Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեսուրսները բոլոր ժամանակներում եղել են պատերազմների, եթե ոչ միակ, ապա հիմնական պատճառներից մեկը: Դրանց հետևանքով նվաճում կամ կորցնում են կենսականը՝ հողը, որը մի ժողովրդի հազարամյակների բնօրրանն է, հայրենիքը, նվաճողի համար էլ՝ կենսագործունեության կամ դրա ընդլայնման համար անհրաժեշտ տարածք: Հողն է սնում իր վրա ապրողին, իսկ հողը սնողը ջուրն է: Բնական ռեսուրսների համար պայքարը հատկապես սրվեց նախորդ դարի երկրորդ կեսին․ տեխնոլոգիական գերարագ զարգացումները և Երկիր մոլորակի բնակչության թվի կտրուկ աճն առարկայորեն իրենց հետ բերեցին դրանց պահանջարկի աննախադեպ մեծացում, և քաղաքակրթության արդեն որերորդ հազարամյակում հակամարտությունների շարժառիթը մնում են ռեսուրսները, մատուցման ինչ գաղափարական շղարշով էլ դրանք քողարկվեն:
Մեր օրերում ռեսուրսները պետությունների անվտանգային համակարգում հիմնական տարրեր են՝ արդեն բարձրացված ինստիտուցիոնալ մակարդակի, իսկ դրանցից հիմնականի՝ բնական ռեսուրսի կայուն օգտագործումը վերպետական, համամարդկային թիվ մեկ հիմնահարցերից է: Շրջակա միջավայրում արձանագրվող գլոբալ կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջնային են դարձել հատկապես ջրային ռեսուրսների պահպանման և արդյունավետ օգտագործման խնդիրները: Հայաստանում վերջինիս խնդիրը նորովի դրվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Քարվաճառի և Շահումյանի շրջանները, որտեղից սկիզբ են առնում տարածաշրջանում ամենախոշոր քաղցրահամ ջրի բնական պաշար, Սևանը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները: Վերոնշյալ շրջաններից է սկիզբ առնում նաև Արցախի Հանրապետության ջրային պաշարների 85 %-ը:
2021 թ. մայիսի և 2022 թ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցան Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող որոշ համայնքների խմելու ջրի ամբարները: Պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերը խնդիր էին դրել մեր տարածքներ ներխուժել երկու հիմնական ուղղություններով՝ Սևանա լճի և Ջերմուկի:
44-օրյա պատերազմից ամիսներ անց ադրբեջանական կողմի նախաձեռնած առաջին շփումներն Արցախի իշխանությունների հետ առնչվում էին Սարսանգի ջրամբարի ջրերի օգտագործման խնդիրներին: Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչներն էլ այցեր են կատարել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներ՝ Ստեփանակերտին և մի շարք համայնքներին մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ հարցերը կարգավորելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Բանն այն է, որ Արցախին հարակից ադրբեջանական բնակավայրերի գյուղատնտեսական նշանակության հողերի 96 հազար հեկտարը ոռոգվում է հենց Սարսանգի ջրամբարի ավելցուկային ջրերով: Վերջին փաստը չխանգարեց, որպեսզի Ադրբեջանը ձեռնարկի Արցախի լիակատար շրջափակումը՝ խափանելով նաև Հայաստանից Արցախ գնացող էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումը: Որպես հետևանք՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ստիպված եղավ ամբողջ հզորությամբ աշխատեցնել միակ խոշոր ՀԷԿ-ը և այդ նպատակին ուղղել ջրամբարում առկա ջրի հիմնական ծավալը, ընդհուպ մեռյալ գծից ներքև՝ ադրբեջանական կողմին թողնելով առանց ոռոգման ջրի, ինչին հետևեց Բաքվի բարձրացրած քարոզչական աղմուկը: Մյուս կողմից էլ՝ Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական կողմն արդեն ձեռնամուխ էր եղել գետերի հուների փոփոխման աշխատանքներին՝ դեպի հայկական պետություններ դրանց հոսքն առավելագույնս սահմանափակելու նպատակով:
