկ են: Ինքը լավ, կլասիկ սարքող է»,- ասաց նա:
Կարապետյանն ափսոսանք հայտնեց, որ Ղուկասյանը մեկուկես տարի աշխատել է ոստիկանության համակարգում: «Ես մի բան գիտեմ` օրենքի առաջ բոլորը հավասար են: Եթե որևէ անձ օրենքը խախտի` պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Երեւանի ոստիկանապետը: Նրա խոսքով` իր աշխատանքային գործունեության մեջ մտնում է նաև աշխատակիցների բարոյական կերպարի ուսումնասիրությունը, եւ բարոյական չի լինի, որ ոստիկանությունում աշխատի անբարո անձ:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: