Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի 14 դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից՝ Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։
Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել շուրջ 491 աշակերտ։ Նախարարությունը, այդուհանդերձ, չի պատասխանել և նրբորեն շրջանցել է Yerkir.am-ի կողմից բարձրացված մի շարք հարցեր, այն է՝ ովքե՞ր են նշված դպրոցներում դասավանդելու թուրքերեն և ադրբեջաներեն, ունե՞ն, արդյոք, համապատասխան որակավորում նշված դասավանդողները, ի՞նչ ծրագրով են դասավանդվում նշված առարկաները և այլն։
Իզուր չէ ասված ժողովրդական հայտնի խոսքը՝ թշնամու լեզուն պետք է իմանալ։ Սակայն հույժ կարևոր է, թե այդ թշնամու լեզուն ուսուցանողն ո՞վ է և ի՞նչ վերաբերմունք է սերմանելու աշակերտի մեջ դեպի թշնամին։
Հաշվի առնելով, թե ինչ «խաղաղասեր» իշխանություններ և հատկապես ԿԳՄՍ նախարար ունենք, որի համար, օրինակ, նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական է և վտանգավոր, չի բացառվում, որ լեզուները դասավանդելուն զուգահեռ աշակերտին սովորեցնեն, օրինակ, որ թուրքը մեր բարեկամն է և մեզ մորթելու, տարածաշրջանից բնաջնջելու դարավոր երազանք չունի։ Իսկ դա թյուրքական հայակործան քաղաքականության պայմաններում լրջագույն հարված կարող է հասցնել ազգային դիմադրողականությանը, հասարակությանը, նոր սերնդին նետել խորը թմբիրի մեջ և դառնալ ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք։
Անի Նահապետյան