Ջրային ռեսուրսների հարցում Հայաստանի խնդիրներն արևելյան և արևմտյան սահմանակից պետությունների հետ պակաս չեն, քան Արցախինը: Որոտան, Արփա գետերի ակունքներից բացի՝ ՀՀ սուվերեն տարածքներ ներխուժելու հետևանքով Հայաստանի որոշ համայնքների խմելու ջրի ամբարները նույնպես կամ անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո, կամ գտնվում են ուղիղ նշանառության տակ: Թուրքիան էլ արդեն որերորդ տասնամյակն է, ինչ ձեռնարկել է մեծ ծավալների ջրամաբարաշինական աշխատանքներ՝ սահմանափակելով իր տարածքով ջրերի հոսքը դեպի հարևան երկրներ: Խոշոր ջրամբարներ են կառուցվում նաև Արաքսի և Ախուրյանի վտակների վրա, որոնք էականորեն նվազեցնում են հոսքերը դեպի մայր գետ, որի ջրերը՝ տարեկան 1,82 մլրդ մ³-ը, ըստ դեռևս նախորդ դարի 60-ականներին ձեռք բերված պայմանավորվածության՝ երկրներն օգտագործում են 50/50 հարաբերակցությամբ:
Այս ամենին զուգահեռ Հայաստանի հիմնարար խնդիրներից է ջրային ռեսուրսների պահպանումն ու արդյունավետ կառավարումը, ինչը ցածր մակարդակի վրա է: Մեր երկրում տարեկան օգտագործելի ջրային ռեսուրսները շուրջ 9․05 մլրդ մ³ են, որից 8 մլրդ մ³-ը մակերևութային ջրերն են, իսկ 1․05 մլրդ մ³-ը՝ ստորերկրյա։ Մեր ռազմավարական ջրային պաշարը 1․672 մլն մ³ է, իսկ ազգային ջրային պաշարը՝ 35 855․6 մլն մ³։ Սևանա լիճը երկրի ազգային ջրային պաշարի 96․5%-ն է։ Օգտագործելի ջրային ռեսուրսները ներառում են Հայաստանի տարածքում ձևավորվող գետային հոսքը, անդրսահմանային համարվող Արաքս և Ախուրյան գետերի հոսքի Հայաստանի մասնաբաժինը և վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները` բացառությամբ էկոլոգիական թողքի:
Հայաստանում ձևավորվող վերականգնվող ջրային ռեսուրսները տարեկան 6․859 մլն մ³ են, որից մակերևութային ջրերը՝ 3․248 մլն մ³, ստորերկրյա ջրերը` 3․611 մլն մ³: Ըստ վիճակագրական կոմիտեի AQUASTAT տվյալների շտեմարանի՝ Հայաստանից այլ երկրներ հեռացող մակերևութային ջրերը տարեկան մոտավորապես 5․28 մլրդ մ³ են, ինչը նշանակում է, որ Հայաստանի տարածքում ձևավորվող ջրերը մենք ծայրահեղ անարդյունավետ ենք օգտագործում, ինչի հետևանքով նրանց 60-70%-ը հոսում է երկրի սահմաններից դուրս: Ստացվում է, որ վերականգնվող ջրային ռեսուրսների 90%-ի չափով կորուստ ունենք, չենք կարողանում այն ամբարել և օգտագործել Հայաստանում: Սա այն դեպքում, երբ Երկիր մոլորակում քաղցրահամ ջրի ռեսուրսների պակասն արդեն ավելի հաճախ է պատերազմների և ռազմական բախումների պատճառ դառնում:
Դրան զուգահեռ մեր երկրում ջուրը հավասարապես բաշխված չէ: Ըստ Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի գնահատման` Հայաստանը համարվում է բարձր ելակետային ջրային սթրեսով երկիր և 164 պետությունների շարքում այդ ցուցանիշով զբաղեցնում է 34-րդ տեղը։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության համաձայն` Հայաստանը ջրի ցածր մատչելիություն ունեցող երկիր է և ջրային ռեսուրսների շահագործման 45% համաթվով ենթակա է ջրային սթրեսի։ Ապագայի կանխատեսումներով՝ նույնիսկ լավատեսական սցենարի դեպքում Հայաստանի կենտրոնական և հարավային մասերում ջրային սթրեսի համաթվի արժեքը 2030-2040 թվականներին կբարձրանա մինչև 80%:
Վերոնշյալ իրողությունները Հայաստանի գործադիր իշխանություններին պարտադրում են առաջնային կարգով լուծել ջրերի կառավարման խնդիրները, ինչի համար առաջին հերթին անհրաժեշտ է երկու հիմնական խնդիր լուծել՝ ջրամբարներ կառուցել, որպեսզի Հայաստանից դուրս հոսող ավելի քան 5 մլրդ մ³ ջրի զգալի մասը օգտագործվի մեր երկրի տնտեսության մեջ, երկրորդ՝ արմատապես արդիականացնել ոռոգման համակարգը: Վերջինիս հնացած լինելու պատճառով ամեն տարի Սևանա լճից, օրենքի պահանջները շրջանցելով, բաց թողնված ջրաքանակի 70%-ը չի հասնում գյուղացուն: Այլ կերպ ասած՝ լճի էկոհամակարգը վտանգելով՝ բաց թողնված թանկարժեք ռեսուրսի մեծ մասն ուղղակի կորում է անարդյունավետ կառավարման հետևանքով: Թերևս առաջինը հենց ջրի անարդյունավետ կառավարման գործոնն է պատճառը, որ երբեմնի ագրարային երկրի համբավ ունեցող Հայաստանում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում միայն անկման ցուցանիշներ են արձանագրվում: Մյուս կողմից էլ՝ աշխարհում արդեն սուր է դրված պարենի անբավարարության խնդիրը և պետությունների անվտանգային համակարգում տարեցտարի պարենային անվտանգությունն առաջնային հորիզոնականներ է բարձրանում:
Արմեն Վարդանյան