Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` հունվարի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Արշակ Մելիքյանի ծննդյան օրն է: Իր դուստրերի կողմից «Վարնկաթաղի արծիվ» անունը ստացած Արշակ Մելիքյանը կդառնար 35 տարեկան:
Նա զոհվեց Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի սանձազերծված պատերազմում` հոկտեմբերի 7-ին Արցախի հյուսիսարևելյան Վարնկաթաղ բլուրի գրավման ժամանակ: Կուսակից և զինակից ընկերների հետ հաջողվեց թշանամու ձեռքից հետ վերցնել կարևոր ռազմավարական բլուրը, սակայն, ցավոք, Արշակն ու նրա 23 կուսակից ընկերներն ընկան հայրենի հողը պաշտպանելիս:
Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց առաջնագիծ` չսպասելով որդու ծնվելուն։ «Տիգրանն առանց ինձ էլ կծնվի»,- մեկնելուց առաջ ասել էր Արշակը: Տիգրանը ծնվեց հոր զոհվելուց մի քանի օր անց` հոկտեմբերի 23-ին:
Դաշնակցական հայորդու աճյունն ամփոփված է հայրենի Պռոշյան գյուղի «Զորաց» պանթեոնում` զինակից և կուսակից ընկերների կողքին:
Այսօր նրա շիրիմին են այցելել հարազատները, համագյուղացիները, զինակից ընկերներն ու կուսակիցները, ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը և այլք, նրանք, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու հայի ու Հայաստանի ցավով ու ուրախությամբ ապրած Արշակ Մելիքյանին: