Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում վերջին օրերին բուռն կերպով քննարկումներ են ընթանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշման շուրջ, ըստ որի, Հանրակրթական դպրոցների առարկայացանկից «Հայ եկեղեցու պատմությունը», որպես առանձին առարկա, այլեւս չի լինելու: Այս մասին «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ՍԵՊՈՒՀ արքեպիսկոպոս ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
«ՀՀ-ՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՐՈՇ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԻ ՀԵՏԵՎԵԼՈՎ»
– Սրբազան հայր, ինչպես գիտեք, ԿԳՄՍ նախարարությունը կրթական բարեփոխումներ իրականացնելու անվան տակ` մտադիր է կասեցնել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Կիլիկիայի նվիրապետական Աթոռն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:
– Շատ զգայուն հարց է: Հայաստանի կառավարությունն իրեն հատուկ մտածելակերպն ունի եւ սկսել է ձեւավորել այն: Այդ իմաստով, երեւի, այդպես հարմար են գտել, մենք ի՞նչ պետք է ասենք: Մենք կարող ենք խոսել սփյուռքյան իրականության մասին: Սփյուռքում մեր դպրոցներում կրոնը եւ «Հայոց պատմությունը»` «Հայոց լեզվի» կողքին ամենակարեւոր առարկաներն են համարվում, որոնք մեր դպրոցներում դասավանդվում են: Իրանի Իսլամական Հանրապետությունում մեր դպրոցներում դասավանդում ենք «Հայոց լեզվի» կողքին` կրոն եւ «Հայոց պատմություն»: Սա մեր իրավունքն է, որովհետեւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր կանոնադրության` Սահմանադրության մեջ, ազգային փոքրամասնությունների իրավունքները ամրագրված են գրավոր կերպով: Հետեւաբար, մեր կյանքը տնօրինում ենք` համաձայն մեր եկեղեցու կարգուկանոնի եւ օրենքների: Այսինքն` մեր դպրոցներում ազատորեն դասավանդում ենք կրոն, «Հայոց լեզու» եւ նաեւ «Հայոց պատմություն»:
– Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն, որ մուսուլմանական պետության մեջ թույլատրվում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդել, իսկ քրիստոնեական մեր երկրում այն պարզապես հանվում է հանրակրթական ծրագրից:
– Վերջին երկու տարիներին Հայաստանում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում արեւմտյան որոշ կարգուկանոնի հետեւելով: Օրինակ, ես Անգլիայում եմ ուսանել` մոտ 30 տարի առաջ, այդտեղ դպրոցներում դասավանդվում էր «Կրոնական դաստիարակություն» անունով առարկա, որի շրջանակում ուսումնասիրում էին քրիստոնեություն, իսլամ, հինդուիզմ, բուդդիմզ, մովսիսականություն, որպեսզի աշակերտը տեղյակ լինի աշխարհի կրոնների մասին: Չգիտեմ` գուցե հիմա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը այդ ուղղությա՞մբ գնա: Այսինքն` կրոնական դաստիարակություն դպրոցներում դասավանդվի` ներառելով բոլոր կրոնները:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾՆՎԱԾ, ՄԵԾԱՑԱԾ, ԿՐԹՎԱԾ ԱՆՁԸ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ ՄԵԶ ՀԵՏ»
– «Հայ եկեղեցու պատմության» դասվանդման ձեւաչափը փոխելով` արդյոք այն նվազ կարեւորություն չի ձեռքբերի:
– Ես 52 տարվա եկեղեցական եմ եւ ավելի քան 45 տարի Իրաքի, Սիրիայի, Լիբանանի մեր դպրոցներում դասավանդել եմ կրոնագիտություն, հայոց պատմություն, հայոց լեզու, գրաբար, մատենագիտություն: Թեհրանում մենք հայագիտական երեկոյան դասընթացներ ունենք, որտեղ «Հայ եկեղեցու պատմություն» էի դասավանդում եւ միշտ շեշտում էի, որ «Հայ եկեղեցու պատմությունն» անբաժան մասն է մեր ժողովրդի պատմության, որովհետեւ պատմությունը ցույց է տվել մեզ, որ երբ քաղաքական ղեկավարություն չենք ունեցել, եկեղեցին ինքն է եղել ղեկավարը եւ առաջնորդել ու տիրություն է արել մեր ժողովրդին: Անցնող 70 տարիների` Սովետմիության շրջանի «Հայոց պատմության» դասագրքերը եթե աչքի անցկացնեք, հակառակ նրա, որ պետության քաղաքականությունը այդ օրերին հակակրոնական էր, հակաեկեղեցական, բայց մեր պատմաբանները չէին կարող չանդրադառնալ մեր եկեղեցական պատմության որոշ դրվագներին: Օրինակ, Վարդանանց ճակատամարտին, Հայոց գրերի գյուտին, մեր մատենագիրներին, մեր հոգեւոր գրականությանը, որովհետեւ դրանք բոլորը սեփականությունն են եղել, եւ ստեղծագործել են մեր հոգեւոր հայրերը: Պարզ մի օրինակ ասեմ` մինչեւ 17-րդ դարը հայ մատենագիրների մեծ մասը եկեղեցականներ են եղել, մեկ աշխարհական մատենագիր ենք ունեցել` Գրիգոր Մագիստրոսը 10-րդ դարում: Հետեւաբար, երանի թե կարողանան հավասարակշռված ձեւով մոտենալ այս հարցին ու աշակերտներին դասավանդել ե՛ւ «Հայոց պատմությունը», ե՛ւ «Հայ եկեղեցու պատմությունը», ինչը շատ գեղեցիկ կլինի:
– Իսկ եթե «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներառվի «Հայոց պատմության» մեջ, ինչպես առաջարկուն են հայաստանյան կրթության ոլորտի պատասխանատուները, որքանո՞վ է ընդունելի տարբերակ:
– Եթե այս հարցը Հայաստանում որեւէ գիտնականի կամ պատմաբանի տաք, թերեւս տարբեր ձեւով կբացատրի, իսկ մենք, որ սփյուռքյան իրականության մեջ ենք ծնվել, մեծացել, այլ կերպ կպատասխանենք: Սփյուռքում «Հայ եկեղեցու պատմությունը»` «Հայոց պատմության» հետ միասին ներդաշնակ ձեւով դասավանդելն առավելություն է` տվյալ պետության, տվյալ իշխանության կողմից, որտեղ ապրում ենք: Դեռեւս 5-րդ դարում մեր հայրերը հայտարարել են, որ մեր Ավետարանը, որպես մեր հայր ենք ընդունում, իսկ մեր եկեղեցին` որպես մեր մայր, քանզի Ավետարանը մեր հայրն է եղել, իսկ եկեղեցին` մեր մայրը: Հետեւաբար, սփյուռքյան իրականության մեջ, հատկապես իսլամական աշխարհում մեր պատմությունը երանգավորված է քրիստոնեական կրոնով եւ հավատքով: Բայց այդ միախառնումի հետ Հայաստանում ծնված, մեծացած, կրթված անձը կամ եկեղեցականն ու դասախոսը, թերեւս չի համաձայնի, որովհետեւ հայրենիքում «Հայոց պատմությանը» ոչ թե պետք է խառնվի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ու լուսանցքում հայտնվի, այլ իրական ու վավերական ձեւով կարեւորվի:
«ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՆ Է»
– Որպես երկար տարիների թեմի առաջնորդ` ի՞նչ կարող եք հորդորել հայրենի իշխանություններին` կրթական նման փոփոխությունների հետ կապված:
– Աշխարհն այս օրերին տագնապած է կորոնաժահրից, պետություններ, երկրներ, ժողովուրդներ իրար են անցել` այս վարակի դեմ պայքարելու համար եւ տակավին չեն կարողացել լուծման հանգել: Աստվածաստեղծ մարդն այսօր պատերազմում է մահվան դեմ, որեւէ մի մարդ արարած մահվան իրականության առջեւ այդքան ավելի մոտ ինքն իրեն չի զգացել: Այս իրականության առաջ կանգնած` կարծում եմ, որ հայրենի մեր ժողովուրդը, պետությունը, պատասխանատուները, եկեղեցին, բոլորը մեկ ուղղությամբ պետք է աշխատեն` միասնական ոգով, համախմբմամբ դիմագրավելով մեր առջեւ պատնեշվող դժվարություններին:
– Ըստ Ձեզ, ինչո՞ւ է վերջին երկու տարիներին անընդհատ իշխանության թիրախում հայտնվում Հայ առաքելական սուրբ եկեղեցին ու հոգեւորականությունը: Եթե հիմա «Հայ եկեղեցու պատմություն» առարկան է «խնդիր» դարձել, ժամանակին էլ այլ պատճառներ էին գտնվում:
– Կարծում եմ` հիմնական պատճառը երկխոսության պակասն է: Աշխարհի բոլոր հարցերը կարելի է բերել սեղանի շուրջ եւ իրար հետ երկխոսելով` լուծել: Մարդկության պատմության մեծագույն փորձառությունը ցույց է տվել, որ մարդիկ տարիներով պատերազմել են, եղել է համաշխարհային Առաջին պատերազմ, Երկրորդ պատերազմ, բայց զենքով, ուժով որեւէ մի հարց չի լուծվել: Վերջիվերջո, նորից եկել են, սեղանների շուրջ են նստել եւ փոխադարձ երկխոսությամբ, զիջումներով կարողացել են իրենց հարցերը լուծել: Անլուծելի հարց չկա, բավ է, որ մարդը բարի կամեցողություն ունենա, եւ այդ բարի կամեցողությամբ աշխատի, գործի: Մենք փոքր ազգ ենք եւ պարտավոր ենք փոխադարձ հասկացողությամբ իրար երես նայել, ձեռք ձեռքի տալ եւ գործել: Սա, եթե կարելի է ասել, իմ հորդորն է ոչ միայն Հայաստանի մեր ժողովրդին, այլ ամբողջ աշխարհում ցրված մեր ժողովրդի զավակներին:
«ԱՂՈԹՈՒՄ ԵՄ ԱՄԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ»
– Նորություն ասած չենք լինի, որ Իրանը Հայաստանի համար ունի առանցքային դերակատարություն: Ինչպե՞ս կգնահատեք հայ-իրանական հարաբերություններն այսօր:
– Հաճախ, երբ հայաստանյան պատվիրակությունները այցելում են առաջնորդարան` ինձ հետ հանդիպելու, միշտ շեշտում եմ, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը նպաստում է ոչ միայն երկու երկրների մեջ խաղաղության ամրապնդմանը, այլ նաեւ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման եւ հարաբերությունների առավել զարգացմանը:
– Ի՞նչ իրավիճակ է տիրում տեղի հայ համայնքում` կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված:
– Այս կորոնավիրուսը հայ, ասորի, իրանցի, անգլիացի ու ֆրանսիացի չի ճանաչում, հետեւաբար անխնա հարվածում է: Այստեղ, անշուշտ, որքանով մեր պայմանները ներում են, մեր համայնքային կառույցների միջոցով փորձում ենք հնարավորինս մեր ժողովրդի զավակներին օգնել, որովհետեւ անգործությունը եւ տնտեսական ծանր վիճակը շատերին աղքատության շեմին է հասցրել: Հետեւաբար, աշխատում ենք, որքան հնարավոր է մեր ժողովրդի այդ զավակներին աջակցել: Այս կապակցությամբ` կարելիության սահմաններում պետությունն էլ հնարավորինս օգնում է մեզ, բայց կարիքն այնքա՜ն շատ է, որ ծով կարիք կա:
– Շնորհակալ եմ զրույցի համար: Աստված օգնական, սրբազան հայր:
– Հաջողություն, ուժ եւ կարողություն եմ մաղթում եւ աղոթում եմ ամեն մարդու իրավունքի հաստատման համար: Աստված պահապան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