կարևոր
2269 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-11 17:34
Հասարակություն

Ադրբեջանն Արցախում ցեղասպանությունը սկսել է Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակմամբ. Մարի Հովհաննիսյան

Ադրբեջանն Արցախում ցեղասպանությունը սկսել է Բերձորի միջանցքի ապօրինի շրջափակմամբ. Մարի Հովհաննիսյան

Արցախում տեղի ունեցած վերջին ցավալի իրադարձություններից հետո հայկական երկրորդ հանրապետությունը հայաթափվեց և դադարեց գոյություն ունենալ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ աննախադեպ վայրագություններին իրարամերժ գնահատականներ են տրվում․ փորձագետների մի մասը համոզված է, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել, մինչդեռ որոշ շրջանակներ համաձայն չեն այս գնահատականի հետ։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Հովհաննիսյանի հետ. 

-Տիկի՛ն Հովհաննիսյան, Արցախում տեղի ունեցած վերջին ցավալի իրադարձությունները կարո՞ղ ենք որակել որպես ցեղասպանություն, քանի որ այս թեմայով տարբեր իրարամերժ գնահատականներ են հնչում։

-Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի Հանրապետությունում՝ սկսած 2023 թվականի սեպտեմբերի 19-ից, ցեղասպանության շարունակությունն էր, որն Ադրբեջանը սկսել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ ապօրինաբար շրջափակելով Բերձորի միջանցքը։ Սա իրադարձությունների սիրողական կամ կամայական բնութագրում չէ․ եթե նայենք ՄԱԿ-ի կողմից 1948 թվականին ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 2-րդ և 3-րդ կետերը, ապա Բերձորի միջանցքի ապօրինաբար շրջափակումից հետո Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ցեղասպանություն էին։ 

Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը սահմանում են, որ տվյալ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ, մտավոր վնաս պատճառելը, որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ոչնչացմանը, ցեղասպանություն են։ Իսկ մենք ականատես եղանք, որ շրջափակումից հետո Արցախում կար սննդամթերքի, դեղորայքի և այլ պարագաների պակաս, առկա էր կյանքի նորմալ պայմաններին չհամապատասխանող իրավիճակ, որը բնութագրվում է որպես ցեղասպանություն։ Եվ տեսնելով արցախահայության աննկուն կամքը, իր հայրենի հողը չլքելու վճռականությունը՝ Ադրբեջանը պարզապես անցավ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետին, այն է՝ խմբի անդամների ուղղակի սպանությունը։ Այսինքն, այլևս կար արցախահայության գոյաբանական խնդիրը․ նրանք ենթարկվում էին գոյաբանական վտանգների։ Եթե նրանք մնային այնտեղ, ապա պարզապես մորթվելու էին, ինչպես որ դա տեղի ունեցավ։

Մենք ունենք բազմաթիվ փաստեր, թե ադրբեջանցի զինվորականներն ինչպիսի ահասարսուռ ոճրագործություններ են կատարել և հավատացեք, ըստ ականատեսների, դրանք կամայական որոշումներ չէին, դրանք պետության կողմից հրահանգավորված ոճրագործություններ էին՝ խաղաղ բնակչության դեմ։ Ադրբեջանցիները կիրառեցին ամենատարբեր զինատեսակներ, ժամանակակից՝ այդ թվում նաև արգելված զենքեր, թիրախավորեցին քաղաքացիական անձանց՝ չխնայելով անգամ երեխաներին, տարեցներին ու կանանց։ 2023 թվականի սեպտեմբերին ռմբակոծվում էր ամբողջ Արցախը, թիրախավորում էին քաղաքացիական անձանց։ Դա ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ 

-Եթե Արցախում տեղի ունեցածը ճանաչվի որպես ցեղասպանություն, ապա դա ի՞նչ կտա Հայաստանին, Արցախից տարհանված մեր հայրենակիցներին։ Դա ինչպե՞ս կարող է նպաստել վերջիններիս խնդիրների լուծմանը։

-Աշխարհի բազմաթիվ երկրներ ամենատարբեր մակարդակներով ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիան անգամ փորձում էր քրեականացնել ցեղասպանության ժխտումը, ամենատարբեր բանաձեր ընդունվեցին, դա ի՞նչ տվեց հայությանը, բարոյական տեսանկյունից՝ շատ բան։ Այո՛, պետք է պայքարել, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, համարվի ցեղասպանություն, սակայն այն, ինչ շարունակվում է տեղի ունենալ, դա ևս, համաձայն կոնվենցիայի, ցեղասպանություն է, որովհետև նրանք ոչնչացնում են պատմամշակութային արժեքները, և առհասարակ ողջ հայկական ինքնությունն Արցախում՝ դրանով իսկ փորձելով մաքրել հայկական հետքը։ Պատմամշակության արժեքների ոչնչացումը, ինքնության նկատմամբ ոտնձգությունները ևս ցեղասպանություն են։ Արցախում տեղի ունեցածը դեռևս որպես ցեղասպանություն շարունակվում է, այժմ էլ ոչնչացվում է հայության ինքնությունն Արցախում։

Ի՞նչ դա կտա արցախահայությանը․ իհարկե՛, իրազեկվածության բարձրացում, նպաստավոր քայլեր գլոբալ առումով ցեղասպանությունները կանխելու տեսանկյունից, եթե աշխարհը դա ճանաչի, որովհետև այլ պետություններ, կամ ցեղասպանական հանցագործություններ իրականացնել ցանկացող իշխանությունները որևէ խմբի, կամ ազգի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելուց առաջ երկու անգամ կմտածեն։ Բայց թե աշխարհի ճանաչումն արցախահայությանը շոշափելի առումով ինչ կտա, այս պահին դժվարանում եմ ասել, որովհետև անհրաժեշտ է, որ ցեղասպան պետություններն ընդունեն իրենց մեղքը և կրեն համապատասխան պատիժ։ Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել որոշ շոշափելի արդյուքներ։

Այդ ճանաչմանը հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք կատարել, քանի որ մենք տեսնում ենք, թե աշխարհն ինչպես է արձագանքում արցախահայությանը պատուհասած ցեղասպանությանը, թե՛ 2020 թվականին, թե՛ 2022-ից ցայսօր տեղի ունեցած դեպքերին։ Իրենց անարժեք կոչերն ու հորդորները որևէ կերպ արցախահայության ցավը չմեղմացրեց։ Նույնը կարող է լինել նրանց ճանաչումը, եթե չկան դրան հաջորդող հստակ իրավական գնահատական և քայլեր՝ լինեն դրանք պատժամիջոցներ, սահմանափակումներ և այլն։ Այսինքն, միայն գործուն քայլերը կարող են բերել շոշափելի արդյունքի։ Խիստ կասկածում եմ, որ արցախահայության վերադարձը հայրենիք որևէ պետության ճանաչումով հնարավոր կլինի։ Հավատում եմ, ցանկանում եմ, որ լինի վերադարձ, բայց ոչ այդ ճանապարհով։ 

-Այս համատեքստում պետությունը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որպեսզի միջազգային հանրությունը իրավական գնահատական տա Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանությանը։

-Պետությունը նախ ինքը պետք է հստակ իրավական գնահատական տա՝ համապատասխանեցնելով իր բառամթերքը միջազգային իրավունքին և տեղի ունեցած իրադարձություններին։ Դրանից հետո պետք է կատարի փաստահավաք աշխատանք. վավերագրել, փաստթղթավորել և ամբողջ հարցը տեղափոխել միջազգային իրավական դաշտ՝ պահանջելով հստակ, շոշփելի, գործուն քայլեր։ 

-Խնդրում եմ մանրամասնեք՝ ի՞նչ քայլեր, կամ նախաձեռնություններ է իրականացնում «Զորյան ինստիտուտը»՝ Արցախում տեղի ունեցած իրադարձությունների վրա միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ցեղասպանությունների կանխման հարցերով զբաղվող հաստատություննների ուշադրությունը հրավիրելու նպատակով։

-2020 թվականին տեղի ունեցած Արցախյան պատերազմից հետո՝ նույնիսկ ընթացքում, սակայն, աշխատանքները սկսեցինք պատերազմական գործողությունների ավարտից հետո, մեկնարկեցինք բանավոր պատմության նախագիծը։ Զորյան ինստիտուտը բանավոր պատմության արխիվ ստեղծելու փորձ ունի դեռևս 1980-ական թվականներից, երբ դեռ նոր էր հիմնադրվել։ Զորյան ինստիուտի պատասխանատուները գտան և վավերագրեցին Հայոց ցեղասպանությունը վերապրողների հուշերը։ Աշխարհի տարբեր երկրներում 786 վերապրողի հետ հարցազրույցներ ենք իրականացրել, և ստեղծեցինք մեծ արխիվ, որը ստեղծելու համար հրավիրվել են ամենատարբեր ոլորտների մասնագետներ, հստակ հարցաշար կազմվեց, և պատմությունները վավերագրեցինք տեսաձայնագրության միջոցով, որոնք այժմ օգտագործվում են կինոաշխարհում, ինչպես օրինակ՝ Արշալույս Մարտիկանյանի հարցազրուցը, որն «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի հիմքն է հանդիսացել։ 

Նույն կերպ նաև պատերազմից հետո Զորյան ինստիտուտը նախաձեռնեց Արցախյան պատերազմի բանավոր պատմության ստեղծումը։ Մենք հրավիրեցինք հարցազրուցավարների, ունեինք շուրջ 100 հարցից բաղկացած հարցաշար, որի վրա կրկին աշխատել էին ամենատարբեր մասնագետները և սկսեինք վավերագրել արցախահայության և առհասարակ պատերազմին մասնակցած ու պատերազմից տուժած հայերի պատմությունները։ Մինչ այժմ շուրջ 50 հարցազրույցներ ենք իրականացրել, որոնք հետագայում օգտագործվելու են գիտական հետազոտություններում, դրանք կարող են ծառայել նաև իրավական դաշտում՝ որպես սկզբնաղբյուրային նշանակության նյութեր։

Զորյան ինտիտուտը, լինելով գիտական կառույց, զբաղվում է իրազեկվածության բարձրացմամբ, կրթությամբ և 2022 թվականի դեկտեմբերից սկսած պարբերաբար մամլո հաղորդագրություններ ու հայտարարություններ է տարածում, այսօրինակ աշխատանքներ է իրականացնում։ Ավելին՝ Զորյան ինստիուտի գիտական հանդեսներից մեկը` Genocide Studies International-ը իր գարնանային համարն ամբողջությամբ նվիրեց Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ «Լաչինի միջանցք» (այսպես է կոչվում) աշխարհից ամենատարբեր գիտնականներ իրենց հոդվածները ներկայացրեցին, որոնք հրապարակվեցին։ 

Առաջիկայում նախատեսում ենք ուսումնական ձեռնարկ հրատարակել, որը կօգտագործվի կրթական հաստատություններում։ Մենք այս առումով շեշտը դնում ենք դրսում իրականացվող աշխատանքների վրա, որպեսզի կարողանանք իրազեկվածությունը բարձրացնել։