կարևոր
2170 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-16 11:05
Հասարակություն

Նրանք ընկան հանուն Արցախի

Այսօր Արցախյան ազատամարտի ազատամարտիկներ, ՀՅԴ անդամներ Վարդան Բախշյանի, Վաչե Ռոստոմյանի, Գագիկ Գրիգորյանի հիշատակի օրն է։ Այսօր նաև Արցախյան ազատամարտի մեկ այլ նվիրյալի՝ ազատամարտիկ, ՀՅԴ անդամ, նկարիչ Արթուր Ղարիբյանի ծննդյան օրն է։

Ստորև ներկայացնում ենք «Երկիր Մեդիա» Հ/Ը 16․12․2011 թվականի հրապարակած հոդվածը։

«Ո՞րն է հայկական զինուժում կատարվող նման դեպքերի պատճառը: Որպխես այս հարցի պատասխան հաճախ հնչում է. բանակը հասարակության հայելին է: Ու որքան էլ տարբեր ամբիոններից խոսվի ռազմահայրենասիրության մասին, մեր առօրյա կյանքում նույն այդ ռազմահայրենասիրության հիմքի, մեր բանակի առաջին մարտիկների մասին հիշատակումները բացակայում են: Նրանք բացակայում են դպրոցում, մանկապարտեզում, հեռուստաէկրանին: Այսօր Հայաստանի միանգամից չորս օջախներում հիշատակել են իրենց նահատակ որդիներին: Հիշատակել են նաեւ նրանց մարտական ընկերները, համագյուղացիները, եւ վերջ: Իսկ նրանք են կերտել մեր հաղթանակներից շատերը: Մեր շատ գործընկերներ նույնպես այսօր ներկա են եղել Վարդան Բախշյանի, Վաչե Ռոստոմյանի, Գագիկ Գրիգորյանի, Արթուր Ղարիբյանի հիշատակին նվիրված հավաքներին:

Վարդան Բախշյան, Գագիկ Գրիգորյան, Վաչե Ռոստոմյան: Նրանց անուններն արդեն 20 տարի միասին են արտասանում: Նրանք բոլորն ընկան հանուն Արցախի` Հասանաբադի մոտ մղված պայքարում: Վարդանն ու Գագիկը ուսանող էին: Նրանց մասին այսօր ասում են, երբ ընդունվեցին մայր բուհ, մեծ պատիվ էր իրենց համար, այսօր անուրանալի գործով բուհին են պատիվ բերում: 1988-ի փետրվարին այս երիտասարդներն առաջիններից էին, որ Արցախի անկախության կոչերով դուրս ելան Երեւանի փողոցներ: Վարդանը “Դաշինք” ուսանողական շարժման ու համանուն թերթի հիմնադիրներից մեկն էր: Ընկերներն ասում են` Վարդանն ամեն ինչում ղեկավար էր: Նրան հավատում էին, վստահում: Նույն վստահությամբ Երեւանի հրապարակներից շատերը նրան հետեւեցին դեպի Արցախ` Խաչիկ գյուղ, Բերդաձոր, մինչեւ Վարդանի վերջին հանգրվանը` Հասանաբադ: Այսօր արդեն Վարդանին հանդիպելու համար Եռաբլուրի ճանապարհն են բռնում: Վարդան Բախշյանը Հայաստանում սկաուտության վերահիմնադիրներից էր: Նրա օրինակով ու դասախոսություններով երիտասարդներ էին դաստիարակվում 20 տարի առաջ, նաեւ` այսօր: ՀԱՍԿ-ի գրասենյակի նորաբաց սրահն այսուհետ կրելու է Վարդան Բախշյանի անունը, ինչպես պատմության ֆակուլտետի լսարաններից մեկը:

Վերջին 20 տարիներին Գրիբոյեդով համայնքում շատ տղաներ են ծնվել: Նրանից շատերը հպարտությամբ կրում են “Վաչե” անունը: 1991-ի դեկտեմբերի 16-ին Հասանաբադում զոհված Վաչե Ռոստոմյանին համագյուղացիներն այսպես են շնորհակալություն հայտնում: Նաեւ Վաչեի անունով անվանակոչել են դպրոցն ու հուշաքար կանգնեցրել: Հարազատների ականջներում դեռ լսվում է Վաչեի ձայնը: Մի պահ հուզվում են, բայց հետո հիշում Վաչեի անսպառ կատակներն ու ժպտում:

Գագիկ Գրիգորյանի մայրը 20 տարի անց դեռ կրկնում է որդու` իրեն վստահած ամենամեծ երազանքը` ՙպատերազմից հետո 7 օր 7 գիշեր հարսանիք եմ անելու: Հարսանիքը սկսելու ենք Չափար գյուղից ` հայրիկի ծննդավայրից, հետո այն կշարունակենք քո ծննդավայր Գորիսում, որտեղից էլ կգնանք Տաթեւ: Հետո սուրբ քաղաք Էջմիածնում կավարտենք հարսանյաց հանդեսը: Կտեսնես, մամ ջան, այդպես է լինելու, քիչ մնաց մեր հաղթանակին, մենք այս անգամ անպայման հաղթելու ենք: Գագիկը չէր սխալվում, հաղթանակն իսկապես մերն էր, ցավոք իր եւ ընկերների արյան գնով:

1991 նոյեմբերին Տող գյուղում վայրէջք կատարած ուղղաթիռներով Արցախ ժամանած դաշնակցական մարտական խմբում էր նաեւ Արթուր Ղարիբյանը: Ընկերները այսօր արդեն հիշում են` դեկտեմբերի 16-ին խրամատներում ծննդյան տարեդարձն էր տոնում, երբ հայտնեցին` Հասանաբադում հետախուզական հանձնարարության մեկնած ընկերները` Վարդանը, Գագիկը, Վաչիկը զոհվել են: Լուրը խոցեց, բայց խնդրեց ծննդյան առթիվ մի բաժակ խմել: Երեւի զգում էր, որ 26-րդը վերջին տարեդարձն է լինելու:

Արթուրը զոհվեց Շուշիի ազատագրումը տեսած, 1992-ի նոյեմբերին, Մարտակերտում, միանալով իր նահատակ ընկերների: Նրանց համար արդեն ծնունդն ու նահատակությունը նույնն է: Նրանք անմահացել են: Դեկտեմբերի 16-ին խնկարկում են Վարդան Բախշյանի, Գագիկ Գրիգորյանի, Վաչե Ռոստոմյանի, Արթուր Ղարիբյանի շիրիմներին: Խաղաղություն նրանց հոգիներին»: