կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 21:30
Աշխարհ Տարածաշրջան

Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել

Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրել

Բաթումիում՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի նախաձեռնությամբ, կայացել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների առաջին համատեղ հանդիպումը։ Տեղեկությունը տարածում է Արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Թուրքմենստանի Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին, Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաևը, Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինը և Ուզբեկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բախտիյոր Սաիդովը։

«Հանդիպմանը նախարարները խոսել են Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների գործընկերային հարաբերությունների դինամիկայի մասին։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության և ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ուժեղացման հարցը։ Այս համատեքստում նշվել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։

Ընդգծվել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների դերը Եվրոպայի և Ասիայի միջև կապերի ամրապնդման ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» հարցին և դրա ներուժն ամբողջությամբ օգտագործելու կարևորությանը։

Քննարկվել են Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորությունները։

Ընդգծվել է Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների առաջին համատեղ հանդիպման կարևորությունը երկրների միջև գործընկերության հետագա ամրապնդման համար, և պատրաստակամություն է հայտնվել շարունակելու համագործակցությունը նշված ձևաչափում», — ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ Aliq.ge։